ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աղքատության ցուցանիշն առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս. նախագահ

president.am

Առաջիկա հին տարում աղքատության մակարդակը չպետք է գերազանցի 18 տոկոսը: Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկրի սոցիալ–տնտեսական վիճակին:

«Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ և միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված և նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձևավորմանը՝ աստիճանաբար տարածվելով և հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը: Միևնույն ժամանակ, առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր մնալ:

Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։

Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը:

Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար և թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար և չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում:

Աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր և իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը:

Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:

Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր և իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը:

Այս նպատակով պետք է հետևողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը: 
Միևնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Մասնավորապես, պետք է հասնենք այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:
Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:

Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի», - Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ նշել է նախագահը:

:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: