ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջողվի՞ արդյոք անցնել Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը

Վիեննայի հանդիպման կարևորությունն ու արդյունավետությունն, առաջին հերթին, չափվելու են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հաջողությամբ:

Վիեննայում մայիսի 16-ին ուշ երեկոյան տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր է դիտարկել մի քանի տեսանկյունից:

Առաջին, այս հանդիպումն էական կարևորություն ուներ ԼՂՀ-ի նկատմամբ ապրիլին Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից հետո գործընթացը բնական հուն վերադարձնելու տեսակետից: Ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրանից հետո 1994 և 1995թ. հրադադարի համաձայնագրերից հրաժարվելու Ադրբեջանի փորձերը կասկածի տակ էին դրել ամբողջ տարածաշրջանի և մասնավորապես՝ Ղարաբաղյան կարգավորման համար ամենակարևորը՝ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը: Համաձայնագրերի կնքումից ի վեր ականատես էինք եղել տարբեր սրացումների և ադրբեջանական զանազան պրովոկացիաների, սակայն նման լայնամասշտաբ հարձակում երբևէ չէր գրանցվել: Չնայած Ադրբեջանին չհաջողվեց հասնել էական հաջողությունների, և նրա ծրագրերը ձախողվեցին՝ Բաքուն փորձեց, այնուամենայնիվ, դիվիդենտներ քաղել գործընթացից: Ձեռնարկվեցին մի շարք քայլեր, որպեսզի սրացումից հետո ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերած բանավոր համաձայնությունը սկսի ընկալվել որպես բանակցությունների նոր հիմք, և չեղարկվեն 1994 և 1995թ. եռակողմ համաձայնագրերը: Այդ կերպ Բաքուն փորձում էր վերջնականապես դուրս մղել ԼՂՀ-ին բանակցային սեղանից՝ նաև չեզոքացնելով բանակցային գործընթացի որոշակի փուլում նրա ներգրավման հնարավորությունը:

Չնայած Վիեննայի հանդիպման արդյունքներն ամփոփող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ չի ամրագրվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հավատարմությունը 1994թ և 1995թ համաձայնագրերին, այլ նշվում է միայն, որ «նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»՝ համանախագահներն իրենց կողմից շեշտում են «1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարևորությունը»: Սա ցույց է տալիս, որ միջնորդների համար Ադրբեջանի մոտեցումն ընկալելի չէ, և այս երկու գրավոր համաձայնագրերը շարունակելու են հիմք հանդիսանալ կարգավորման և հրադադարի պահպանման համար:

Երկրրորդ, Վիեննայի հանդիպման ընթացքում չի քննարկվել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը: Հանդիպման հիմնական նպատակն է եղել վերադարձնել կողմերին բանակցային սեղան և որոշել հետագա քայլերը՝ քաղաքական կարգավորման հասնելու համար: Առաջնային խնդիրը, բնականաբար, կողմերի միջև վստահության վերականգնումն է, ինչի մասին նախքան հանդիպումը հայտարարել էին նաև ՀՀ նախագահն ու ՀՀ ԱԳ նախարարը: Հնարավոր չէ բանակցել քաղաքական կարգավորման և փոխադարձ զիջումների մասին, եթե չկան պատերազմի չվերսկսման հստակ երաշխիքներ: Այդ նպատակով հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել հնարավորինս արագ կյանքի կոչել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների կիրառման գաղափարը: Սա, ըստ էության, վերջին շրջանում առավել քննարկվող վստահության միջոցառումներից մեկն է, որին բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, տվել էին իրենց համաձայնությունը: Միջնորդ երկրների նման բարձր մակարդակով այս պահանջի ամրագրումն ու նախագահների հանդիպման ժամանակ դրա հաստատումը լուրջ հարված է Ադրբեջանի համար և զգալիորեն նվազեցնում է այս պահանջի կատարումից խուսանավելու նրա հնարավորությունը:

Զուգահեռաբար, փորձագետների կողմից փորձ է արվում  հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտության ամրագրումը ներկայացնել որպես Հայաստանի պահանջի կատարում, նույնիսկ որոշակի զիջում Հայաստանին: Սակայն, իրականում, սա ընդամենը քաղաքական գործընթացի տրամաբանությամբ թելադրված քայլ է, և պատերազմի չվերսկսման երաշխիքները չեն կարող դիտարկվել որպես ռեվերանս Հայաստանին: Առավել ևս, հայկական բանակն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ցույց տվեց, որ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու Ադրբեջանի երկարամյա շանտաժն անտեղին է, ու պատերազմը չի բերում կողմերից ոչ մեկի համար ցանկալի արդյունքներ: Ուստի, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմները հավասարապես կարևոր են հակամարտության բոլոր կողմերի և, առաջին հերթին, ընդհանրապես խաղաղ կարգավորման համար:

Վստահության միջոցների կիրառումը Հայաստանը չի սահմանել որպես իր նպատակ կամ բանակցությունների նախապայման: Պարզապես բարձրաձայնվել են այն պայմանները, որոնք կարող են անհրաժեշտ մթնոլորտ ապահովել քաղաքական բանակցությունների համար:

Ինչպես նշվեց Վիեննայում, ակնկալվում է, որ հունիսին տեղի կունենա նախագահների հաջորդ հանդիպումը՝ արդեն քաղաքական կարգավորման շուրջ: Դատելով միջնորդների մասնակցության բավական բարձր մակարդակից ՝ ՌԴ ԱԳ նախարար, ԱՄՆ Պետքարտուղար և Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, կարելի է եզրակացնել, որ նրանք տրամադրված են լուրջ ջանքեր գործադրել իրավիճակն առաջ մղելու համար: Չի բացառվում, որ նրանք փորձեն քաղաքական կարգավորման ներքո ևս հնարավորինս շուտ հասնել հստակ պայմանավորվածությունների:

Անդրադառնալով միջնորդությանը՝ նշենք, որ ապրիլյան սրացումից հետո կրակի դադարեցման հարցում և կողմերի հետ քննարկումների գործընթացում անկհայտորեն աչքի էր ընկնում Ռուսաստանի ակտիվությունը: Վիեննայում իրավիճակի որոշակի բալանսավորման բերվեց և նշվեց, որ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմից միջնորդությամբ, ինչը նպատակ էր հետապնդում ցույց տալ, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս համանախագահներն էլ են լուրջ տրամադրված բանակցային գործընթացի առաջընթացի հարցում։ Միաժամանակ, Վիաննայի հանդիպումը տեղ չի տալիս բացառելու հետագայում՝ քաղաքական կարգավորման գործընթացում Ռուսաստանի հատուկ դերակատարությունը:

Այսպիսով, ապրիլյան պատերազմն Ադրբեջանին էական դիվիդենտներ չբերեց, բոլոր կողմերին պատճառեց ծանր մարդկային կորուստներ և ավելի սասանեց առանց այն էլ գրեթե գոյություն չունեցող վստահության մթնոլորտը: Կհաջողվի՞ արդյոք միջնորդներին այժմ դուրս բերել բանակցային գործընթացը փակուղուց և առաջընթաց ապահովել քաղաքական կարգավորման հարցում, մեծապես կախված է լինելու Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու և պայմանավորված վստահության միջոցները կյանքի կոչելու այդ թվում՝ միջնորդների քաղաքական կամքից: Եթե ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմները չգործեն և չլինեն պատերազմի չվերսկսման գործուն երաշխիքներ՝ պարզապես անտրամաբանական կլինի ակնկալել փոխզիջումեր և քաղաքական կարգավորման առաջընթաց: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: