ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է ազատվել փոքր, սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրի բարդույթից. Ռուբեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Фото: Антон Белицкий / Коммерсантъ

Հաշվի առնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները և առկա մարտահրավերները՝ անհրաժեշտ է սահմանել բարձր նշաձողեր՝ համաշխարհային մրցակցությանը դիմանալու և նպատակներին հասնելու համար: Այս մասին սեպտեմբերի 22-ին Համահայկական գիտական ժողովի բացմանն ասաց IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ մենք պետք է հավակնոտ լինենք մեր նպատակները ձևակերպելիս և չբավարարվենք փոքր ձեռքբերումներով՝ համեմատվելով այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Մոլդովան։ «Պետք է ձգտել մրցունակ լինել ԱՄՆ-ի, Իսրայելի, Հարավային Կորեայի նման երկրների կողքին»,- ասաց նա։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, և եթե հասարակությունը չմիավորվի և ուժեր չներդնի նպատակային և հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար, մենք ոչ միայն չենք լուծի արդեն գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, այլև որպես մտավոր հզոր ներուժ ունեցող երկիր՝ կկորցնենք աշխարհում մեր ուրույն տեղը գրավելու հնարավորությունը:

Նա նշեց, որ 21-րդ դարը մեզ՝ հայերիս, ընձեռում է հրաշալի հնարավորություն աշխարհում կարևոր դերակատարություն ունենալու՝ չտնօրինելով բնական հարուստ պաշարների և մեծ տարածքների, սակայն ունենալով ամենաարժեքավորը՝ մեր իսկապես հզոր մտավոր ներուժը: Այս խնդիրները հաղթահարելու ճանապարհին դիմագրավելով կրթական և գիտական ոլորտներում առկա մարտահրավերներին՝ կարելի է խթանել երկրում գրեթե բոլոր ոլորտների զարգացումը: Հայաստանը այն եզակի երկրներից է, որն ունի ազդեցիկ սփյուռքի ներուժ, որը պետք է էականորեն նպաստի այս գործի առաջխաղացմանը: Որպես աշխարհով մեկ սփռված ժողովուրդ, որը տարբեր երկրներում մասնակցել է ամենատարբեր ոլորտների զարգացմանը, մեզ տրված է բացառիկ առիթ մեր ներուժը օգտագործելու ի բարօրություն մեր երկրի, կարծում է Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով` գործարարությունը և էմիգրացիան բնույթով նման են. երկուսի դեպքում էլ անհատից պահանջվում է դուրս գալ  իր հարմարավետ կետից, փնտրել գործունեության նոր հորիզոններ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Այդ առումով, գիտությունը նույնպես այդ կոնցեպտի բաղադրիչ է: Հաշվի առնելով մեր ժողովրդի հոգեբանության մեջ արդեն իսկ գենետիկորեն ձևավորված դիմադրողականությունը՝ մենք չպետք է ունենանք միջավայրային և ոլորտային փոփոխություններով պայմանավորված խնդիրներ:

IDeA հիմնադրամի համահիմնադիրը նշեց, որ չնայած հզոր սփյուռքի առկայությանը, մենք դեռ համայնքային՝ գետտոյի մտածելակերպ ունենք, ուր կան փակ համակարգին հատուկ դրական և բացասական երևույթներ։ Մեկուսացած լինելը օգնել է մեզ դարեր շարունակ պահպանելու մեր ինքնությունը, սակայն զարգանալու, փոխհարաբերվելու և Հայաստան կենտրոնից սփյուռքի ներուժը ուղղորդելու հարցում դեռ շատ բացեր կան: Այսօր, հասարակության տարբեր շերտեր բաժանված են իրարից, մենք տարբեր լեզուներով ենք խոսում. պետք է սովորենք լսել գիտնականներին և չզատել քաղաքական, գիտական, գործարարական շերտերը:

«Մենք միշտ եղել ենք պերֆեկցիոնիստ՝ հաշվի առնելով աշխարհում սփռված լինելու հանգամանքը և ճանաչում ձեռք բերելու համար լավագույնը լինելու մղումը: Ցավոք, այժմ մենք այդքան հավակնոտ չենք: Պետք է ազատվել փոքր, սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրի բարդույթից և համագործակցել թե´ սփյուռքի մեր գիտական համայնքի, և թե´ համաշխարհային գիտական հանրության հետ», – ասաց նա։ 

Նշենք, որ սեպտեմբերի 22-ից 23-ը Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին. այն  կազմակերպվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի շրջանակում։ Համաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ աշխարհի մի շարք երկրներից։ Դասախոսությունների թեմատիկան ընդգրկում է կենսաբանության, աստղագիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և համակարգչային գիտության հարցեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: