ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը. քաղաքական դիմանկար

Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ի հանրաքվեի ժամանակ քաղաքացիների 51,9 տոկոսն արտահայտվեց երկիրը Եվրոպական միության կազմից դուրս բերելու օգտին: Կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավար և վարչապետ Դեյվիդ Քեմերոնն արդյունքների հայտարարումից հետո հայտնեց իր հրաժարականի մասին՝ նշելով, որ Մեծ Բրիտանիային հարկավոր է «նոր և թարմ առաջնորդ», որը կտանի Մեծ Բրիտանիան արդեն ուրիշ ճանապարհով:

Չնայած Քեմերոնը հանրաքվեի նախօրեին խոստացել էր, որ անկախ արդյունքներից, առայժմ կմնա իր պաշտոնին և չի թողնի երկիրը քաոսի մեջ, բրեքզիթի հենց հաջորդ օրը նա լքեց իր աթոռը՝ հայտարարելով, որ ճիշտ չի լինի ինքը շարունակի կապիտանի դերում հանդես գալ, երբ նավն արդեն լրիվ այլ ուղղությամբ է ընթանալու:

Ամեն դեպքում, քաղաքական վերլուծաբանները բացատրում են, որ նման կտրուկ և հապշտապ որոշումն իրականում պայմանավորված էր այն «քաղաքացիական դաժան պատերազմով», որը տեղի էր ունենում իր իսկ կուսակցության ներսում: Պահպանողականներից Բորիս Ջոնսոնը, Մայքլ Գովը և մի շարք այլ երբեմնի համակուսակից ընկերներ, ովքեր միշտ համախոհ էին Քեմերոնի հետ, այժմ նրա դեմ դուրս եկան և ներկուսակցական մթնոլորտն այնչափ լարվեց, որ այլևս անտանելի էր Քեմերոնի համար, վստահ են փորձագետները:

Եվ ահա այդ «նոր ու թարմ առաջնորդը» ստիպված էր լինելու գործ ունենալ խորապես պառակտված կուսակցության և խորհրդարանի հետ, որի անդամների զգալի մասը կողմ էին ԵՄ կազմում մնալուն:

Բրեքզիթից հետո առաջին իսկ օրերին բրիտանական Ֆունտ ստեռլինգն  արդեն 9 տոկոսի անկում էր  գրանցել դոլարի նկատմամբ և 13 տոկոսի անկում՝ճապոնական իենի նկատմամբ:

Ինչ վերաբերում է քաղաքական հետևանքներին, ապա Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեն համարվում է թիվ մեկ սպառնալիքը: Հյուսիսային Իռլանդիան նույնպես ցանկություն է հայտնել հանրաքվեով անջատվել Մեծ Բրիտանիայից և միանալ մայր Իռլանդիային:

Բուն ԵՄ-ի համար Բրեքզիթը նույնպես անհետևանք չէր կարող լինել՝ նկատի ունենալով դոմինոյի էֆֆեկտը: Չէ որ հանրաքվեից անմիջապես հետո եվրահոռետես մի շարք անդամ-պետություններ սկսեցին ավելի ինտենսիվ կերպով քննարկել ԵՄ-ից դուրս գալու իրենց հնարավորությունները:

Եվ ահա այս համընդհանուր եվրաքաոսի ֆոնին Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ է դառնում նախկին ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, ով փաստորեն, երկրի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է՝ «Երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերից հետո:

Ուշագրավ է, որ նոր վարչապետը հանրաքվեից առաջ դեմ էր Եվրոպական միության կազմից դուրս գալուն, ինչպես և հրաժարական տված նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Սակայն Մեյը վարչապետի պաշտոնի համար պայքարում կարողացավ շրջանցել ԵՄ-ի կազմից դուրս գալու մոլի կողմնակիցներին՝ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնին և Էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լիդսին:

Թերեզա Մեյն անմիջապես հայտարարեց, որ չնայած իր անձնական դիրքորոշմանն ու խիստ սուբյեկտիվ տեսակետին, նոր կառավարությունը պարտավոր է հաշվի նստել քաղաքացիների կարծիքի հետ:

«Բրեքզիթ՝ ուրեմն բրեքզիթ: Մենք դրանից առավելագույն օգուտ կքաղենք», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը, ով հայտնի է որպես հավասարակշռված և սառը դատող քաղաքական գործիչ:

1997 թվականին առաջին անգամ Թերեզա Մեյն ընտրվել է Համայնքների պալատի անդամ, որից հետո շարունակ վերընտրվում է: 1997-2002 թթ. տարբեր երկրորդական պաշտոններ է զբաղեցրել պահպանողականների ստվերային կառավարությունում: 2002-ին դարձել է Պահպանողական կուսակցության առաջին կին նախագահը, բայց ի տարբերություն կուսակցության առաջնորդի, զբաղվել է զուտ տեխնիկական հարցերով:

2003-2005 թթ. Մեյը եղել է տրանսպորտի ստվերային նախարարը, այնուհետև՝ մշակույթի ստվերային նախարարը, համայնքների պալատի ստվերային ղեկավարը, աշխատանքի և կենսաթոշակների ստվերային նախարարը: 2010-ի ընտրություններից հետո նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար:

Առավել հետաքրքրական է, որ ՆԳՆ պաշտոնում Մեյի նախորդները հիմնականում հեղինակազրկված էին հեռանում: Վերջին շրջանում Թերեզա Մեյն առաջինն է եղել, որ ավելի բարձր պաշտոնի է անցել:

Եվ ահա այդ նոր պատասխանատու պաշտոնում Մեյի առաջին քայլը եղավ ԵՄ խորհրդում Բրիտանիայի նախագահությունից հրաժարվելը, ապա երկկողմ հանդիպումները Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ, ովքեր առանցքային դեր են խաղում սպասվող մեծ փոփոխությունների այս նախաշեմին:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի շուրջ քառասուն տարվա անդամակցությունից հետո բանակցությունների կարևորագույն կետերից է լինելու ազատ տեղաշարժի խնդիրը:

Եվրոպական մայրցամաքում բնակություն հաստատած բազմաթիվ բրիտանացիներ հանրաքվեից հետո ցանկանում էին երկքաղաքացիություն ձեռք բերել, սակայն կան պետություններ, որ երկքաղաքացիություն պարզապես չեն տրամադրում:

Եվ անգամ եթե Եվրոպական միասնական տնտեսական տարածքի նման համաձայնագիր ձեռք բերվի կողմերի միջև, որը կապահովի ապրանքների, կապիտալի, ծառայությունների ազատ տեղաշարժը, այն միևնույն է սահմանային վերահսկողություն կսահմանի մարդկանց տեղաշարժի վրա։

Ինչևէ, այս և այլ մի շարք հարցեր պարզելու և նախապատրաստվելու համար ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել ընդհուպ մինչև 2019 թվականի վերջը, ինչի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Նորընտիր վարչապետ Մեյն անձամբ հաստատել է, որ դեռ շատ չպարզաբանված հարցեր ու խնդիրներ կան, որ հատ առ հատ պետք է լուծվեն, ուստի մոտակա երեք տարին կշարունակվի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը:

Այն պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան 2019-ի Եվրոոպական խորհրդարանի ընտրությունները:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մեխանիզմի գործարկումից հետո, որը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով, Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պետք է լուրջ բանակցություններ սկսվեն:

ԵՄ ներկայացուցիչները չեն բացառում անգամ Լոնդոնին «եվրոպական համայնքում հատուկ կարգավիճակ» տրամադրելու հավանականությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: