ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի այսօրվա խնդիրը միջազգային ճանաչումն է. ԼՂՀ պատգամավոր (ԲԱՑԱՌԻԿ)

artsakhwriters.com

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԼՂՀ  ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի հետ:

 - Պարոն Բաղրյան, սերունդը, որը նվաճում էր անկախությունը, ի՞նչ տեսլական և ի՞նչ ակնկալիքներ ուներ ապագայից: Ի՞նչ էք կարծում, այս 25 տարիների ընթացքում որքանո՞վ են արդարացել այդ ակնկալիքները:

- Ասել, որ 100 տոկոսով այդ ակնկալիքներն արդարացել են, իհարկե, այդպես թերևս չի լինում, բայց, անշուշտ, որոշակի հաջողությունների հասել ենք: Ամենակարևորը՝ մենք ազատագրել ենք մեր երկիրը և այսօր էլ պաշտպանում ենք մեր երկրի անվտանգությունը: Երբ մենք սկսեցինք Ղարաբաղյան շարժումը, միգուցե կային մարդիկ,  ովքեր մտածում էին, որ քանի որ մեր պահանջը արդար է, հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Բայց, ինչպես գիտենք, այդպես չեղավ, մենք ստիպված էինք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային և զենքի ուժով պաշտպանել մեր հայրենիքը, ավելին՝ ազատագրել նաև մեր պատմական հայրենիքի որոշ հատվածներ:

Այսինքն, որևէ մեկը չէր մտածում, որ մեր ազատությունը (ըստ էության դա ազատության պայքար էր) պետք է որևէ մեկը սկուտեղի վրա մատուցի մեզ: Դա պայքար էր, և այդ պայքարը տվել է իր դրական արդյունքները: Կրկնում եմ, իհարկե եղել են բացթողումներ, սխալներ, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Պայքարը շարունակվում է: Մեր առջև դեռ բազմաթիվ մարտահրավերներ կան:

Բացառվում է, որ  Ղարաբաղը երբևէ նորից լինի Ադրբեջանի կազմում, իսկ նա դրանից դուրս որևէ բան չի տեսնում: Դե ինչ, թո՛ղ նա իր պատրանքների մեջ մնա, իսկ մենք մեր քարավանը տանենք դեպի լուսավոր ապագա:

 

- Որպես կայացող պետություն՝ Արցախը մոտ ապագայի համար, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ ունի լուծելու:

- Իմ կարծիքով թիվ մեկ խնդիրը, ինչպես ասացի, անվտանգության հարցն է: Սա չի նշանակում, որ մեր ամբողջ ներուժը պետք է ուղղենք միայն ու միայն անվտանգությանը: Մենք պետություն ենք կառուցում և ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական, մշակութային: Աստիճանաբար, միգուցե ոչ այն տեմպերով, ինչ տեմպերով, որ մենք կցանկանայինք, բայցևայնպես մենք կառուցում ենք մեր տնտեսությունը:

Ի սկզբանե շարժումը նպատակ ուներ և կարգախոսն էլ Մայր Հայաստանի հետ վերամիավորվելն էր: Ես անձամբ մեր վերջնական հանգրվանը տեսնում եմ այդ տեսլականով՝ Արցախը, ինչպես որ նախկինում էր Մեծ Հայքի 10-րդ նահանգը և Մայր Հայաստան: Այդպես էլ պետք է լինի վերջնականապես: Դա է մեր նպատակը, իսկ առայժմ մենք պետք է ձգտենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչվի միջազգայնորեն: Սա է այսօրվա խնդիրը:

ԱՄՆ-ի որոշ նահանգներ ճանաչել են մեր երկրի անկախությունը: Այդ գործընթացը շարունակվում է: Կարծում եմ, որ այդ ուղղությամբ շատ ավելի ակտիվ պետք է լինենք, թե՛ այստեղ՝ Արցախում, թե՛ հատկապես Հայաստանում, որը ճանաչված պետություն է և որի հնարավորություններն անհամեմատ շատ են: Իհարկե, Սփյուռքը ևս ունի շատ անելիքներ այս ուղղությամբ: 

Սա է մեր գերագույն նպատակը, և դրան են միտված մեր քայլերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: