ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

Իգոր Պոպովը փաստացի հերքեց Ալիևի խոսքերը

Իլհամ Ալիևի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցը հերթական անգամ ջրի երես դուրս բերեց այն խնդիրներն ու հարցերը, որոնք մեծապես խոչընդոտում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Մասնավորապես, Ալիևը հերթական անգամ փորձեց խեղաթյուրված ներկայացնել բանակցային գործընթացի ընթացքը և առկա իրավիճակի համար մեղադրել Հայաստանին:

Այլ հարց է, որ հարցազրուցավար Դմիտրի Կիսիլյովը, ով ռուսաստանյան պետական խոշորագույն մեդիա հոլդինգի ղեկավարն է ու ռուսական քարոզչական մեքենայի առաջնորդներից մեկը, ջանք չխնայեց Ալիևին և Ադրբեջանին հաճոյանալու համար: Սա իր հերթին էլ ավելի էր խթանում Ալիևի մեծախոսությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ու հնարավոր զիջումներին՝ Ալիևը փորձեց որպես հնարավոր զիջում ներկայացնել Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորումն ու ինքնավարության տրամադրումն Ադրբեջանի կազմում՝ դրա դիմաց պահանջելով ազատագրված տարածքների վերադարձ: Սա հակամարտության կարգավորման ադրբեջանական տեսլականն է, և այն, ըստ Ալիևի, համահունչ է միջնորդների առաջարկներին ու ընկալելի միջազգային հանրության համար:

Սակայն բացի նրանից, որ նման մոտեցումն իրականում ոչ մի զիջում չի պարունակում Ադրբեջանի կողմից, այն նաև որևէ կերպ ընկալելի և ընդունելի չէ ոչ միայն հակամարտության հայկական կողմերի, այլև միջնորդների համար: Դա շատ պարզ երևաց նաև հոկտեմբերի 18-ին ադրբեջանական apa.az գործակալությանը տված ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցից:

Պոպովը նշեց, որ տարածքների վերադարձը փաթեթային կարգավորման հարց է, որը «ներառում է նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշում, փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանում, խաղաղապահ առաքելությունների անցկացում»։ Պոպովը նաև հատուկ շեշտել է, որ հակամարտության կարգավորումը միասնական փաթեթ է, և դրանից առանձին տարրերը դուրս բերելու ցանկացած փորձ ապակառուցողական է:

Ռուսաստանցի համանախագահի խոսքերից ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանի նախագահի ներկայացրած մոտեցումը գրեթե որևէ ընդհանրություն չունի միջնորդների առաջարկի հետ: Բացի այդ` հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել Պոպովի կողմից նշած «կարգավիճակի հարցի որոշում» արտահայտությանը, որը նշանակում է, որ կարգավիճակի հարցը որոշվելու է կարգավորման ընթացքում կողմերի համաձայնությամբ և ոչ թե Ադրբեջանի թելադրանքով կամ վերջնագրերով: Ի վերջո, ինչպես բազմիցս նշվել է միջնորդների կողմից և կարգավորման մադրիդյան սկզբունքներում (որոնք այժմ գտնվում են բանակցային սեղանին), նախատեսված է կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով, ուստի Ղարաբաղի բնակչությունն ինքն է որոշելու իր ապագան:

Այսքանից հետո գրեթե անիմաստ է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի այն խոսքերը, թե Հայաստանի դիրքորոշման պատճառով է ձգձգվում կարգավորումը: Ակնհայտ է, թե ով է ապակառուցողական, և ով է ընկալելի կամ ոչ ընկալելի միջնորդների ու միջազգային հանրության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 6 կմ/ժ
4 C°
 
  12° 
01.04.2020
  13° 
02.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: