ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը չի հրաժարվի Բրիտանիայի հետ առանձնահատուկ հարաբերություններից

Kevin Lamarque/Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այց թույլ չտալու պահանջով երկրի խորհրդարանի կայքում հրապարակված միջնորդագիրն արդեն հավաքել է 550 հազարից ավելի ստորագրություն, հայտնում է РИА Новости-ն:

Խորհրդարանի կողմից միջնորդագրի դիտարկման համար անհրաժեշտ է, որպեսզի այն հավաքի 100 հազար ստորագրություն։ Ավելի վաղ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը կոչ էր արել Facebook սոցցանցի իր բաժանորդներին ստորագրել այդ միջնորդագիրը։ Մասնավորապես բրիտանացիները դժգոհ են ԱՄՆ նորընտիր նախագահի միգրացիոն քաղաքականությունից:

Հարկ է նշել, որ սա թերևս այսօրվա դրությամբ կողմերի միջև հիմնական անհամաձայնությունն է: Հիշեցնենք, որ օրերս Վաշինգտոնում կայացել են ամերիկա-բրիտանական բարձր մակարդակի բանակցություններ, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար առաջին միջազգային բանակցություններն էին: Հաղորդվում է, որ բանակցությունների ժամանակ  Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննարկել են ԵՄ կազմից Միացյալ թագավորության դուրս գալը, ՆԱՏՕ-ի ապագան, երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը և  Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները:

Որպես այդ բանակցությունների հիմնական արդյունք, վերլուծաբաններն առանձնացնում են Թրամփի խոստումը ԵՄ կազմից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի հետ հնարավորինս կարճ ժամկետներում երկկողմ առևտրային համաձայնագիր կնքել: Նշենք, որ Թրամփը վստահ է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալն օգուտ կբերի երկրին։ «Կարծում եմ, որ Brexit-ը հրաշալի կլինի Ձեր երկրի համար։ Երբ այն ավարտվի, դուք կկարողանաք ունենալ Ձեր ինքնությունը, կարող եք ընդունել Ձեր երկրում այն մարդկանց, ում ցանկանում եք, Դուք կարող եք ունենալ ազատ առևտրային համաձայնագրեր առանց որևէ մեկի կողմից վերահսկողության», - հայտարարել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։

Բանակցությունների արդյունքում Թրամփը հայտարարել է նաև, որ հարյուր տոկոսով աջակցում է ՆԱՏՕ-ին, մինչդեռ նախկինում բազմիցս կասկածի տակ է դրել Հյուսիսատլանդյան դաշինքի արդյունավետությունը: Հակառուսական պատժամիջոցների մասով ևս կողմերն ընդհանուր հայտարարի են եկել: Մասնավորապես, Թրամփն, ով ավելի վաղ խոսում էր դրանք հանելու անհրաժեշտության մասին, Մեյի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է:

Այսպիսով, բանակցությունների արդյունքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մեյն առաջին արտերկրյա առաջնորդն է, ում հետ հանդիպել է նորընտիր ամերիկյան նախագահը, խոսում են այն մասին, որ առաջիկայում ևս Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը, և որ երկկողմանիորեն շահավետ ամերիկա-բրիտանական հարաբերությունները կշարունակեն առանձնահատուկ մնալ նաև Թրամփի նախագահության օրոք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: