ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները 2016թ.-ին

Եվրամիության հետ հարաբերությունների տեսակետից 2016թ.-ը հետևողական աշխատանքի և առաջընթացի տարի էր: Ստորև անդրադառնանք 2016թ.-ի ընթացքում գրանցված հիմնական առաջընթացին և կատարված աշխատանքին՝ ըստ ոլորտներին:

 

Քաղաքական բաղադրիչ

2015թ. դեկտեմբերից մեկնարկել են ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Պայմանագրի քաղաքական բաղադրիչի շուրջ անցկացվել է բանակցությունների 6 փուլ, քաղաքական բաղադրիչի համաձայնեցումն ավարտվել է:

Քաղաքական մասով նոր համաձայնագիրը գրեթե չի տարբերվելու դեռևս մինչև 2013թ.-ը բանակցված Ասոցացման համաձայնագրից, ինչը նշանակում է, որ քաղաքական առումով ՀՀ-ԵՄ հարաբերությունները փոփոխությունների չեն ենթարկվել, և երկխոսությունը բոլոր ոլորտներում ակտիվ կերպով շարունակվում է:

 

Տնտեսական բաղադրիչ

Քաղաքական բաղադրիչին զուգահեռ՝ ընթանում են բանակցությունները նաև նոր շրջանակային համաձայնագրի տնտեսական բաղադրիչի շուրջ: Այս գործընթացում աշխատանք է տարվում արդեն որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների համաձայնեցման ուղղությամբ: Բանակցությունների այս բաղադրիչն առավել բարդն ու աշխատատարն է, սակայն ըստ պաշտոնական աղբյուրների՝ այն արդյունավետ կերպով առաջ է մղվում:

Նոր փաստաթուղթը հիմնված է լինելու Ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչի՝ ԽՀԱԱՀ-ի վրա, սակայն արդեն ելնելով նոր իրողությունից: Այդ թվում՝ նոր համաձայնագիրը չի ենթադրի մաքսատուրքերի զրոյացում: Զուգահեռաբար պետք է նշել, որ ըստ պաշտոնական աղբյուրների՝ համագործակցության ծածկույթի տեսանկյունից նախկինում եղած 12 ուղղություններից 10-ը պահպանվելու են նոր փաստաթղթում, նույնիսկ դրանց ավելացվելու են մեկ-երկուսը՝ փաստաթուղթն ավելի ամբողջական ու համապարփակ դարձնելու նպատակով:

Ակնկալվում է, որ տնտեսական բաղադրիչի համաձայնեցումից հետո արդեն 2017թ. գարնանը հնարավոր կդառնա ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որը կփոխարինի 1999թ.-ից գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:

 

Վիզաների ազատականացում

2016թ.-ին ամփոփվել են վիզաների տրամադրման դյուրացման և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրերի կատարման արդյունքները, և Հայաստանը Եվրամիության կողմից արժանացել է բարձր գնահատականի: Դրա հիման վրա ԵՄ-ի հետ այժմ խորհրդակցություններ են անցկացվում Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելու շուրջ:

 

Ազատ երկինք

ՀՀ կողմից հռչակված ազատ երկնքի քաղաքականության շրջանակներում 2016թ.-ի վերջում Եվրահանձնաժողովը մանդատ է տրամադրել Հայաստանի հետ ԵՄ միասնական ավիացիոն տարածք մտնելու շուրջ բանակցությունները մեկնարկելու համար: Ակնկալվում է, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսում:

Համաձայնագրի շնորհիվ եվրոպական փոխադրողները կկարողանան ոչ միայն իրենց երկրից Հայաստան բեռներ և ուղևորներ փոխադրել, այլև Հայաստանից՝ երրորդ երկրներ:

 

Կրթական և մշակութային

2016թ.-ին մեկնարկ է տրվել «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու գործընթացին: Դա իր հերթին հնարավորություն է տալիս ընդլայնելու մշակութային փոխանակումների շրջանակը Եվրամիության երկրների հետ։

Հայաստանը 2016-ին ստորագրել է հետազոտությունների ու նորարարության Horizon 2020 ծրագիրը: Երևանում հայտարարվել է «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկի մասին:

Այս տարվա ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հայաստանյան բոլոր մարզերում հիմնվել են Եվրաակումբներ, որոնց հիմնական գաղափարն է երիտասարդներին Եվրոպայի ու եվրոպական արժեքների մասին տեղեկատվություն ստանալու և երկխոսությունների մասնակցելու հնարավորություններ տալը:

 

Սկսվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունների շուրջ խորհրդակցությունները։

 

ԵՄ-ն շարունակել է նաև ակտիվ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին թե՛ անդամ երկրների, թե՛ կառույցի անունից: Որոշում է կայացվել 23 մլն եվրո տրամադրել 2016-2020թթ. Հայաստանում բիզնեսի զարգացման համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը 2 մլն եվրո է տրամադրել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը քաղաքացիական հասարակության աջակցման ծրագրի շրջանակներում: Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրոյի չափով երկրորդ վարկն է տրամադրել Հայաստանի Կենտրոնական բանկին ՓՄՁ տարբեր ծրագրերի համար: Եվ սա ԵՄ ֆինանսական աջակցության միայն որոշ հատվածն է:

 

Ամփոփելով 2016թ.-ին ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան՝ կարող ենք արձանագրել, որ երկու կողմերի միջև ակտիվ երկխոսություն է ծավալվել մի շարք ուղղություններով՝ տալով զգալի արդյունքներ:

2013թ.-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ «շոկային» ռեակցիան հաջողվել է հաղթահարել, և այսօր կողմերը միասին ուղիներ են փնտրում արդեն նոր իրականության պայմաններում հարաբերությունները զարգացնելու համար: Պետք է արձանագրել, որ նախկինում եղած բոլոր ոլորտներում համագործակցությունը շարունակվում է, այդ թվում տնտեսական, ՀՀ-ն եվրոպական նոր ծրագրերի է անդամակցում, շարունակում է ազատ տեղաշարժի և նոր արտոնություններ ստանալու համար իր ջանքերը: Միաժամանակ ԵՄ-ն ևս 2014-2015թթ. վերանայել է ԱլԳ գործընկերների հետ համագործակցության մոտեցումներն ու առաջնորդվում է ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու և հնարավորինս համագործակցությունը խորացնելու սկզբունքով: Այսօր ՀՀ-ԵՄ բանակցություններն իրենց տնտեսական բաղադրիչով դրա վառ դրսևորումն են:

Եվ եթե այս նոր շրջանակային համաձայնագիրը հաջողությամբ կնքվի, վավերացվի և կյանքի կոչվի, դա կլինի Հայաստանի կողմից հռչակված «և՛, և՛» սկզբունքի լավագույն արտացոլումը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: