ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, երկիրը երկիր չենք դարձնի. վարչապետը՝ գործարարներին

gov.am

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին, հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները և միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար:
ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը միության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա ներկայացրել է միության անդամ գործարարների հետ քննարկման արդյունքում բարձրացված մի շարք հարցեր՝ ուղղված բիզնես միջավայրի և տնտեսական ներկայիս իրավիճակի դրական տեղաշարժերին: Այս առումով պարոն Ղազարյանը ողջունել է կառավարության՝ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ մասնավորապես, կարևորելով Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչն ավելի նպատակային ու հասցեական կդարձնի այդ գերատեսչության աշխատանքը: 
Արձագանքելով Կարեն Կարապետյանը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը լինելու է կամուրջ կառավարության ու գործարարների միջև և աջակցելու է բոլոր հարցերում. «Մենք հետևյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին և անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ»: Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»: Կառավարության ղեկավարը, խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից, տեղեկացրել է, որ, օրինակ, դիտարկվում է որոշակի հարկային և էներգակիրների մատակարարման մասով արտոնություններ տրամադրելու հնարավորությունը՝ բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան: Այդ պայմանները մրցակցության առումով որևէ խնդիր չեն ստեղծի մյուսների համար և կնպաստեն երկրում ներդրումների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական զարգացման ռազմավարությանը, հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը, Հարկային օրենսգրքի նախագծին և հարակից այլ հարցեր: 
Վարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և գործարար համայնքի հետ շարունակական համագործակցությունը՝ առաջարկելով արագ արձագանքել կառավարության նախաձեռնություններին և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել: 
 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: