ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիշողություններ ռազմաճակատից.....Պետրոս Պետրոսյան. «չորս մայրցամաքների հետախույզը»

Պետրոս Պետրոսյան (1923 թ.): Ավարտել է Լենինականի Մայակովսկու անվան համար 5 դպրոցը, մասնագիտությամբ դիվանագետ է: 60 տարի ծառայել է հետախուզությունում՝ ֆրոնտից մինչև աշխարհի տարբեր երկրներ: Նրան անվանել են «Չորս մայրցամաքների հետախույզ» Ամենախոշոր շքանշանը՝ Կարմիր աստղ. «Այն վաստակել եմ արյանս գնով»: Այժմ Հայաստանի Վետերանների կոմիտեի նախագահն է:

Ծնվել եմ Ալեքսանդրապոլում: Հայրենական պատերազմը որ սկսվեց, ես դեռ նոր էր ավարտել 10-րդ դասարանը Լենինականում:

 …..Վազելով գնացինք ռազմական կոմիտեի գնդապետ Մարտիրոսյանի մոտ և ասեցինք, որ ուզում ենք կամավոր գնալ պատերազմի ու կարմիր դրոշը ծածանել Բեռլինի Ռայխստագում: Նա էլ ասաց.

-Տղա՛ ջան, քանի՞ տարեկան ես:

-23 թիվ եմ…

 -Հենց որ 18 տարեկանդ լրանա, վազելով կգաս:

Այդպես էլ արեցի: Հենց դարձա 18 տարեկան անմիջապես գնացի: Թբիլիսիի հրետանային ուսումնարանում 6-7 ամիս սովորելուց հետո ուղարկեցին գործող ճակատ՝ Մոսկվայի մոտակայքում: Առաջին օրերին շատ դաժան պատերազմ էր. հակառակորդներն ուզում էին վերցնել հայտնի Պրոխորովկա գյուղը և մոտենալ Մոսկվային: Ահավոր բան էր…50 մետրի վրա հարյուրավոր տանկեր էին մոտենում….  Այդ ժամանակ երիտասարդ էի, մտածում էի, որ հրամանատարը պետք է կանգնած կռվի: Լավ հիշում եմ, էսօրվա պես, կանգնած էի հրամաններ տալիս …մեր հրամանատարն էլ ասում էր. «Տղա՛ ջան, տենց չի՛ կարելի կռվել, էդպես մի քանի ժամից  դու այլևս չես լինի… անմիջապես պառկի՛ր և նոր հրամաններ տուր…»

Դրանից հետո սովորեցի, որ պետք է պառկել… և իրոք ճիշտ էր ասում: Այդտեղ մի երեք ամիս պատերազմում կռվեցինք, որտեղ էլ ես վիրավորվեցի: Այնուհետև 1.5 ամիս ժամանակահատվածով ինձ ուղարկեցին բուժվելու…Սակայն բուժվելուց հետո նույն տեղը գնալ չկարողացա:  Ինձ ուղարկեցին ուկրաինական 3-րդ բանակ… Կիևն ազատագրելուց հետո, ես ազատագրեցի ամբողջ Ուկրաինան: Ուկրաինացիներն ինձ միշտ հրավիրում էին իրենց ազատագրմանը նվիրված տոնակարություններին մասնակցելու, միայն վերջին ժամանակներս է, որ չեն հրավիրում… Ուկրաինայից հետո ազատագրեցինք Բուլղարիան, Հունգրիան, Չեխոսլովակիան և Գերմանիան: Մինչև հասանք Գերմանիա, ամսի 9-ին պատերազմը վերջացավ… այդ ժամանակ Բեռլինում էինք…լաց էինք լինում, երգում, պարում, ահավոր բան էր…

Հիշողություններ ռազմաճակատից

1943 թվականն էր, գնում ենք Ուկրաինայի տարածքով, մեր հրետանային գնդի ղեկավար, մայոր Պոպովն ինձ կանչեց, հանեց քարտեզը և ասեց. «Կգնաք Ալեքսանդրովկա գյուղը (որը մենք արդեն ազատագրել ենք), այնտեղ կգիշերե՛ք, և առավոտյան նորից կշարունակեք ճանապարհը: Ես այդ ժամանակ լեյտենանտ էի, մարտկոցների հրամանատարն էի: Մարշով էինք գնում…դե ազատագրել էինք, երգելով պարելով գնում էինք… Երեկոյան հասանք այդ գյուղ: Հրաման տվեցի, որ տեղավորվենք: Կամաց անձրև էր գալիս, անձրևանոցը հագիս վերևում պառկել էի: Հանկարծ զինվորներից երկուսը վազելով եկան ինձ մոտ, թե՝ լեյտենանտ, մենք շրջափակված ենք: Ասեցի՝ ո՞նց թե: Պարզվեց, որ հետախուզությունը ճիշտ տվյալներ չէր տվել և գյուղն ազատագրված չէր: Երբ գնում էինք, գերմանացիները տեսել էին, որ ազատ, մարշով քայլում ենք, և դարպասը բաց էին արել, մեզ թողել էին ներս ու դարպասները փակել էին: Ապա մեզ չորս կողմից շրջապատեցին ու սկսեցին գոռալ-գոչել. «русский, иди к нам, у нас белый хлеб»: Է ինչ «белый хлеб»-ի մասին էր խոսքը…Ես էլ հրավիրեցի հրամանատարներիս ու ասեցի, որ մենք պետք է մինչև վերջ պայքար մղենք:  Սակայն նախքան մարտի մեջ մտնելը, ես ուղարկել էի երկու հոգու հետ և ասել էի, որ գեներալ Սեդինին փոխանցեն, որ մենք շրջափակման մեջ ենք, և կարիք ունենք օգնության: Ուղարկածս զինվորնեից մեկը վիրավորվել էր և չկարողացավ հասնել, իսկ մյուսը տեղ հասավ:

Չորս հրանոթ ունեինք: Շրջանաձև շարեցինք, ամեն մեկի վրա թողեցի երկու հոգի, որ մեկը կրակի, մյուսն էլ լիցքավորի: Մյուսները շրջան կազմեցին, պաշտպանվում էինք: Պայմանավորվեցինք, որ երբ կարմիր հրթիռ կրակենք, պայթեցնելու ենք հրանոթները: Գիշերը ժամը երեքն էր, երկու մոտիկ-հեռու կրակոցից հետո ես հասկացա, որ երրորդ արկը մեզ է հասնելու: Դեռ չէի հասցրել պատսպարվելու հրաման տալ, այն պայթեց ուղիղ մեր մեջտեղում: Զինվորները վիրավորվեցին, իմ ամբողջ ձախ կողմն էր վիրավորվել: Բեկորը բերանիս մեջ էր մխրճվել ու ամբողջ կյանքս ինձ հետ է: Բերանս հիմա էլ ամբողջությամբ չի բացվում: Կարմիր հրթիռը բարձրացրեցի, որ կրակեմ ու պայթեցնենք մեր հրանոթները, տեսա մեր մեխզորամասը գալիս է: Մերոնք օգնության հասան….ուռա՜-ներով եկան…եկան ու մեզ ազատագրեցին:

Եկան, թե՝ լեյտենանտ, մեր կամանդիր դիվիզիան ձեզ է կանչում: Գլխարկս կորել էր, չկար, բերանս չէր բացվում, ամբողջովին արյուն էր: Գնացի, զեկուցեցի: Ջղայնացած ինձ հարցնում էր, թե ինչու գնացի այդ գյուղ: Կողքին Պոպովն էր կանգնած: Դեղնած ու սփրթնած, չէր կարողանում խոսել, աչքով-ունքով հասկացնում էր,  թե ինչ ուզում ես ասա, մենակ թե չասես, որ ես եմ հրաման տվել: Ինքն էր հրաման տվել շարժվել դեպի այդ գյուղ: Ասացի, մեղավոր եմ, չկարողացա կողմնորոշվել տարածքում: Հրամանատարը սկսեց հայհոյել….«как это так случилось, что ты прямо в рот попал к противнику?... за то, что ты не выполнил приказ, тебе выговор, за то что дрались до конца, награждаю орденом красной звезды»: Առաջին «Կարմիր աստղ» շքանշանն էր, որ ստացել եմ… հենց որ ասեց «тебе выговор», ասեցի` «есть выговор», հենց որ ասեց`  «награждаю орденом», ասեցի` «служу советскому...» ու ընկա.., գիտակցությունս կորցրեցի:

Հաջորդ առավոտ Պոպովը եկավ, ասում է` «սիրելիս, դու ինձ փրկեցիր»: Եթե ասեի, որ ինքն է հրաման տվել, կորած էր: Ես իրեն խնդրեցի, որ այնպես անի՝ ինձ թիկունք չուղարկեն: Բայց տասը օր անց վիճակս շատ վատ էր, ուղարկեցին հոսպիտալ: Այդ ժամանակ մեքենա տվեց, որ ինձ տանեն: Ինձ ուզում էին վիրահատել, սակայն գեներալ Գուրդենկոն արգելեց վիրահատությունը և ասաց, որ մեկ ամիս հետո բերանս կբացվի: Ես էլ թռա ու փախա: Մեկ ամիս անց, իրոք, բերանս մեկ սանտիմետր բացվեց ու էլի գնացի ֆրոնտ... Ֆրոնտից հետո երեք անգամ գնացել եմ Բուրդենկոյի ինստիտուտը, որ շնորհակալությունս հայտնեմ նրան, բայց, ցավոք, երեք անգամ էլ այնտեղ չի եղել…

Էդտեղ էլ փրկվեցի...

Ռումինիայի տարածքում էր…մենք եգիպտացորենի դաշտում էինք, գերմանացիները բարձունքում էին..հենց շարժվում էինք՝ կրակում էին…

Շտաբի հրամանատարն ինձ հանձնարարեց հետախուզություն կատարել, հատնաբերել գերմանական կետերը և անմիջապես ոչնչացնել, որպեսզի հետևակն առաջ շարժվի: Ես ուղարկեցի մեր հետախույզներին, բայց, ցավոք, նրանք չկարողացան հարցը լուծել: Հրամանատարն ինձ ժամանակ տվեց, որ հաջորդ օրը՝ մինչև առավոտյան ժամը 6-ը, հրամանը պետք է կատարված լիներ, այլ հնար չկար: Ես առաջարկեցի մեր ստարշինային՝ Վորոտինցևին, ով մարտական, կոփված, ինձանից մեծ փորձ ունեցող մարդ էր՝ միասին պետք գնալ հետախուզության:

 Գիշերը, երբ մթնշաղ էր, երկուսով թևանցուկ անցանք եգիպտացորենի դաշտով, թիկունքից մոտեցանք գերմանացիներին, ուսումնասիրեցինք նրանց կրակակետերը, քարտեզի վրա նշումներ կատարեցինք՝ որտեղ են նրանց կենտրոնները, երբ ու ինչ ճանապարհով հետ կշարժվեն: Մի խոսքով, նշումներ կատարեցինք և սկսեցինք հետ դառնալ: Ճանապարհին, երբ արդեն լուսաբացը մոտ էր, հանկարծ լսեցինք գերմանացիների ձայներ: Մենք կենտրոնական զոնայում էինք, որը նրանց վերահսկողության տակ էր գտնվում: Նրանք էլ դուրս էին եկել գիշերային շրջայցի: Հանկարծ մի փոքրիկ քողիկ տեսանք, հավանաբար այն ծառայել էր որպես պահակատեղի: Անմիջապես մտանք այդ փոքրիկ տնակը, այնտեղ տախտակներ ու շատ խոտ կար, խոտի տակ քողարկվեցինք և սպասում էինք, որ գերմանացիները գան ու գնան: Խոսելով գալիս անցնում էին: Ձայները դադարեցին, մտածեցինք գնացին: Ես դուրս եկա, ուզում էի դուռը բացել, և հանկարծ գերմանացին դուռը բացեց ու ներս մտավ: Անմիջապես թաքնվեցի դռան հետևում: Ոտքերս նկատեց, սվինը պահեց փորիս: Նրանց հրացաններին ամրացրած որսորդական դանակի նման սվին էր, մինչև հիմա, ահա, ձեռքիս այդ սպին կա: Ես բռնեցի դա ու փորձում էի ետ պահել, արյունը գնում էր, բայց ուրիշ հնար չկար…

Այդ րոպեին Վորոտինցևը տեսավ, որ ես ծանր դրության մեջ եմ, դուրս թռավ և հետևից խփեց նեմեցի գլխին: Դա բավական չէր, դանակը հանեց և երեք անգամ սրտին խփեց: Ես կյանքում առաջին անգամ մոտիկից տեսա, թե ինչպես են մարդ սպանում: Կրակել էի, շատ էի սպանել, բայց ոչ այդ ձևով: Վորոտինցևը փրկեց իմ կյանքը: Ես կարող էի կրակել, բայց դա մեր վերջին րոպեն կլիներ, գերմանացիները կլսեին, կգային:

Մեր բախտից հեռացել էին, ձայն չկար, մենք կամաց դուրս եկանք և շարժվեցինք դեպի մեր զորքերը: Լուսադեմին հասանք տեղ: Նշումներն ունեի, պատրաստեցինք և առավոտյան ժամը 7-ին հրամանատարին զեկուցեցի, որ առաջադրանքը կատարված է: Նա կապվեց ավիացիայի հետ, որ մեզ օգնեն: Նրանք վերևից, մենք ներքևից առաջ էինք շարժվում: Այնտեղ շատ գերիներ վերցրինք և շատ մարդկանց սպանեցինք…

 

Հարցազրույցն իրականացվել է ապրիլի 29-ին Աստանայում կայացած «Մեծ հաղթանակ՝ ձեռք բերված միասնաբար. առաջնագծի արիություն, թիկունքի ամրություն» համաժողովի շրջանակներում: Միջոցառումը կազմակերպվել է «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական ակումբի և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի կողմից՝ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցությամբ հիմնադրամի աջակցությամբ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: