ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի հայկական ՀԿ-ների խորհուրդ. «Հիմք չունենք սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին»

Բիձինա Իվանիշվիլու և նրա թիմակիցների հիմնադրած «Վրացական երազանք» քաղաքական ուժն արդեն չորս տարի է, ինչ գտնվում է Վրաստանի իշխանության ղեկին:

Դեռ նախընտրական շրջանում, իսկ այնուհետև նաև իշխանության ձևավորման փուլում, և՛ անձամբ Իվանիշվիլին, և՛ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, և՛ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ կամ այդ քաղաքական ուժին սատարող բազմաթիվ չինովնիկներ ու կազմակերպություններ բազմիցս հայտարարեցին Վրաստանի ոչ վրացի ազգաբնակչությամբ բնակեցված շրջանների խնդիրների լուծման հարցում իրենց պատրաստակամության մասին, հայտնում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների Խորհուրդը:

Կոնկրետ ջավախքահայությանը հուզող խնդիրների մասով այդպիսի հայտարարություններ կամ խոստումներ հնչել են ինչպես անձամբ Բ. Իվանիշվիլու և Գ. Մարգվելաշվիլու Ախալքալաք կատարած այցերի ժամանակ, այնպես էլ այլ առիթներով, հիշեցնում է Խորհուրդը:

Ամփոփելով «Վրացական երազանք» քաղաքական թիմի կողմից ջավախահքայության շրջանում իրականացված աշխատանքները, ծրագրերն ու տարաբնույթ այլ դրսևորումներ, ինչպես նաև մանրակրկիտ քննության առնելով ջավախքահայության ներկայիս վիճակը և սպասվելիք մարտահրավերները՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների Խորհուրդը հայտարարում է, որ, չնայած «Վրացական երազանք»-ի առաջնորդների նախընտրական ու հետագայի հավաստիացումներին և առկա նախադրյալներին՝ անցած չորս տարիներին պետության կողմից որոշակի ծրագրեր են իրականացվել միայն սոցիալ-տնտեսական, ենթակառույցների բարելավման ուղղությամբ:

Այդուհանդերձ, ջավախքահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական և հոգևոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների և հուզումների պատճառ: Օրինակ, հաշվետու շրջանում արգելվել են ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի և հայ գրականության դասագրքերը, և Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից:

Խորհուրդը հավելում է, որ ջավախահայության կրթական կյանքի պատմության մեջ սա աննախադեպ երևույթ էր: Ջավախքահայության համար անհասկանալի երևույթների շարքից էր նաև իշխող «Վրացական երազանք»-ի կողմից մեծամասամբ հայաբնակ Սամցխե-Ջավախքի նահանգում իրականացրած կադրային քաղաքականությունը, որի հետևանքով տեղի ազգաբնակչությանն այդ մասով ևս ընկալելի չեղան 2012-ով սկզբնավորված փոփոխությունները:

Ջավախքահայությանը հուզող հիմնահարցերը և՛ գրավոր շարադրված փաստաթղթերի տեսքով, և՛ կենդանի հանդիպումների ժամանակ փոխանցվել են իշխանություններին, և այս հայտարարության նպատակը, բնականաբար, վերոնշյալ խնդիրները շարադրելը չէ, այլ եզրակացնելը, որ անցած քառամյակը մեզ համար հանդիսացավ սպասումներով, շատ պարագաներում՝ հուսախաբություններով և հակասական ապրումներով լեցուն մի շրջան:

Ամփոփելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարում է, որ առայժմ ոչ մի հիմք չունի սատարելու Վրաստանի խորհրդարան մուտք գործելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից որևէ մեկին:

Խորհուրդը միաժամանակ հայտարարում է, որ պատրաստակամ է հանդիպումներ և ջավախքահայությանը հուզող բազմապիսի և բամոլորտ խնդիրների լուծման ուղղությամբ քննարկումներ կազմակերպել բոլոր քաղաքական ուժերի հետ, լսելու վերջիններիս մոտեցումները նշյալ հիմնահարցերի հանդեպ, որոնց արդյունքում էլ Խորհուրդն առաջիկայում հանդես կգա Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ հստակ դիրքորոշումներ արտահայտող նոր հայտարարությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: