ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-ռուսական հարաբերություններում պարզաբանումների փուլ է սկսվել

president.am

Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպումից և փոխվստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, կարծես թե սկսվել է ապրիլյան իրադարձությունների շրջանում հնչող հարցերի պարզաբանումների փուլը: Սա առավելապես վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, որոնք ինչ-որ պահի ադրբեջանական կողմից փորձ արվեցին հավասարեցվել Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությանը: 

Իսկ ի՞նչ մակարդակով հնչեցին այդ պարզաբանումները և մասնավորապես ինչի՞ վերաբերյալ էին դրանք:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է շարունակել զենք մատակարարել Ադրբեջանին այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ Մոսկվան մեծ քանակությամբ զենք է վաճառել Բաքվին, Ռոգոզինը նշեց, թե  «ամեն ինչ պայմանագրի համաձայն է արվում։ Երկու կողմերն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»: Ավելին, նա նաև հավելեց, որ «կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ»:  Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող Հայաստանի հանրության շրջանում այդ պատասխանն առաջացրեց հակառուսական տրամադրություններ, ինչի խորացումը, սակայն, որևէ կերպ չէր կարող բխել Ռուսաստանի շահերից: Չէ՞ որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ Ռուսաստանին ապացուցել է իր հավատարիմ ռազմավարական դաշնակից լինելու հանգամանքը, և Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին Հայաստանի հետ հարաբերությունների թուլացումը որևէ կերպ չէր կարող բխել Ռուսաստանի շահերից: Ռոգոզինի՝ աղմուկ բարձրացրած այս հայտարարությունը պաշտոնական Մոսկվան պարզաբանեց ավելի քան մեկ ամիս անց: Մայիսի 20-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկին հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերությունները ճիշտ չէ դիտել նույն մակարդակի վրա:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մյուս բավականին շատ քննարկվող հարցը Հայաստանին Ռուսաստանի կողմից պաշտպանական բնույթ կրող զենքի մատակարարման ուշացումն էր հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ էր սկսել ԼՂՀ դեմ: Ռուսական կողմի պնդումներով ուշացման պատճառը զուտ տեխնիկական է, ինչը, սակայն,  հայկական կողմի համար որևէ կերպ չէր կարող լինել բավարարող պատասխան՝ հաշվի առնելով հակառակորդի՝ կրկին արկածախնդության դիմելու հավանականությունը: Այս հարցին փորձ արվեց պատասխանել մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քննարկել են Հայաստանին տրամադրվող ռուսական զենքի հարցը և ամեն ինչ ընթանում է ըստ պլանի:

Ակնհայտ է, որ քանի դեռ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Հայաստանում  սկսել էին  դժգոհություններ հնչել ռազմավարական դաշնակցից՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձելու էր օգտվել «հարմար առիթից»՝ ողջ ուժով գործի դնելով իր քարոզչամեքենան: Ռուսաստանի նկատմամբ հնչող դժգոհությունները ներկայացնելով որպես Ռուսաստանի՝ Ադրբեջանին  սատարելու արդյունք՝ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ֆոնային էֆեկտ ստեղծել՝ ցույց տալու իրենց դիրքերի «ամուր» լինելը: Այս մասին է վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Հայաստանին հին զենքեր է վաճառում, մինչդեռ Ադրբեջանը զինված է ժամանակակից զիտեխնիկայով: Այս հայտարարությունն արվել է մայիսի 4-ին՝ քառօրյա պատերազմից ընդամենը մեկ ամիս անց: Պարզվում է, մեկ ամիսը բավական էր, որպեսզի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոռանար մարդկային և զինտեխնիկայի այն կորուստները, որոնք իրենք կրեցին ապրիլին: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ հնչող դժգոհություններին, ապա դրանց համար օբյեկտիվ հիմքեր իսկապես կային: ԼՂՀ դեմ Ադրբեջանն իրականացրեց ագրեսիա՝ այդ թվում օգտագործելով վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանից ձեռք բերված զինատեսակները: Ավելին, այս ագրեսիան ոչ միայն մեծ արագությամբ չկանխվեց, այլև թե´ համանախագահների կողմից ընդհանրապես, թե´ Ռուսաստնի կողմից, որը հանդիսանում է 1994թ-ի զինադադարի պայմանագրի միջնորդ կողմ, չհնչեցին հասցեական կոչեր դադարեցնելու ագրեսիան և պահպանելու հրադադարը: Հասցեական կոչեր չհնչեցին նաև Վիեննայում, չեն հնչում այժմ ու չնայած հայ-ռուսական հարաբերություններում արված մի շարք պարզաբանումներին՝ դեռևս  իրերն իրենց անուներով կոչելու կարիք կա: 

Հաշվի առնելով այս ամենը, սակայն, պետք է փաստել, որ ռուսական կողմից բարձր մակարդակի թե՛ այցելությունները Հայաստան, թե՛ հնչող հայտրարությունները վկայում են, որ առնվազն այսօր որևէ առիթ չկա հարցականի տակ դնելու հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային լինելու հանգամանքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: