ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու և ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող երկի՞ր

Թուրքիա-Եվրոպա հարաբերություններում նոր լարվածության և Թուրքիայում Եվրոպային ուղղված քննադատությունների հեթական առիթ դարձավ Թուրքիային՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ վերադարձնելու ԵԽԽՎ պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ ընդունված որոշումը: Նման զարգացման պատճառ դարձան ռազմական հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրության պայմաններում կայացված և կայացվող որոշումները, որոնք հանգեցնում են խոսքի ազատության սահմանափակումների, մարդու իրավունքների խախտումների, հետապնդումների և ձերբակալությունների՝ այսպիսով բախվելով ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին: 

Պետք է նշել, որ ԵԽԽՎ մոնիտորինգը ենթադրում է ԵԽԽՎ զեկուցողների կանոնավոր այց մոնիտորինգի տակ գտնվող երկիր, հանդիպում երկրի իշխանությունների հետ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ պլենար բանավեճերի կազմակերպում: Այս պարբերական այցերի նպատակն է համոզվել, որ իրականցվում է երկրի խնդիրների ճիշտ գնահատում և իրականացվում են ԵԽԽՎ կողմից ներկայացված առաջարկները: Իսկ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ են ստանում բոլոր այն երկրները, որոնք անդամակցում են ԵԽ-ին և այդ կարգավիճակից դուրս են գալիս երկրում ԵԽ չափորոշիչներին համապատասխան բարեփոխումներ անելուց հետո միայն:

Թուրքիան ԵԽԽՎ մոնիտորինգի տակ է գտնվել 1950-2004 թվականներին՝ 2017թ-ին դառնալով առաջին ԵԽ անդամ երկիրը, որին կրկին տրվում է նման կարգավիճակ: Վերականգնելով մոնիտորինգը՝ ԵԽԽՎ-ն փաստացի հարցականի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի անդամ Թուրքիայի համապատասխանությունը ԵԽ հռչակած նպատակներին և արժեքներին: Ավելին՝ ԵԽԽՎ որոշման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ երկիրն իրականացնի ԵԽԽՎ կողմից ներկայացված առաջարկները:

Թուրքիայի շուրջ ստեղծված այս իրավիճակը բավականին հետաքրքիր է, քանի որ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող երկիրն այժմ հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու: Սա, պետք է ընդունել, որ որևէ կերպ չի կարող համարվել բնական և ընդունելի:

Այս համատեքստում բավական տրամաբանական կլինի, եթե ԵՄ որոշ գործիչներ, ԵՄ-ի հեղինակությունը պահելու, հերթական անգամ արժեքները շահերին չստորադասելու համար սկսեն բարձրաձայնել և փորձեն օրակարգ բերել  Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու, Թուրքիային թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցերը: 

Նմանատիպ սցենարի հնարավորությունը գիտակցում են նաև Թուրքիայում: Պատահական չէ, որ ԵԽԽՎ որոշումից հետո Էրդողանը կրկին դիմեց ԵՄ անդամակցության բանակցություններից հրաժարվելու իր ավանդական շանտաժին: Բավականին մտածված քայլ՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում ցույց տալու, որ դա հենց Թուրքիայի նախաձեռնությունն է:

Այսպիսով, պետք է փաստել, որ Թուրքիան շարունակում է մնալ «Եվրոպայի հիվանդ մարդը», ինչը Եվրոպան սկսում է աստիճանաբար ավելի շատ գիտակցել: Այնուամենայնիվ, փոխադարձ շահերով պայմանավորված` Եվրոպան դեռևս չի կարողանում դիմել առավել կտրուկ քայլերի, որոնք կարող են էլ ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս առումով ԵԽԽՎ որոշումը, իհարկե, այդ հարաբերություններում դարձավ սրող գործոն, սակայն ոչ որոշիչ: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակից զրկելու հնարավորությանը, ապա այն ԵՄ համար կլինի տարածաշրջանում իր գործընկերոջը կորցնելու լուրջ սպառնալիք, ինչը հաշվի առնելով, նման որոշում մոտ ապագայում չի կայացվի, և ամեն ինչ կսահմանափակվի հայտարարությունների մակարդակով: Իհարկե, չպետք է բացառել նաև իրադարձությունների այնպիսի զարգացում, որոնք կարող են արագացնել այս սցենարի իրականացումը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: