ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնի նախագահությունը բարենպաստ է լինելու միջազգային գործընկերների համար

P. Wojazer / Reuters

Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնած էմանուել Մակրոնը մեծ պլաններ ունի Եվրոպայի համար: «Ես կպաշտպանեմ Եվրոպան: Դա մեր քաղաքակրթությունն է, որը հայտնվել է վտանգի տակ: Ես կաշխատեմ վերականգնել Եվրոպայի և նրա քաղաքացիների միջև կապը», - իր առաջին պաշտոնական ելույթում նշել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը:

Այս հայտարարությունն, ինչպես նաև Մակրոնի նախընտրական ծրագիրը, ենթադրում է, որ ԵՄ-ում Ֆրանսիան կսկսի ավելի ակտիվ գործել, քան Օլանդի և Սարկոզիի օրոք: Թե ինչքանո՞վ կհաջողվի Փարիզին ստանձնել ԵՄ առաջին ջութակի դերը՝ դժվար է ասել:  Այստեղ թերևս ամեն ինչ կախված է Գերմանիայից՝ ավելի ճիշտ գերմանական նոր կառավարությունից, որը կընտրվի աշնանը:

Եթե Անգելա Մերկելը վերընտրվի կանցլերի պաշտոնում, ակնհայտորեն Մակրոնը ստիպված կլինի բավարարվել երկրորդ ջութակի դերով. հաշվի առնելով Մերկելի քաղաքական մեծ փորձը՝ Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահին դժվար թե հաջողվի առաջ անցնել նրանից: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Մակրոնը, ի տարբերություն Լե Պենի, երբեք էլ չի վրդովվել, որ ԵՄ-ն «ղեկավարում» է Բեռլինը: Ավելին, ԵՄ բարեփախումների և ընդհանրապես արտաքին քաղաքականության հարցում Մակրոնը մշտապես նշել է Գերմանիայի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իր առաջին այցը պատրաստվում է կատարել Բեռլին, ինչպես հայտնում է CNews հեռուստաընկերությունը:

Այսպիսով, ԵՄ-ում Մերկել-Օլանդ տանդեմը վերածվում է Մերկել-Մակրոն տանդեմի, և ակնկալել կտրուկ փոփոխություններ այս հարցում չարժե. Բեռլինն ու Փարիզն այսուհետ ևս շարունակելու են փրկել Եվրամիությունը փլուզումից: Ի դեպ, այս հարցում հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ուրախացրել է հենց Մակրոնի հաղթանակը, ով խոստացել է Brexit-ի հարցում բավականի կոշտ բանակցող լինել: Չնայած Լե Պենի հայացքներն ավելի մոտ են ԵՄ հարցում Լոնդոնի ներկայիս քաղաքականությանը, սակայն բրիտանական իշխանությունները մտավախություն ունեին, որ Լե Պենի ընտրվելու և արդյունքում Frexit-ի գործընթաց սկսելու դեպքում Բրյուսելը բանակցություններում բավականին անզիջող կլինի, և ԵՄ կազմից Մեծ Բրիտանիան դուրս կգա անսպասելի մեծ կորուստներով:

Այսպիսով, կարելի է ասել, որ Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելը եթե չի հեշտացրել, ապա գոնե չի էլ բարդացրել եվրոպական գործընկերների գործը. Ֆրանսիան մեծ հաշվով չի փոխի իր քաղաքական գիծը և կլինի կանխատեսելի:

Սա լավ լուր կարելի է համարել միջազգային գործընկերների համար, սակայն ֆրանսիացիներն այդքան էլ գոհ չեն նման հեռանկարից: Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել ազգայնական Մարին Լե Պենի բարձր հակավարկանիշի շնորհիվ: Ֆրանսիացիներն այդքան էլ չեն վստահում բավականին երիտասարդ, քաղաքական փորձ չունեցող նորընտիր նախագահին, ով պատրաստվում է շարունակել 5-րդ հանրապետության պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցած նախագահի՝ Օլանդի գործը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: