ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային անդրադարձը Հայոց ցեղասպանությանն ու «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Ապրիլի 24-ին համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և ոգեկոչման արարողություններին։

Ամերիկյան Huffington Post-ը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերջապես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրա մերժումը պարզապես «քաղաքական խաղ» անվանելով: «Ցեղասպանություն եզրի օգտագործման մերժումը շուրջ մեկ դար առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած դաժանությունները նկարագրելու համար շատ վատ է, բայց նախագահական ընտրությունների ընթացքում տրված խոստումը հետո դրժելը բոլորովին այլ պատմություն է»,- գրում է հեղինակավոր թերթը։

Բրիտանական Reuters գործակալությունն էլ, իր հերթին, առանձին տեղ հատկացնելով նաև Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության քննադատությանը, գրել է, որ Թուրքիայում և, մասնավորապես, Ստամբուլում ապրող ստվար հայկական համայնքը մտահոգված է հնարավոր քաղաքական ճնշումների համար և կարծում են, որ մի օր թուրքական իշխանությունները կստիպեն նրանց լքել երկիրը:

Ցեղասպանության հիշողության հետ մեկտեղ, միջազգային մամուլն անդրադարձել է նաև ապրիլի 24-ի երեկոյան Երևանում անցկացված «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությանը։

Բրիտանական The Guardian-ը ծավալուն անդրադարձ է կատարել՝ շեշտը դնելով օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի՝ ընտրող հանձնաժողովի համանախագահ լինելու հանգամանքի, արարողության ժամանակ նրա հնչեցրած խոսքի վրա. «Պարզ ճշմարտություն է՝ մեզնից ամեն մեկն այստեղ կանգնած է ինչ-որ մեկի բարության շնորհիվ: Շնորհիվ այն բանի, որ նրանք մեզնից երես չթեքեցին, երբ մենք կարիքի մեջ էինք: Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ. մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին մեզնից հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատևել իբրև տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից: Նրանց ասում են փախստականներ, բայց նրանք սովորական մարդիկ են՝ մեզ պես»:

The Independent-ը գրում է, որ Քլունին ոգեկոչել է 1915 թվականին սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակը՝ հանձնելով 1 միլիոն դոլարի մրցանակ Բուրունդիից կնոջը, ով քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստան է տրամադրել հազարավոր որբերի։ Լրատվամիջոցն անուհետև նշում է, որ «1915 թվականի ապրիլի 24-ին հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին կոտորածն է համարվում»։ The Independent-ը նշում է, որ մրցանակը հանձնելուց առաջ Քլունին հիշեցրել է հանդիսատեսին Հիտլերի խոսքերը., թե ո՞վ է հիշում հայերին: «Պատասխանն է՝ ողջ աշխարհը»,- ասել է Քլունին։

DailyMail-ն, անդրադառնալով Քլունիի այցին, գրում է. «Հոլիվուդյան աստղը և մարդու իրավունքների պաշտպանը Երևանում հազարավոր հայերի հետ շարժվել է դեպի հուշահամալիր` հիշատակելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»:

The Telegraph-ը, նույնպես ներկայացնելով մրցանակաբաշխությունը, նշել է, որ դերասանը, ով քարոզարշավ է անցկացրել ողջ աշխարհում բռնություններին վերջ դնելու համար, իր խոսքում անդրադարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամին։

Mirror պարբերականը գրում է, որ Քլունին օգտագործում է «մամուլի ճնշող ուշադրությունը բարձրաձայնելու համաշխարհային անարդարությունը»: Պարբերականը նշում է, որ Հայաստանում հատկապես շատ են սիրում Ջորջի Քլունիի կնոջը` Ամալին, ով նախկինում աշխատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Ջորջ Քլունին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը». նման կերպ է վերնագրել իր հոդվածը ամերիկյան CBS Los Angeles կայքը` նշելով, որ հոլիվուդյան աստղն իր ձայնն է բարձրացնում հանուն Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության ճանաչման:

Իսկ ահա New York Times-ը գրել է. «Աֆրիկայում մանկատան հիմնադիրը արժանացել է մրցանակի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության»:

Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Մարգարիտ Բարանկիցեն հռչակվել է «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ հերոսության, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով և խնամելով որբերին ու փախստականներին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: