ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու մի քանի մեխանիզմ կա. իրավագետ

 

«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Ի Էլ էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ:

 

 

Պարո´ն Սիմոնյան, արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել միայն որպես խախտված իրավունքների վերականգնման երաշխիք:

-   Միայն ճանաչումը չէ, որ կարող է վերականգնել խախտված իրավունքները: Ցեղասպանության ճանաչումից  զատ պետք է նաև միջազգային պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որքեր կազմակերպել և իրականացրել են ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության պարագայում, քանի որ այդ մարդիկ ֆիզիկապես գոյություն չունեն, դրա հետևանքները պետք է կրի այն պետությունը, որի քաղաքականության շրջանակներում է տեղի ունեցել Ցեղասպանությունը, տվյալ պարագայում՝ Թուրքիայի Հանրապետությունը: Միայն պատասխանատվություն կրելուց, խախտված իրավունքները վերականգնելուց հետո կարող ենք խոսել այն մասին, որ հանցագործությունը պատժվել է:

Ինչ վերաբերում է ճանաչմանը, ապա այն ավելի շատ քաղաքական և հոգևոր խնդիրներ է լուծում: Զուտ իրավական խնդիրներ կլուծի, եթե պետությունը՝ Թուրքիայի Հանրապետությունը, պատասխանատվության ենթարկվի: Դրանք կարող են զուգահեռ կամ մեկը մյուսին հաջորդող գործընթացներ լինել: Սակայն մի բան պարզ է և հստակ. ինչ գործընթացներ էլ որ դրանք լինեն՝ զուգահեռ, թե հաջորդական, պետք է մեր պետական քաղաքականության մաս կազմեն: Այսինքն, ինքներս պետք է որոշենք, թե որ ուղղությամբ ենք ցանկանում ընթանալ և ինչու:

 

Իրավական տեսանկյունից որո՞նք պետք է լինեն մեր քայլերը՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար:

-  Սա պատկերացնելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ հնարավոր մեխանիզմներ կան Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մեխանիզմներից է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), այն հիմքով, որ Ցեղասպանության ենթարկված անձանց ժառանգները գան և պահանջեն իրենց սեփականության իրավունքի վերականգնումն այսօրվա Թուրքիայի տարածքում և սպառելով Թուրքիայում դատական պաշտպանության իրավունքը՝ դիմեն ՄԻԵԴ և այդ դատական ատյանի միջոցով փորձեն  վերականգնել իրենց սեփականության իրավունքը:

Մյուս մեխանիզմը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, որտեղ Թուրքիային տանելու համար անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը, որովհետև Թուրքիան, ինչպես և Հայաստանը չեն ընդունել դատարանի իրավասությունը բոլոր դեպքերում: Նրանք հենց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի շրջանակներում են ընդունել դատարանի իրավասությունը, բայց այս կոնվենցիան ընդունվել է 1948թ-ին և հետադարձ ուժի հարց չի ծագում:

Կարող ենք Արդարադատության միջազգային դատարան դիմել նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի միջոցով, այսինքն ՄԱԿ ԳԱ-ն ինքը դիմի  Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելու խորհրդատվական եզրակացություն այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Օսմանյան կայսրության շրջանակներում տեղի ունեցած այս-այս գործողությունները Ցեղասպանություն են և թե ինչպես պետք է կազմակերպվի Թուրքիայի կողմից փոխհատուցումը: Սրա արդյունքում կարող ենք ունենալ խորհրդատվական եզրակացություն, որը պարտադիր կատարման չէ, սակայն նման որոշումները միջազգային իրավունքում մեծ դեր և նշանակություն ունեն և իրենց հեղինակության ուժով ենթարկվում են կիրառման:

Լինում են նաև առանձին դեպքեր, երբ ad-hoc տրիբունալներ, դատարաններ են ստեղծվում կոնկրետ խնդիրը լուծելու համար, բայց այստեղ նույնպես պետք է Թուրքիայի Հանրապետության համաձայնությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: