ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանի անկախության հարցը կրկին կիզակետում է

Իրաքի քրդական ինքնավարությունը հայտարարել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու իր որոշման մասին: Բաղդադի կենտրոնական կառավարությունից անկախանալու գաղափարն ակտիվորեն շրջանառվում է դեռևս 2014 թվականից՝ կառավարության և Էրբիլի միջև շարունակվող տարաձայնությունների (էներգետիկ անջատ պայմանագրեր, Իրաքի բյուջեի բաշխում, քրդական զինված ստորաբաժանումների ֆինանսավորում, տարածքային վեճեր և այլն) համատեքստում: Այսօր վերոնշյալ խնդիրներին գումարվել է նաև տարածաշրջանային ակտիվ տարաբնույթ զարգացումների փաստը, և Էրբիլում, հավանաբար, կարծում են, որ քաղաքական դասավորությունն այս պահին ամենահարմարն է անկախության հանրաքվե անցկացնելու համար: Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները նոր աշխարհաքաղաքական պայմաններ են ստեղծել քրդերի համար (ոչ միայն Իրաքում), ովքեր ստեղծված իրավիճակը դիտարկում են իբրև անկախանալու լավ հնարավորություն:

Հիշեցնենք, որ 1991 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո Իրաքի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծվեց, որտեղ կառավարական զորքերը մտնելու իրավունք չունեին: 1991-2003 թվականների ընթացքում քրդերը փաստացի կիսաանկախ էին: Աստիճանաբար Իրաքյան Քրդստանը դուրս եկավ մեկուսացումից` առևտրատնտեսական և քաղաքական կապեր հաստատելով Միացյալ Նահանգների, եվրոպական և տարածաշրջանային բազմաթիվ երկրների հետ: Անմիջական սահման ունենալով Թուրքիայի հետ` Իրաքյան Քրդստանը մեծ թափով զարգացրեց կապերն Անկարայի հետ, հատկապես՝ նավթի մատակարարման հարցում: Այսօր  Իրաքյան Քրդստանն, ամրապնդելով իր դիրքերը և օգտվելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, սկսել է գործել իբրև առանձին պետական միավորում` իր քայլերում շրջանցելով պաշտոնական Բաղդադին, իսկ քրդական զինված ստորաբաժանումները լուրջ գործոն են դարձել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Նախ, պետք է նկատել, որ անկախության հանրաքվե անցկացնելու հարցում Էրբիլին դեռևս չի հաջողվում համաձայնության գալ պաշտոնական Բաղդադի հետ: Չնայած վերջին շրջանում Իրաքի կառավարությունը բավականին թուլացրել է քրդական ինքնավարության նկատմամբ վերահսկողությունը՝ պայմանավորված ԻՊ դեմ պայքարով, շիաների հետ կապված ներքին խնդիրներով և այլն,  միևնույն է՝ այս պահին քրդերի անկախությանը համաձայնելու հնարավորությունը մեծ չէ: Իրաքյան Քրդստանի անկախացումը նշանակում է ոչ միայն տարածքային կորուստ և անջատողականության տարածման ռիսկեր, այլ նաև ֆինանսական մեծ կորուստներ՝ հաշվի առնելով Իրաքյան Քրդստանի էներգետիկ ռեսուրսները:

Իրաքյան Քրդստանի անկախացման գաղափարն աջակցություն չի գտնում նաև ոչ միայն տարածաշրջանային երկրների (Թուրքիա, Իրան, Սիրիա), այլ նաև արևմտյան ուժերի շրջանում: Որքան էլ որ վերջին տարիներին ԱՄՆ-ը և եվրոպական երկրները շարունակաբար խորացնում են համագործակցությունն (Բաղդադից անջատ) Իրաքյան Քրդստանի հետ, այդ թվում նաև ռազմական ոլորտում՝ կարևորելով ահաբեկչության դեմ պայքարում քրդերի հետ համագործակցելու անհրաժեշտությունը և Իրաքյան Քրդստանի հսկայական էներգետիկ ռեսուրսները, այնուամենայնիվ, անկախ քրդական պետության ստեղծումը, համենայն դեպս այս պահին, նրանց ծրագրերում ակնհայտորեն չկա: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ունի: Եթե Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պարագայում դա պայմանավորված է սեփական երկրում քրդերի անկախացման նկրտումները զսպելու ցանկությամբ, ապա արևմտյան ուժերի համար Իրաքի՝ որպես մեկ ամբողջական միավորի պահպանումն այս պահին առաջնային է համարվում՝ հաշվի առնելով Իրաքի մասնատումից բխող վտանգները առանց այն էլ պայթյունավտանգ այս իրավիճակում: Թերևս բացառություն է կազմում Իսրայելը, որտեղ բավական ոգևորված են Իրաքյան Քրդստանի անկախացման գաղափարով՝ դիտարկելով այն որպես բավական կարևոր մուսուլմանական ուժ, որի հետ համագործակցությունը կծառայի Իսրայելի շահերին:

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում բավական հետաքրքրական է հանրաքվեի անցկացումը դիտարկել Իրաքյան Քրդստանի ներսում տիրող իրավիճակի և պաշտոնական Բաղդադի հետ Էրբիլի ներկա հարաբերությունների համատեքստում: Իրաքյան Քրդստանի ներսում լուրջ ճգնաժամ է տիրում նախագահ Մասուդ Բարզանիի անձի շուրջ: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, իսկ նոր նախագահի ընտրություններ այդպես էլ չեն նշանակվում: Եվ Բարզանին ու նրա կողմնակիցներն այս ֆոնին հետևողականորեն շրջանառում են անկախության հանրաքվեի անցկացումը՝ Բարզանիի պաշտոնավարումը ներկայացնելով որպես դրա համար անհրաժեշտ պայման:  Թերևս պատահական չէ, որ սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացնելու որոշմանը Իրաքյան Քրդստանի ոչ բոլոր քաղաքական ուժերն են կողմ՝ պնդելով, որ հանրաքվեի գաղափարը շրջանառվում է միայն Բարզանիի կուսակցության դիրքերն ամրապնդելու համար:

Մյուս կողմից, ԻՊ-ից Քիրքուկի և նավթով հարուստ մի շարք այլ շրջանների ազատագրման (գերազանցապես քրդական ուժերի կողմից) ֆոնին լրջորեն սրվել են Բաղդադի և Էրբիլի հարաբերությունները: Քրդական ինքնավարությունը նավթով հարուստ այս շրջաններն իրենն է համարում՝ նախատեսելով անկախության հանրաքվե անցկացնել նաև այս շրջաններում, մինչդեռ Իրաքի կառավարությունը մտադիր չէ հրաժարվել այս կարևոր շրջաններից: Եվ չի բացառվում, որ անկախության հանրաքվեի շրջանառմամբ Էրբիլը նպատակ է հետապնդում դիվիդենտներ շահել Բաղդադի հետ այս կարևոր հարցի շուրջ բանակցություններում, և որոշակի փոխզիջման արդյունքում (իսկ Իրաքում տիրող դժվարին պայմանների ֆոնին չենք կարող բացառել, որ Հեյդար Աբադիի կառավարությունը գնա նման փոխզիջման) հանրաքվեն հերթական անգամ կարող է հետաձգվել:  

Հասկանալի է, որ անկախության հանրաքվեի անցկացման կամ առավել ևս դրա արդյունքների ճանաչման ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կան. Էրբիլը պետք է կարգավորի իր ներքին ճգնաժամը, համաձայնության եզրեր գտնի Բաղդադի հետ և ստանա տարածաշրջանային և միջազգային ուժերի աջակցությունը: Իրաքի ներսում և ողջ տարածաշրջանում տիրող ընդհանուր անկայունության և խաչաձևված հարաբերությունների պայմաններում սա հեշտ չի լինելու:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: