ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահական ընտրություններն Իրանում. կհաջողվի՞ Ռոհանիին հաղթահարել պոպուլիզմը

Reuters

Իրանը պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք կկայանան այս ուրբաթ՝ մայիսի 19-ին: Չնայած Իրանը թեոկրատիկ պետություն է, և գերագույն իշխանությունը գտնվում է երկրի հոգևոր առաջնորդի ձեռքում՝ պետք է նկատել, որ նախագահական ընտրությունները բնավ սիմվոլիկ բնույթ չեն կրում, և իրական, կարելի է ասել, լարված նախընտրական պայքար է ընթանում թեկնածուների միջև (նախագահի պաշտոնի համար արդեն պայքարում է 4 թեկնածու):

Մինչ նախընտրական արշավի մեկնարկը վերլուծաբանները կանխատեսում էին, որ գործող նախագահ Հասան Ռոհանին առանց խոչընդոտների կկարողանա վերընտրվել նախագահի պաշտոնում: Սակայն ընտրարշավը ցույց տվեց, որ դա բնավ այդպես չէ:

Այսպես, գործող նախագահի հիմնական մրցակիցներ էին նախկին գլխավոր դատախազ, պահպանողական էբրահիմ Ռայիսին և Թեհրանի քաղաքապետ Մոհամմեդ Բագեր Գալիբաֆը, ով հայտնեց իր թեկնածությունը հօգուտ Ռայիսիի հանելու մասին: Նշենք, որ և՛ Գալիբաֆը, և՛ Ռայիսին իրենց նախընտրական ծրագրում հիմնականում շեշտը դնում են հենց տնտեսական խնդիրների վրա, որոնք Ռոհանին իր նախագահության օրոք այդպես էլ չկարողացավ լուծել:  

Այստեղ հարկ է նշել, որ Ռոհանին ժառանգություն էր ստացել բավականին ծանր վիճակում գտնվող տնտեսություն և միջազգայնորեն մեկուսացած երկիր: Ռոհանիի վարչակազմի շնորհիվ կնքված միջուկային գործարքը, որը հնարավորություն տվեց չեղարկելու միջազգային պատժամիջոցները, էական դրական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության վրա, սակայն դա առավել նկատելի է երկարաժամկետ հեռանկարում, կարճաժամկետ հեռանկարում միջինից ցածր խավի համար տնտեսությունում այդ դրական տեղաշարժերը մեծ հաշվով նկատելի չեն:

Ռայիսին, ով բավականին հաջող կերպով ղեկավարում է Իրանի խոշորագույն իսլամական «Կուդս-Ռազավի» հիմնադրամը, բացի Ռոհանիի տնտեսական «բացթողումներից» իրանցիների դժգոհությունից և առանցաքային մյուս թեկնածուի աջակցությունից, ունի այլ առավելություններ ևս. նա հանդիսանում է Մուհամմեդ մարգարեի ուղիղ սերունդը, ինչը, պետք է նշել, Իսլամական Հանրապետությունում բավականին  լուրջ առավելություն է: Նա նաև վայելում է Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդի աջակցությունը: Իրանական լրատվամիջոցները Ռայիսին նշում են որպես այաթոլլահի ամենահավանական իրավահաջորդ:

Նման պայմաններում գործող նախագահին գնալով ավելի է դժվարանում պահել ընտրազանգվածի աջակցությունը: Ամեն դեպքում դեռևս Ռոհանին համարվում է մրցապայքարի առաջատարը: Նախօրեին, ինչպես և ակնկալվում էր, նրա օգտին իր թեկնածությունն հանելու մասին հայտարարեց նաև գործող փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին՝ էլ ավելի ուժեղացնելով Ռոհանիի դիրքերը: Նշենք, որ որոշ վերլուծաբաններ ակնկալում են, որ Ռոհանիի օգտին իր թեկնածությունը կհանի նաև նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Տաբան, ով միջուկային գործարքի ակտիվ ջատագովներից է:

Նախագահի մյուս թեկնածուն՝ մշակույթի նախկին նախարար պահպանողական Մոստաֆա Աղա-Միրսալիմը, հայտնի է բարեփոխումների և հատկապես արևմտյան մշակութային ազդեցության նկատմամբ ունեցած իր բավականին կոշտ դիրքորոշմամբ: Ուստի կարելի է ասել, որ այժմ մրցապայքարում, որն ինչ-որ տեղ հիշեցնում է միջուկային գործարքի շուրջ հանրաքվե, Ռոհանին ունի երկու ընդդիմախոս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: