ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի վրաստանյան այցը և այլընտրանքային ճանապարհի խնդիրը

Օրերս երկօրյա պաշտոնական այցով Վրաստան այցելեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրականությունը:

Այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները թե՛ հայկական, թե՛ վրացական կողմը գնահատում են բավական արդյունավետ և կարևոր: Նախորդ այցերի հետ համեմատած՝ այս այցն աչքի ընկավ համագործակցության խորացմանն ուղղված պրակտիկ քայլերի շուրջ քննարկումներով: Միևնույն ժամանակ այդ քննարկումներն ունեին համակողմանի բնույթ՝ տուրիզմից մինչև ներդուրմներ, հայկական համայնքին առնչվող խնդիրներից մինչև տարածաշրջանային ծրագրեր: Հատկանշական է, որ հայ վրացական համագործակցության խորացման համար երկու երկրների վարչապետերը կարևորում են նաև փորձի փոխանակումը այն ոլորտներում, որտեղ Երևանը կամ Թբիլիսին որոշակի հաջողություններ են արձանագրել:

Վարչապետի պաշտոնական այցի հիմքում թերևս եղել է Վերին Լարսի այլընտրանքի ապահովման խնդիրը: 2008թ օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանը բավական զգալի դժվարությունների է բախվել Ռուսաստանի հետ հաղորդակցության ապահովման հարցում: Գործող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում էր Վերին Լարսով եղանակայանին անբարենպաստ պայմանների, բնական աղետների պատճառով շատ հաճախ դառնում է անանցանելի, ինչը, բնական է, իր բացասական ազդեցությունն է թողնում նաև ՀՀ տնտեսության վրա: Վերջին տարիներին հայկական կողմը բավական ակտիվ երկխոսության մեջ է թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի հետ՝ Վերին Լարսի հնարավոր այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցի հետ կապված՝ միևնույն ժամանակ փորձելով առաջ մղել այդ խնդիրը կողմերի համատեղ օրակարգում: Ձեռնարկված ջանքերն իրենց արդարացրեցին:

Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այցի ընթացքում այլընտրանքային ճանապարհի ապահովման հետ կապված ձեռք է բերվել պայմանավորվածություն: Հատկանշական է, որ վարչապետը ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները նախընտրեց դեռևս չբացահայտել: Նման զգուշավորությունը բավական տրամաբանական է. նոր այլընտրանքային ուղիների ստեղծումը, վերագործարկումը, որոնցից կարող է օգտվել Հայաստանը, ըստ էության, կթուլացնի արդեն ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի և մեծ  եղբոր՝ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը, ինչին Բաքուն չի կարող հետևել ձեռքերը ծալած:

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա վարչապետի այցից հետո ակտիվորեն սկսվեց շրջանառվել 3 հիմնական  տարբերակ, որոնք տարբերվում են իրենց իրատեսությամբ և իրագործման հնարավոր ժամկետներով:

Առաջին և թերևս ամենաիրատեսական տարբերակը վրացական Փոթի և ռուսական Կավկազ նավահանգիստների միջև լաստանավային ուղին է, որը նախկինում բավական ակտիվ օգտագործվել է: Համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումների և բարելավումների պարագայում այն կրկին կարող է դառնալ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ հայկական բեռների տեղափոխման կարևոր այլընտրանք: Մինևնույն ժամանակ պետք է նշել, որ այս ուղղությամբ փետրվարի սկզբին ունեցանք որոշակի առաջընթաց՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարեց  Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին (միջինում 2000 դոլար), ինչը որոշ ապրանքատեսակների պարագայում կարող է հասնել մինչև 80%-ի:

Բացի Կավկազ-Փոթի ուղղությունից դիտարկվում է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով հաղորդակցության և բեռնափոխադրումների վերականգնման հնարավորությունը: Այս տարբերակի մասին քննարկումները բավական ակտիվացան Կարասին-Աբաշիձե ֆորմատի շրջանակներում փետրվարի սկզբին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, որի համաձայն՝ պետք է կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» 2011թ պայմանագիրը: Ըստ պայմանագրի՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև առևտրային միջանցքները կանցնեն Աբխազիայով և Հարավային Օսիայով, իսկ կողմերը միջազգային միջնորդներ կհրավիրեն հսկելու բեռնափոխադրումների հոսքն ու մակնշումը: Անշուշտ, կայացված որոշումը բավական կարևոր է, սակայն, հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում առկա խնդիրները, դրա իրագործումը կպահանջի թե՛ էական ջանքեր, թե՛ ժամանակ: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ թեև աբխազական երկաթուղու վերաշահագործման հնարավորության մասին խոսելու համար դեռևս շատ վաղ է, այն պետք է շարունակի մնալ մեր օրակարգում:

Որպես Վերին Լարսի այլընտրանք դիտարկվող երրորդ տարբերակը Դաղստանով անցնող Ավարա-կախեթական ճանապարհի կառուցումն է, որի գաղափարը Վրաստանում ոչ միանշանակ է ընկալվում: Շատ փորձագետներ նման ճանապարհի կառուցումը դիտարկում են վտանգավոր Վրաստանի ազգային անվտանգության համար, ինչը նվազեցնում է այդ նախագծի կյանքի կոչման հնարավորությունը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը նոր լիցք հաղորդեց հայ-վրացական հարաբերություններին, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների առավել խորացման և զարգացման համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: