ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ուներ իր դժվարությունները և նրան պետք է ընդունեինք այնպիսին, ինչպիսին այն կար. Աիդա Հովհաննիսյան

www.armedia.am

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Արմեդիա ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց հայրենադարձ իրանահայ, «ADR Partners» վեճերի այլընտրանքային լուծման կենտրոնի տնօրեն, արբիտր, դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր Աիդա Հովհաննիսյանի հետ:

 

- 1991 թվականին Հայաստանն անկախություն ձեռք բերեց: Ինչպե՞ս ընդունեցիք այդ լուրը:

- Ե՛վ 1918թ. անկախությունը, և՛ սա ինչ-որ չափով ոչ թե անսպասելի էր, բայց այդպես պատահեց: Այսինքն՝ տարածաշրջանում այնպիսի պայմաններ ստեղծվեցին, որ մյուսների հետ անկախացավ նաև Հայաստանը: Ես այդ ժամանակ աշխատում էի Անգլիայում: Բնականաբար, դա բավականին ուրախալի լուր էր, թեև ես այդքան զգացական մոտեցում չունեի այդ հարցի հանդեպ, ինչպես մյուս սփյուռքահայերը, այսինքն՝ չէի սպասում, որ միանգամից բացվել են դրախտի դռները: Չէ՞ որ Հայաստանը, ինչպես այլ երկրներ, ունի իր դժվարությունները, լավ ու վատ մարդիկ, և, բնականաբար, մենք պետք է Հայաստանն ընդունեինք այնպես, ինչպես այն կար, ոչ թե այնպես, ինչպես պատկերացնում էինք: Այդ պատճառով ինձ համար բավականին երկար տևեց Հայաստան գալու որոշում կայացնելը: Առաջին անգամ եկա Հայաստան 1996-ին՝ ծանոթանալու, իսկ արդեն 2012-ին եկա մշտական բնակության:

- Մի փոքր պատմե՛ք Ձեր մասին:

- Ես իրանահայ եմ, մասնագիտությամբ իրավաբան և իրավաբան եմ աշխատել Իրանում և Անգլիայում: Այդ երկրներում միշտ մասնակից եմ եղել մեր ազգային կյանքին: Տարիներ անդամակցել եմ Թեհրանում Թեհրանի թեմի պատգամավորական ժողովին, ութ շրջան նախագահել եմ Թեհրանի թեմի թեմական խորհուրդը, որը համայնքի ղեկավարման գործադիր մարմինն է համարվում: Տարիներ շարունակ անդամակցել եմ Հայ դատի հանձնախմբին, նաև նախագահել եմ:

Այժմ Հայաստանում ապրում են իրանահայեր, սիրիահայեր, իրաքահայեր և նրանցից շատերը շարունակում են շփվել իրենց ծանոթների շրջապատում: Դուք է՞լ եք միայն իրանահայերի հետ շփվում:

- Դա ես այդքան էլ դրական բան չեմ համարում, քանի որ ինձ համար հասկանալի չէ Հայաստանում «գետտո» ստեղծելը: Եթե Պարսկաստանում դու հայ ես, բնականաբար համայնքային կյանքով ես ապրում, նույնը չպետք է անես Հայաստանում: Այնպես որ ես շփվում եմ բոլորի հետ:

- Իսկ դժվար չէ՞ր թողնել Ձեր արդեն ձևավորված կյանքը և գալ ու նոր կյանք ստեղծել այստեղ:

- Ո՛չ, նախ որոշել էի, գիտեի՝ ինչ եմ անում, անծանոթ տեղ չէի գնում, ունեի որոշակի նպատակ, կատարել էի բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Միշտ էլ ինձ համար հետաքրքիր են եղել փոփոխությունները, դա էլ պատճառ է դառնում, որ դու միշտ զբաղվում ես ինքնազարգացմամբ, ինքնակրթությամբ:

- Ինչո՞վ եք զբաղվում Հայաստանում:

- Ես, անկախ իրավաբանական խորհրդատվությունից, որ Հայաստանին չի առնչվում, ունեմ արբիտրաժով, մեդիացիայով, այսինքն՝ վեճերի այլընտրանքային լուծմամբ զբաղվող գրասենյակ: Այս ոլորտը նոր է զարգանում Հայաստանում, իսկ ես ունեմ տարիների փորձ, և ինձ համար հատկապես կարևոր է իմ փորձը փոխանցել այստեղ, մանավանդ՝ երիտասարդ սերնդին, քանի որ սա մի ոլորտ է, որն աշխարհում զարգանում է: Դասավանդում եմ նաև Ամերիկյան համալսարանում «Ծրագրերի ֆինանսավորում», դասավանդել եմ Եվրասիական համալսարանում, իսկ այս տարի «Արբիտրաժ» կդասավանդեմ Վանաձորի համալսարանում: Բացի այդ՝ Ամերիկյան համալսարանին կից մեր գրասենյակն աշխատանք է տանում արբիտրաժի մասին քննարկման դասընթացներ, «վորկշոփեր» կազմակերպելու, մեր օրենքների թերությունները տեսնելու, լուծումներ գտնելու հարցերով, քանի որ կա միջազգային փորձ, որը պետք է փոխանցել:

- Ինչպե՞ս եք Ձեզ զգում անկախ Հայաստանում:

- Սա ասում եմ ես, նաև իմ ոչ հայ ընկերներն ու ծանոթները, որ այցելում են Հայաստան. բարեբախտաբար, Հայաստանում դեռ մարդը մարդ է, և մարդկային հարաբերությունները շարունակում են մնալ մարդկային հարաբերություններ, խեղաթյուրված չեն և միայն շահերով չեն թելադրվում: Թեև գիտեմ, որ նաև թելադրվում են շահերով, բայց այդ աստիճանի լայնամասշտաբ չէ: Եթե Հայաստանին նայելու լինենք որպես երկիր, անկախ նրանից, որ ես հայ եմ, թե ոչ, ես կասեմ, որ ամենից շատ ինձ դա է գրավում այստեղ՝ մարդու մարդ լինելը: Իսկ եթե նայեմ որպես իմ հայրենիքի, ապա ես իմ հայրենիքն առանց պայմանների եմ ընդունում՝ իր լավ ու վատով, ինձ հարկավոր չէ, որ Հայաստանն ինչ-որ բան լինի, որ ես ինձ լավ զգամ: Իհարկե, առկա են դժվարություններ, բայց ցանկացած երկրում էլ այդ հարցերը կան: Հայաստանն ունի ընդամենը 25 տարվա անկախ պետականություն: Նախ, պետականության գաղափարի կամ սկզբունքի ընկալումը երևի դեռևս մի քիչ բացակայում է, և մենք երբեմն պետականությունը կառավարությանը հոմանիշ ենք համարում: Երևի թե սա եմ համարում  մեր ամենամեծ դժվարությունը, որ եթե նեղվում ենք կառավարությունից, ապա նեղվում ենք երկրից:

- Ի՞նչ է Ձեզ համար Արցախի ազատագրումը:

- Ես կարծում եմ, որ Արցախը մեր ժողովրդին թե՛ Հայաստանում,  թե՛ Սփյուռքում, հաղորդեց ազգային ինքնավստահություն, որ մենք չպետք է լինենք միայն եղեռնի զոհեր, այլ կարող ենք լինել պատերազմում հաղթողներ: Եվ պետք չէ անպայման ինչ-որ տարածքներ տալ, պետություն տապալվի, այլ կարող ենք նաև ստեղծել այն, ինչ որ մեր իրավունքն է: Զոհի, խեղճի հոգեբանությունը պետք է վերանա, եթե մենք ուզում ենք առաջ գնալ պատմության մեջ: Ես կարծում եմ, որ Արցախն այդ ուղղությամբ մեր առաջին քայլն է: Եվ այս քառօրյա պատերազմը եկավ դա մեկ անգամ ևս շեշտելու:

Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագանԻ՞նչը փոխենքի՞նչը բարելավենք:

- Դժվար հարց է, որովհետև շատ բաներ կան, որ պետք է բարելավվեն, բայց դրա համար ժամանակ է պետք: Առաջին հերթին, ժողովրդի մեջ պետք է հասունանա և յուրացվի այն սկզբունքը, որ պետությունը կառավարությունից տարբեր է: Մենք պետությունը չպետք է տապալենք, եթե դժգոհ ենք կառավարությունից: Եթե այս մտածողությունը փոխվի, ապա դրա հետ շատ բան կփոխվի: Իսկ եթե սա չկարողանանք յուրացնել… Մարդը, եթե կաշառք է վերցնում և քվե է տալիս, նա չի կարող պետություն ստեղծել և իրավունք չունի կառավարությանը պահանջ ներկայացնել: Մարդը պետք է իմանա իր իրավունքը, օգտագործի դա և իր տված քվեին համապատասխան պահանջ ներկայացնի:

ՀՀ անկախության 25 ամյակի առթիվ Ձեր մաղթանքը:

- Կարևորենք մեր անցյալը և կառուցենք մեր ապագան, չմնանք անցյալի գերին, ճանաչենք մեր իրավունքները և լինենք պահանջատեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: