ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է պայմանավորված պաշտպանության նախարարի ընտրությունը

Կառավարության նոր կազմի ձևավորումն ավարտվեց: Հայաստանի թե՛ հանրային, թե՛ քաղաքական շրջանակները բավական մեծ հետաքրքրությամբ էին հետևում նոր նշանակումներին: Այդ շարքից թերևս ոչ սպասվածներից էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչի պատճառների դիտարկումը երևի հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու պետական համակարգում ընթացող փոփոխությունների մասին:

Նախ հարկ է նշել, որ հայտարարված համակարգային բարեփոխումները չէին կարող շրջանցել կառավարության ամենաառանցքային գերատեսչություններից մեկը՝ պաշտպանության նախարարությանը, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմից հետո հանրության շրջանում լայն տարածում ստացավ այն գաղափարը, որ ՊՆ-ում ևս անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Վիգեն Սարգսյանի ընտրությունը թերևս պայմանավորված է այդ ոլորտում ընթացող և նախատեսված փոփոխությունների գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Լինելով կառավարչական բավական մեծ փորձ ունեցող գործիչ, ով շուրջ 5 տարի ղեկավարել է նախագահի (ըստ Սահմանադրության՝ նաև գերագույն գլխավոր հրամանատարի) աշխատակազմը՝ նա ունի բոլոր հնարավորությունները մի կողմից նոր թափ հաղորդելու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, մյուս կողմից որդեգրելու անկաշկանդ և սուբյեկտիվիզմից զերծ գործելաոճ:

Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը թերևս պայմանավորված է նաև նրա անձով: Նա բավական դրական է ընկալվում իշխանական տարբեր ճամբարների կողմից, լավ հարաբերություններ ունի նախորդ նախարարների հետ և երևի ամենակարևորը՝ հանրային հնչեղություն ունեցող որևէ սկանդալային պատմության մեջ երբեք չի հայտնվել:

Վիգեն Սարգսյանի նշանակումը որոշ չափով նաև աննախադեպ է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարները հիմնականում ունեցել են ռազմական կենսագրություն: Այս փոփոխությունը կարելի է գնահատել որպես ՊՆ ղեկավարման անցում ռազմական թևից դեպի քաղաքացիական թև, ինչը համահունչ է մի կողմից դեռևս 2007 թվականից սկսված այդ ոլորտում քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանն ուղղված բարեփոխումներին, մյուս կողմից ժողովրդավարացման գործընթացի միջազգային փորձին: Զինված ուժերում ծառայության երկար տարիների փորձի փոխարեն՝ Վիգեն Սարգսյանը բավական լավ է տիրապետում ՀՀ արտաքին և պաշտպանական քաղաքականությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող ռազմաքաղաքական և դիվանագիտական զարգացումներին, ինչը բավական կարևոր է ՊՆ-ում առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:

Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարի հնարավոր գործելաոճին, ապա թերևս կարելի է ենթադրել, որ նա կշարունակի իր նախորդի ուղեգիծը՝ միևնույն ժամանակ առավել մեծ ուշադրություն դարձնելով կառավարչական բնույթի խնդիրներին: Մյուս կողմից ՊՆ-ում հնարավոր ցնցումների հավանականությունը ևս քիչ հավանական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիգեն Սարգսյանը այսպես կոչված թիմի անդամ է:

Ամփոփելով կարող ենք նշել, որ Վիգեն Սարգսյանի նշանակումը, ըստ էության, տեղավորվում է տեխնոկրատ և պրոֆեսիոնալ կառավարության կազմ ունենալու կոնցեպտի մեջ, իսկ նորանշանակ նախարարի առջև դրված է բարդ խնդիր՝ մի կողմից հանդես գալ նոր մոտեցումներով՝ իր նկատմամբ ունեցած վստահությունն արդարացնելու համար, մյուս կողմից ապահովել արդյունավետ փոխգործակցություն ինչպես համակարգի ներսում, այնպես էլ համակարգից դուրս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: