ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում ստեղծված հարթակը խեղաթյուրում է Track 2-ի էությունը

Օրերս ադրբեջանական մամուլում լուրեր տարածվեցին, թե ստեղծվել է «Հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հասնելու» հարթակ՝ իբրև թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական նպաստ ունենալու համար: Ըստ հայտարարված նպատակի՝ այս հարթակը հանդիսանում է Track 2 (քաղաքացիական հասարակությունների միջև շփման) դիվանագիտության բաղադրիչ, որը պետք է խթանի հասարակությունների միջև երկխոսությունը:

Հայկական կողմերը բազմիցս են հայտարարել, որ առանց երկու հասարակությունների միջև վստահության, անհնար է խոսել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մասին: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, պարբերաբար խոչընդոտել են այդ ուղղությամբ իրականացված քայլերին: Այս առումով պետք է հիշել ոչ վաղ անցյալում Ադրբեջանում տարբեր պատրվակներով խաղաղաշինական նախաձեռնություններ իրականացնելու և հայերի հետ կապ ունենալու համար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվիստների ձերբակալությունները:

Ադրբեջանում ստեղծված հարթակը, սակայն, որևէ կերպ չի տեղավորվում Track 2 դիվանագիտության տրամաբանության մեջ և ընդամենը դրա իմիտացիա է մի քանի պարզ պատճառով:

Նախ, Track 2-ի դերակատարները քաղաքացիական շարժումների, հասարակական կազմակերպությունների այն ակտիվիստներն են կամ մեդիա դաշտի, տարբեր think tank-երի այն ներկայացուցիչները, որոնց խոսքն ընկալելի է հասարակության կողմից, ովքեր հասարակության լայն շրջանակի վրա ունենան որոշակի ազդեցություն: Նման պարագայում հարթակի անդամ հանդիսացող Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը և Սյուզան Ջաղինյանը ոչ միայն հայ հասարակության շրջանում չունեն նման դերակատարում, այլև նրանց հանդեպ կա բավականին ցայտուն արտահայտված բացասական վերաբերմունք. մարդիկ, ովքեր հանձնվել են ադրբեջանական իշխանություններին և դարձել են նրանց քարոզչամեքենայի հերթական գործիքները:

Երկրորդ, Track 2-ը հակամարտող կողմերի միջև երկխոսության և վստահության կամուրջների ստեղծման միջոց է, որը, փոխլրացնելով Track 1-ին(միջպետական երկխոսությանը), պետք է իր նպաստը բերի հակամարտության կարգավորման բանակցություններում հաջողություններ գրանցելուն: Նման անձանց միջոցով, այնուամենայնիվ, վստահության մթնոլորտ ձևավորելու, բանակցային գործընթացի վրա դրական ազդելու մասին խոսելն իրատեսական չէ:

Երրորդ, Track 2 դիվանագիտության մեջ կարևոր պայման է ներառականությունը՝ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի մասնակցության ապահովումը, ինչը այս հարթակի պարագայում պարզապես բացակայում է:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ «Հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հասնելու» հարթակ ստեղծելով՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ կառուցողական երևալու իմիտացիա է անում, որն ուղղված է թե´ սեփական, թե´ միջազգային հանրությանը: Նման հարթակը խեղաթյուրում է Track 2-ի էությունը՝ խոչընդոտելով նաև նման ֆորմատով հետագա համագործակցությանը և ստեղծելով վտանգ, որ այլ հարթակներով հայերի հետ համագործակցողները կսկսեն ընկալվել որպես դավաճաններ և կենթարկվեն հալածանքների:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: