ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ նիստ Մոսկվայում. «տեմպը չկորցնելու» պատասխանատուն Հայաստա՞նն է

Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միջկառավարական խորհրդի նիստը, որն, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, պետք է անցկացվեր ՀՀ մայրաքաղաք Երևանում, տեղի չի ունենա: Փոխարենը նիստի անցկացման վայրը տեղափոխվեց Մոսկվա: Այս առնչությամբ ավելի վաղ Armenpress-ը պարզաբանում էր խնդրել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանից: Հարցին, թե արդյոք կա՞ որոշում ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրի փոփոխության մասին, վերջինս պատասխանել էր. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան  հեռախոսազրույց է ունեցել ԵԱՏՄ մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ, ով առաջարկել է  ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա: Այս առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա և հավելել է, որ եթե մյուս վարչապետերի կողմից որոշում  լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»:

Իրավիճակն ավելի պարզ հականալու համար փորձենք պարզել, թե հիշյալ կառույցում ինչպես է որոշվում նիստերի անցկացման վայրն ու ժամանակը, ինչ պայմաններում և ում կողմից այն կարող է փոփոխվել և ինչ հետևանքներ կարող է ունենալ:  

Նախ նշենք, որ ԵԱՏՄ Միջկառավարական խորհուրդն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից բաղկացած մարմին է (Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, հոդված 14), որտեղ որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են կոնսենսուսի միջոցով (ԵԱՏՄ մասին պայմանագիր, հոդված 17.2)։ Միջկառավարական խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին երկու անգամ (ԵԱՏՄ մասին պայմանագիր, հոդված 15.1)։

Ինչ վերաբերում է նիստերի անցկացման վայրի ու ժամկետների որոշմանը, ապա այս հարցերը կարգավորվում են արդեն մեկ այլ փաստաթղթով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Высший Евразийский Экономический Совет)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի կազմակերպման կարգի վերաբերյալ 2014թ. նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ (О Порядке организации проведения заседаний Евразийского межправительственного совета):

Վերոհիշյալ փաստաթղթի 2-րդ հոդվածը նշում է, որ ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստերը կարող են անցկացվել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկում: Այդ թվում՝ նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին երկու անգամ, իսկ հերթական նիստի անցկացման վայրն ու ժամանակը որոշվում է Միջկառավարական խորհրդի նախկին նիստի ժամանակ (հոդված 3): Նախապես որոշված վայրում (ժամկետներում) Միջկառավարական խորհրդի նիստի անցկացման անհնարինության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը, Միջկառավարական խորհրդի անդամների համաձայնությամբ, Միջկառավարական խորհրդի նախագահին (2016թ. հունվարի 1-ից՝ Ղազախստան) առաջարկություն է ներկայացնում՝ նիստի անցկացման նոր վայրի (ժամկետների) վերաբերյալ: Սա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի կազմակերպման կարգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշմամբ նախատեսված միակ դեպքն է, որ նախատեսում է նախապես որոշված վայրի ու ժամկետների փոփոխություն: Եվ այստեղ շատ տրամաբանական մի հարց է առաջանում, թե որքանո՞վ է վերոհիշյալ դրույթը կիրառելի մեր պարագայում:

Ըստ էության, Միջկառավարական խորհրդի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու նախաձեռությունը գալիս է Ղազախստանից: Համաձայն ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության՝ վերջինս դա բացատրում է այն հանգամանքով, որ նման պայմաններում (սահմանային աննախադեպ լարվածության) Երևան այցելելը կընկալվի որպես կողմնակալ դիրքորոշում, ինչը խիստ սուբյեկտիվ և վիճելի դրույթ է: Այսինքն` նիստի անցկացման անհնարինությունը պայմանավորվում է միայն անդամ պետություններից մեկի, կամ մի քանիսի սուբյեկտիվ ընկալումներով: Այնինչ ոչ բոլորի համար է այդ ամենը տեղավորվում «անհնարինություն» ասվածի ներքո: Ինչևէ, որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է իր անհամաձայնությունը հայտնել նման որոշմանը և պարզապես հրաժարվել Մոսկվա մեկնելուց, ինչը, սակայն, անուղղակիորեն կնշանակի նիստի տապալում, քանի որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են կոնսենսուսի միջոցով (ԵԱՏՄ մասին պայմանագիր, հոդված 17.2), ինչը նշանակում է, որ բոլոր հինգ վարչապետների ներկայությունը պարտադիր է:

Ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նիստի տեղափոխման առնչությամբ հայկական կողմի մտահոգությունները ներկայացրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ինչին ի պատասխան Մեդվեդևը նշեց՝ «Ինչ-որ տեղ, երևի թե, նրանց (նիստի տեղափոխությունը նախաձեռնողների) պահելաձևը և որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու»: Ստացվում է, որ Ղազախստանում այնքան էլ լավ չեն հասկանում ինչն ինչոց է, իսկ գուցե նրանց պահանջին ի պատասխան Մոսկվայից բացատրեի՞ն, թե իրականում ինչ է կատարվում, նիստի վայրը Երևանից Մոսկվա տեղափոխելու փոխարեն: Ինչևէ, Մեդվեդևն իր միտքը եզրափակում է հետևյալ նախադասությամբ՝ «Հիմա ամենակարևորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ»: Սա արդեն, կարծես թե, Հայաստանին էր ուղղված, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, մեր հրաժարվելու դեպքում ոչ մի նիստ էլ տեղի չի ունենա, իսկ եթե անգամ տեղի ունենա, ապա ոչ մի որոշում չի կարող ընդունվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: