ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 547,37 դրամ ԱՐԾԱԹ - 227,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 443,16 դրամ

Արցախին ինքնավարություն տալու Ալիևի հայտարարությունները կառուցողական չեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շաբաթ օրը Բաքվում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ընդգծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամությունը, միաժամանակ անդրադարձել է նաև կարգավիճակի խնդրին՝ նշելով. «Ապագա կարգավիճակի հարցը բարձրացվել է հենց նախագահ Ալիևի կողմից, և մենք ողջունում ենք այդ քայլը»: Գուցե և կարելի էր սպասել, որ Բաքվում գտնվող համանախագահը կփորձի ընդգծել այդ երկրի ու նրա նախագահի ջանքերը, «կառուցողական» տրամադրվածությունը հակամարտության կարգավորման գործում, սակայն ոչ երբեք իրականությունը խեղաթյուրելու ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությունն անտեսելու ճանապարհով:

Նախ Ալիևի հայտարարությունը Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն տալու պատրաստակամության մասին անընդունելի է ներկայացնել որպես ադրբեջանական կողմի զիջում կամ կառուցողականության դրսևորում: Բավական է միայն նշել, որ նույն համանախագահների կողմից բանակցային սեղանին դրված փաթեթի՝ Մադրիդյան փաստաթղթի դրույթներն են սահմանում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող Արցախի ժողովրդի կամարտահայտման հիման վրա: Ադրբեջանի «բարի կամքն» այստեղ անելիք չունի, ավելին՝ սա փորձ է խախտելու բանակցությունների տրամաբանությունն ու կանխորոշելու Արցախի վերջնական կարգավիճակի հարցը:

Ադրբեջանի կողմից Արցախին լայն ինքնավարություն տրամադրելու մասին հայտարարությունն այսօր ոչ այլ ինչ է, եթե ոչ Ալիևի հերթական «խորամանկ» քայլը՝ տապալելու Մադրիդյան գործընթացը: Բացի այդ՝ որպես կառուցողական կողմ ներկայանալու ճանապարհով Ալիևը փորձում է խուսափել նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից: Չէ՞ որ դեռ մի քանի օր առաջ Ալիևը խոստովանում էր, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը:

Եվ վերջում չմոռանանք նաև այն փաստը, որ ժամանակին, այն է՝ 1998-ին, հենց Ադրբեջանն է դեմ արտահայտվել Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու գաղափարին, որն այն ժամանակ ձևակերպված էր Մինսկի խմբի կողմից ներկայացված «ընդհանուր պետության» տարբերակում: Ադրբեջանի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում, այդ թվում այսօր շարունակում են մնալ ծայրաստիճան մաքսիմալիստական: Հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի և ոչ մի փուլում ադրբեջանական կողմը չի ներկայացել որպես կառուցողական կողմ, այլ ճիշտ հակառակը՝ բանակցությունների ընթացքում հայտնվելով փակուղում՝ անմիջապես որդեգրել է ուժի կիրառման միջոցով գործընթացը տապալելու քաղաքականություն:

Այս ամենը հաշվի առնելով՝ առնվազն անլուրջ է կառուցողականություն փնտրել Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու Ալիևի հայտարարություններում: Սա պիտի գիտակցեն բոլորը, առավել ևս հակամարտության կարգավորման գործընթացում անմիջականորեն ներգրավված կողմերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 26%
Քամի՝ 4 կմ/ժ
30 C°
 
19°  30° 
18.06.2019
19°  30° 
19.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: