ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռաքքայի ազատագրում. Թուրքիան և ԱՄՆ-ը հայտնվել են փակուղում

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է նոր լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: «Այժմ Սիրիայում բացասական գործընթացներ են տեղի ունենում: Եթե դա հանգեցնի մեր սահմանների համար սպառնալիքի առաջացման, մենք կարձագանքենք այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ», - հայտարարել է Էրդողանը՝ հստակեցնելով, որ խոսքը ոչ այդքան ԻՊ կողմից ահաբեկչական սպառնալիքի այլ քրդերի մասին է: «Թուրքիան թույլ չի տա քրդական պետության ստեղծում», - ընդգծել է Էրդողանը:

Հիշեցնենք, Սիրիայում 2016  թվականի օգոստոսից - 2017 թվականի մարտը Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության պաշտոնական նպատակը թուրքական Գազիենթափ նահանգի համար ԻՊ կողմից ահաբեկչական սպառնալիքի չեզոքացումն էր, գործնականում այն նպատակ էր հետապնդում կասեցնելու Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ, քրդերի առաջխաղացումը: «Եփրատի վահանի» արդյունքում Թուրքիան իր վերահսկողությունը հաստատեց Սիրիայի հյուսիսում մոտ 3 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ՝ իր վերահսկողության գոտում ընդգրկելով Ջարաբլուս և Էլ-Բաբ քաղաքները: «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիան նաև նախատեսում էր Մանբիջ քաղաքի ազատագրումը քրդական ուժերից և վերահսկողության հաստատումը Ռաքքայի նկատմամբ, ինչն Անկարայի կարծիքով ամբողջությամբ կչեզոքացներ քրդական վտանգը: Սակայն, թուրքական այս ծրագրերին խանգարեց դաշնակից ԱՄՆ-ը, որը Ռաքքան ազատագրելու առաքելությունը վերցրեց իր ձեռքը: Այս հարցում ԱՄՆ-ը ակտիվ համագործակցում է քրդական ուժերի հետ, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Թուրքիային: Պաշտոնական Անկարան, իհարկե, բազմիցս բարձրաձայնել է դրա մասին, սակայն Վաշինգտոնում առանձնապես ուշադրություն չեն դարձնում Անկարայի դժգոհությանը:

Նշենք, որ Ռաքքայի ազատագրումը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ նաև բարոյահոգեբանական. ԻՊ մայրաքաղաքն ազատագրող կողմը աշխարհին կներկայանա որպես Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ամենաարդյունավետ կողմ՝ հավակնելով ավելի շատ դիվիդենտներ ստանալ բանակցությունների ժամանակ: Այս համատեքստում քրդերին ԱՄՆ-ի «շնորհակալությունը» կարող է արտահայտվել նաև քրդերի քաղաքական հավակնություններին՝ մասնավորապես Սիրիայի հյուսիսում քարդական որևէ միավորի ստեղծմանը քաղաքական աջակցությամբ, իսկ Սիրիայում  քրդական ցանկացած քաղաքական միավոր Անկարան դիտարկում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը (Անկարայում համոզված են, որ Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը Թուրքիայի քրդերի համար ազգային ազատագրական պայքարի ակտիվացման ազդանշան կարող է դառնալ):

Ամենայն հավանականությամբ Էրդողանը, Ռաքքան և Մանբիջն ազատագրելու համար նոր գործողություն սկսելու հավանականության մասին զգուշացնելով, որոշակի մեսիջ է ուղարկում Վաշինգտոնին, որ դադարեցնի քրդերին զինել և ընդհանրապես համագործակցել վերջիններիս հետ: Հետաքրքիր է, որ Էրդողանի այս հայտարարությունները հնչում են Համբուրգում G-20-ի հանդիպմանն ընդառաջ: Այս գագաթաժողովը հրաշալի առիթ կլինի սիրիական հակամարտության մեջ ներքաշված արտաքին հիմնական դերակատարների համար որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու՝ միմյանց շահերը Սիրիայում հաշվի առնելու համար:

Նման պայմանավորվածության բացակայության դեպքում, սակայն, չի կարելի բացառել, որ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Էրդողանի հայտարարությունները խոսքից կարող են վերածվել գործի (hիշեցնենք, որ չնայած «Եփրատի վահան» գործողության ավարտին, թուրքական զորքերը շարունակում են մնալ Սիրիայի տարածքում): Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմը Ռաքքայի ազատագրումով փորձում է վերադարձնել վերջին ամիսներին Սիրիայում ռուսական հաջողությունների ֆոնին կորցրած հեղինակությունը և ակնհայտորեն չի հրաժարվի այդ գաղափարից, որի իրագործման համար, սակայն ցամաքից քրդական աջակցության կարիք ունի: Արդյունքում կստացվի. որ Ռաքքայում միմյանց դեմ կռվում են ԱՄՆ-ի ռազմավարական երկու դաշնակիցները: Նման փակուղուց դուրս գալու համար Վաշինգտոնը ստիպված կլինի Թուրքիային համոզիչ երաշխիքներ տրամադրել՝ Ռաքքան ազատագրելուց հետո քրդերի հետ չհամագործակցելու վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: