ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում առկա է գիտելիքի և տաղանդի ահռելի մեծ ներուժ. Քերոլայն Քոքս (ԲԱՑԱՌԻԿ)

www.premierchristianity.com

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի շրջանակներում ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի հետ:

 - Լեդի Քոքս, ինչպես գիտեք, սեպտեմբերի 2-ին և սեպտեմբերի 21-ին Արցախը և Հայաստանը տոնեցին իրենց անկախության 25-րդ տարեդարձները: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ի և ԼՂՀ-ի անցած ճանապարհը:

- Առաջին հերթին շնորհավորում եմ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը անկախության 25-րդ տարեդարձի առիթով…

Ակնհայտ է, որ մենք գործ ունենք երկու տարբեր պատմությունների հետ… Ես միշտ ասել եմ, որ հայ ժողովուրդը ԼՂՀ-ում և ՀՀ-ում գոյատևել է և պայքարել՝ չնայած բազմաթիվ ավերածություններին և դժվարին ժամանակներին: Նրանք այն մարդիկ են, որոնք արարում են գեղեցիկը:

1990-ականներին Հայաստանը վերապրել է բազմաթիվ դժվարին իրավիճակներ: Երկրում չկային էլեկտրականություն և ջուր... Այդ ժամանակի համար շատ տարածված խոսք կար՝ «եթե լույս կա, ապա բաղնիքում ջուր հավաքեք»: Եվ ամեն անգամ հնարավորության դեպքում մարդիկ սառը ջուր էին հավաքում բաղնիքում: Իմ սիրտը ցավում էր հատկապես ծեր մարդկանց համար, ովքեր բնակվում էին բարձրահարկ շենքերում և արդեն սովորել էին գոյատևել առանց ուտելիքի: Մթության մեջ, ցրտին, երբ չկար էլեկտրականություն, նրանք պետք է իջնեին և բարձրանային 15 հարկ, որպեսզի ուտելիք ունենային: Ծայրահեղ դժվարին ժամանակներ էին…

Այժմ՝ տարիներ հետո, մենք մեր շուրջը տեսնում ենք այն գեղեցիկը, որը հենց այդ մարդիկ և նրանց սերունդներն են ստեղծել… Գունեղ պարող շատրվաններ, գեղեցիկ և ոճային շինություններ.. Դո՛ւք, հայե՛րդ, լի եք սիրով ու ջերմությամբ…Երեկ՝ փողոցում քայլելիս, ես հանդիպեցի երկու երիտասարդի. նրանք ճանաչեցին ինձ և կանգ առան: Այդ երկու երիտասարդն այնքան ջերմ ինձ ողջունեցին, որ ես շոյվեցի իրենց վերաբերմունքից: Նրանցից մեկը գրող էր, իսկ մյուսը՝ իրավաբան: Զրուցելով իրենց հետ՝ ես հասկացա, որ Հայաստանում առկա է գիտելիքի և տաղանդի ահռելի մեծ ներուժ: Եվ մեկ անգամ ևս հանգեցի այն մտքին, որ երջանիկ եմ, որ կրկին Հայաստանում եմ:

Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում առկա են նաև տարաբնույթ խնդիրներ: Ես տեղյակ եմ տնտեսական դժվարությունների մասին, իրազեկված եմ ժողովրդագրական խնդիրներին: Շատերը լքել են Հայաստանը... Եվ ես կարծում եմ, որ այս խնդիրները պետք է արագ հաղթահարվեն:

Ինչ վերաբերում է Արցախին, այն սարսափելի պատերազմ է վերապրել: Այս տարվա ապրիլի սկզբին վերսկսվեցին պատերազմական գործողությունները Ղարաբաղում, բայց մարդիկ չեն հեռանում և շարունակում են բնակվել այնտեղ… Նրանք հաղթանակ են տարել անհնար պատերազմում: Եվ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում մարդիկ շարունակում են ստեղծել գեղեցիկը: Վերջերս Ստեփանակերտում և Շուշիում կառուցվել են բազմաթիվ գեղեցիկ շինություններ: Երկու տարի առաջ Շուշիում կառուցվել են 3 նոր թանգարաններ: Սակայն, ցավոք, Արցախի բնակիչները մինչև այժմ ունեն անվտանգության խնդիրներ, և այնտեղ մշտապես առկա է ռազմական սպառնալիք Ադրբեջանի կողմից:

 - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զարգացման առաջնահերթություններ ու խնդիրներ պետք է բարձրաձայնվեն և սահմանվեն ապագայի համար:

- Ակնհայտ է, որ որպես կարևորագույն նպատակ պետք է սահմանվեն Արցախում ռազմական սպառնալիքի բացառումը և խաղաղության հաստատումը: Ես կցանկանայի ընդգծել Նախիջևանում առկա իրավիճակի կարևորությունը, որի շուրջ ոչ մի շեշտադրում չի կատարվում բանակցային գործընթացում: Ես երբեք չեմ կարողացել հասկանալ դրա պատճառները... 1991 թվականին ես Նախիջևանում էի և ականատես եմ եկել, թե ինչպես էին ադրբեջանական տանկերը ոչնչացնում հայկական գյուղերը: Այդ ժամանակ ավերվեցին մոտավորապես 1000 հայկական խաչքարեր: Հենց այդ կերպ էր հայաթափվում Նախիջևանը՝ ենթարկվելով մշակութային ավերածությունների: Ես ակնկալում եմ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում համապատասխան նկատառումներ տեսնել այս հարցի շուրջ: Սակայն կարմիր գիծն այն է, որ Հայաստանը կորցրել է Նախիջևանը: Այն, թե ինչ է արել Ադրբեջանը տարիներ առաջ և թե ինչ է շարունակում անել ներկա փուլում, սարսափելի հանցագործություն է: Եվ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի ու լսելի դառնա աշխարհին:

Անդրադառնալով Հայաստանին` այստեղ առկա են տնտեսական բնույթի խնդիրներ: Այս հրաշալի և ստեղծագործ մարդկանց համար պետք է ստեղծվեն կենսագործունեության լավագույն պայմանները, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց երկրում և չլքեն իրենց հայրենիքը: Ես կարծում եմ, որ Հայաստանում առկա է հսկայական մտավոր ներուժ, և երիտասարդ սերունդը պետք է ունենա հնարավորություն զարգացնելու իր երկիրը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

- Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական գործողությունները՝ ինչպե՞ս կբնորոշեք Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

- Ես կցանկանայի ներկայացնել իմ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Ադրբեջանը տիրապետում է հսկայական նյութական ռեսուրսների, որոնք օգտագործվում են հակահայկական քարոզչության միջոցով միջազգային հանրության վրա ազդեցություն գործելու նպատակով: Ադրբեջանն իրականացնում է բավականաչափ ագրեսիվ քարոզարշավ Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, և, իհարկե, սա, ըստ էության, ոչ կառուցողական մոտեցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:

Բացի այդ՝ Ադրբեջանը շարունակում է շատ ագրեսիվ գաղափարախոսություն զարգացնել երկրի ներսում: Այն իր վառ դրսևորումը ստացավ մի քանի տարի առաջ, երբ ադրբեջանցի սպան համատեղ զորավարժանքների ժամանակ կացնահարել էր հայ սպայի, որից հետո նրան հերոսի կոչում շնորհեցին Ադրբեջանում: Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսեց նման հանցագործությունները երկրի ներսում: Սա ինձ համար տարօրինակ է: Այսօր «հերոսության» նման ընկալումն ընկած է Ադրբեջանի քաղաքացիների մտածողության հիմքում: Ես նկատի չունեմ բոլորին անխտիր, բայց մեծամասնությունը հենց այդպես է մտածում:

 - Ի՞նչ եք կարծում, լե՛դի Քոքս, կա՞ն արդյոք այնպիսի մեխանիզմներ և գործիքներ, որոնք մինչ օրս չեն գործադրվել բանակցային գործընթացում, և որոնց կիրառման պարագայում մենք կունենայինք դրական արդյունքներ:

- Ես հուսով եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կկարողանա օբյեկտիվ գնահատական տալ առկա իրականությանը և բանակցային գործընթացում հանդես կգա խելամիտ և արդարացի առաջարկներով: Իմ դիրքորոշումը հիմնվում է երկու կարևորագույն սկզբունքների վրա: Առաջին հերթին ԼՂՀ-ն պետք է հանդես կա որպես բանակցային կողմ, և երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պետք է տրվի ինքնորոշման իրավունք: ԼՂՀ-ն պետք է միջազգայնորեն ճանաչվի, և Արցախի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն միջազգային հանրության կողմից:

Անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ-ն ապացուցել է, որ ունի լավ կառավարում, որ բնակիչներն ապրում են ժողովրդավար երկրում, որտեղ անցկացվում են ազնիվ և արդար ընտրություններ: Այդ ընտրություններին իրենց մասնակցությունն են ունենում միջազգային դիտորդները, որոնք բարձր են գնահատում թե՛ ընտրությունների ընթացքը և թե՛ երկրում առկա ժողովրդավարության մակարդակը: Բացի այդ՝ Ղարաբաղի բնակչությունը տնտեսապես կենսունակ է: Արցախում առկա է հսկայական ներուժ արտաքին ներդրումների համար: Այս ամենն ապացույցն է այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ քաղաքականապես և թե՛ տնտեսապես պետք է ճանաչվի ու հարգվի միջազգային հանրության կողմից՝ որպես անկախ պետություն:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: