ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԺԿ-ն 40 տարեկան է. ԵԺԿ-Հայաստան համագործակցություն (տեղեկանք)

armradio.am

Լյուքսեմբուրգում մայիսի 30-ին գումարվում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության հոբելյանական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվրոպայի ամենամեծ քաղաքական միավորումներից մեկը համարվող այս կուսակցությունը հիմնադրվել է 1976 թվականին, որպես աջ կենտրոնամետ ուժ:

ԵԺԿ-ն ներկայացված է Եվրոպական միության քաղաքական բոլոր ինստիտուտներում, այս կուսակցության անդամներն են նախագահում Եվրոպական խորհրդում (խորհրդի 28 անդամից 8-ը ներկայացնում է ԵԺԿ-ն) և Եվրահանձնաժողովում (28 անդամից՝ 14-ը): Այն 1999 թվականից Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է. այժմ ներկայացված է 265 պատգամավորով: ԵԺԿ-ն մեծամասնություն է կազմում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Կուսակցությունն իր մեջ ներառում է Եվրոպայի քրիստոնեա-դեմոկրատական, ազգայնական, պահպանողական և այլ կուսակցություններ: Այն բաղկացած է 40 երկիր ներկայացնող 75 կոլեկտիվ անդամից և ազգային կուսակցություններից: ԵԺԿ-ն 2013 թվականից նախագահում է Ժոզեֆ Դոլը:

Հայաստանից ԵԺԿ-ում ներկայացված է երեք կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական, «Ազգային վերածնունդ» և «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք միացել են կուսակցությանը 2012 թվականի փետրվարի 9-ից՝ դիտորդ-անդամի կարգավիճակով:

 ԵԺԿ-ն, որպես Եվրոպայի ազդեցիկ քաղաքական միավորում, նպաստում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու երկխոսության ակտիվացմանը:

Պետք է նշել, որ ԵԺԿ-ում հայկական կուսակցությունների առկայությունը դրականորեն է անդրադառնում նաև միջազգային կազմակերպություններում և ընդհանրապես միջազգային օրակարգում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին առնչվող հարցերի առաջմղմանը: Մասնավորապես,  2015 թվականի մարտի 3-ին Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձև, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև նյութական և բարոյական հատուցում ապահովել:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնեց նաև Արցախի հանդեպ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի վերաբերյալ: «Անհրաժեշտ ենք համարում գործնական քայլեր ձեռնարկել անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները, ռազմական ուժերը դուրս բերել իրենց նախկին դիրքերը, որում գտնվում էին 2016-ի ապրիլի 1-ին»,-ասվում է այս կապակցությամբ ԵԺԿ ընդունած բանաձևում:

Նշենք նաև, որ ԵԺԿ պատգամավոր Ֆրենկ Էնգելը գլխավորում է Եվրամիություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամական շրջանակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: