ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

27 տարի առանց Մարաղա. ինչպես է գրվել Ղարաբաղյան հակամարտության ամենածանր էջերից մեկը

Kavkaz-uzel.eu

1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղում (ԼՂՀ) տեղի ունեցավ կոտորած: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, պատմելով այդ մասին, ասելէ. «Դա ժամանակակից Գողգոթա է»:

27 տարի առաջ, ապրիլի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել է 5000 բնակչություն ունեցող ղարաբաղյան Մարաղա փոքրիկ գյուղի խաղաղ բնակչության կազմակերպված ջարդ: Բոլորին հրամայված էր լքել գյուղը:

Այդ իրադարձության ականատես, հրաշքով փրկված Սեդա Պողոսյանը պատմում է. «Կանայք, ծերերը և երեխաները թաքնվում էին նկուղներում և բլինդաժներում:  1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցիները մտան Մարաղա: Մի քանի հոգի մոտեցավ բլինդաժին, որտեղ էի գտնվում նաև ես հարսիս` Մարինեի և երկու թոռնիկներիս` չորս տարեկան Կարենի և երկու տարեկան Վիգենի հետ: Ադրբեջանցիները հրամայեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը վեր բարձրացավ ծերուկ Սաշան, այնուհետև` Ասյան և Զաբելը: Հենց բլինդաժից մարդու գլուխ էր երևում, անմիջապես սպանում էին նրան: Հարսս, թողնելով երեխաներին ինձ մոտ, նույնպես բարձրացավ աստիճաններով: Ադրբեջանցին, ով արդեն մերկացրել էր դանակը և պատրաստվում էր հարվածել,  կանգ առավ և սկսեց պոկել նրա վրայից զարդերը, ապա պատռեց նրա զգեստը: Նա սկսեց վազել, իսկ ադրբեջանցին` նրա ետևից: Ելքը բլինդաժից ազատվեց և մարդիկ դուրս գցեցին իրենց: Նրանց նկատեցին ադրբեջանցիները, ովքեր զբաղված էին թալանով, և սկսեցին սպանել` կացիններով, դանակներով և այլնով: Միանգամից դանակահարվեցին Մասյա և Ռուբեն Անանյանները: Ես տեսա` ինչպես էր փախչում դահիճներից հարսիս քույրը` Կարինան...»

Վանդալիզմի և դաժանության փաստերի առատությամբ լի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի իրադարձությունները սադիզմի և խաղաղ բնակչության հետ հանցավոր կերպով վարվելու ամենավառ դրսևորումներից են:

1992թ. ապրիլի 10-ին երեքժամյա հրետանային պատրաստումից հետո, Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներն ադրբեջանական Միր-Բաշիրից (ներկայիս` Թարթառ) ներխուժեցին ղարաբաղյան խաղաղ Մարաղա գյուղ: Ագրեսիայի զոհ դարձան շուրջ 100 մարդ` հիմնականում կանայք, ծերեր և երեխաներ: Տասնյակ մարդիկ գերի ընկան, որոնցից ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Գրեթե 2 շաբաթ անց` ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման և մարդիկ, վերադառնալով մոխրի վերածված հայրենի գյուղ,  ստիպված էին ընդմիշտ լքել գյուղը:

Հանցագործությունները Մարաղայում դարձան Հյուսիսային Արցախում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում դեպորտացիաների և ջարդերի շղթայի մի օղակը, որոնք նպատակ էին հետապնդում վախեցնել մարդկանց և զրկել հարազատ հողի վրա ապրելու հնարավորությունից: Բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից մի քանի օր անց ժամանել էր Մարաղա, սարսափած էր  իր տեսածից: «Նրանք մարդկային ցեղից չեն», - այսպես էր արտահայտվել բարոնուհին ադրբեջանցի այն զինվորականների մասին, ովքեր իրականացրել էին կոտորածը: Այդ վայրագությունները բարոնուհի Քոքսը ոչ միայն լուսանկարել և տեսանկարահանել է, այլև նկարագրել է բազմաթիվ հարցազրույցներում  և իր «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում:

«Այն ինչ մենք տեսանք այնտեղ, ենթակա չէ նկարագրման: Գյուղն ամբողջովին քանդված էր, ավելի ճիշտ` հիմնահատակ ավիրված: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ`այն, ինչը հնարավոր էր թաղել. կենդանի այրված և տանջահար արված մարմինների, դրանց տարբեր մասերի կտրտված և սղոցված մնացորդներ: Մենք տեսել ենք չորացած արյամբ սուր մանգաղներ, որոնք օգտագործվել էին մասնատման համար:

Սպանելով Մարաղայի բնակիչներին`ադրբեջանցիներն այնուհետև ավիրել և վառել են գյուղը: Ի դեպ, մեզ պատմում էին, որ զինվորներից հետո այդտեղ են եկել նաև ճամպրուկներով քաղաքացիական անձինք, ովքեր թալանել են գյուղը, մենք տեսանք տարբեր իրերով լի գետնին ընկած պայուսակներ, որոնք ավազակները չէին կարողացել տանել», - վկայում էր Քերոլայն Քոքսը:

1997-ին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ընդարձակ տեղեկանք պատրաստեցին Մարաղայում տեղի ունեցածի վերաբերյալ և ուղարկեցին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով: Helsinki Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնապես հաստատեց տասնյակ խաղաղ բնակիչների տանջալից մահը և տասնյակ կանանց ու երեխաների գերեվարումը: Սակայն Մարաղայի ողբերգական իրադարձությունները բավականին չլուսաբանվեցին միջազգային մամուլում, առ այսօր միջազգային հանրության կողմից դրանց համապատասխան գնահատական տրված չէ:

«Ձեր կողմից է ամենահզոր զենքը` ճշմարտությունը, - պնդում էր բարոնուհի Քոքսը: Հարկավոր է միջազգային կառույցներում բարձրացնել այն հարցը, որ Ադրբեջանը փորձեց իրագործել Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն: Պետք է ավելի ակտիվ կերպով աշխարհին ներկայացնել հայերի դեմ իրականացված մասսայական հանցագործությունները Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում և այլուր: Դրանք հանցագործություններ են մարդկության դեմ: Ես հասկանում և աջակցում եմ Ղարաբաղի հայերին այն հարցում, որ նրանք այլևս երբեք չեն կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո, քանզի Ադրբեջանի կազմում ապրած Ղարաբաղի հայերը շատ բաների միջով են անցել...»:

Մինչ այսօր Ադրբեջանի օկուպացիայում գտնվող ղարաբաղյան Մարաղա գյուղում տեղի ունեցածը չի կարելի անվանել ռազմական օպերացիա, քանի որ այդ բնակավայրում չկային ռազմաբազաներ, և ապրում էին խաղաղ քաղաքացիներ, ովքեր դարձան ագրեսիայի թիրախ: Այդ հանցավոր գործողությունների նպատակը մարդկանց իրենց հարազատ հողից վռնդելն էր:

ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է, որ Մարաղայի խաղաղ բնակչության կոտորածը հանդիսանում է մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք, իսկ դրա կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: