ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Forbes. Ալիևի ռեժիմը չի կարող իրեն երկարաժամկետ պատերազմ թույլ տալ

Пражский Телеграф

Ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսևորումներին և վերլուծել դրա պատճառահետևանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ, հայտնում է «Արմենպրեսս»-ը:

«Մայիսի 18-ին Ադրբեջանն առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա՝ նաև Ռուսաստանի արտգործնախարարության զայրույթը՝ խախտելով նախորդ տարի հակամարտող կողմերի միջև հաստատված անկայուն հրադադարը:  Սա բավականին եզակի քննադատություն է պատմականորեն չեզոք կառույցների կողմից», - գրում է հոդվածի հեղինակ Մովսես Տեր-Հովհաննիսյանը: 

Նա նշում է, որ օգտագործելով իսրայելական Spike հակատանկային հրթիռային համակարգը՝ Ադրբեջանը թիրախավորեց Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, և սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը մի քանի անգամ պարբերաբար հայտարարել էր Հայաստանի  կողմից բռնության դրսևորման մասին:

«Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններով հանդես եկավ նաև այն ժամանակ, երբ արժեզրկեց իր ազգային տարադրամը՝ մանաթը, 2015 թվականին, ինչը հանգեցրեց նրան, որ միջին կենսամակարդակ ունեցող ադրբեջանցին կորցրեց իր խնայողությունների համարյա կեսը»,-նշել է Մովսես Տեր-Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ճգնաժամին հաջորդեց 1994 թվականի Բիշքեկում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարից հետո շփման գծում  ամենամեծ բռնության դրսևորումը:

«Հենց նույն շաբաթվա ընթացքում, երբ  թիրախավորվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը,  Ադրբեջանի միջազգային բանկը ձախողեց 100 մլն վարկի վճարումը և Նյու Յորքում հայտարարեց իր սնանկացման մասին:  Դրանից հետո բանկը Ադրբեջանի էներգետիկ հսկա համարվող պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին տրամադրեց 2 մլրդ դոլար վարկ, սակայն ընկերությունը նույնպես չարդարացրեց սպասելիքները և համաշխարհային վարկանիշային «S&P Global Rating» ընկերության կողմից արժանացավ  բացասական գնահատականի», - ընդգծում է հոդվածագիրը: 

Վարկային վարկանիշների կտրուկ նվազում,  նավթի և գազի արտադրության անկում, երկրի շինարարական հատվածի հետընթաց, դրան զուգահեռ գնաճ. հեղինակն Ադրբեջանում տիրող իրավիճակը համեմատում է «հոլանդական հիվանդության» հետ, երբ տնտեսության որոշակի հատվածի առաջխաղացումը զուգակցվում է մյուս հատվածների անկման հետ: Նավթային եկամուտներից կախված իր իշխանությունը պահպանել ցանկացող Ալիևին մնում էր ոչ այլ ինչ, քան հանգստացնել բնակչությանը՝  համախմբելով դրոշի շուրջ: 

«Նախորդ տարվա ապրիլին լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան դրսևորվեց Պանամայի փաստաթղթերի հրապարակման նախօրեին. դրանք բացահայտեցին Ալիևների ներգրավվածությունը խարդախության ու նեպոտիզմի մեջ», - հիշեցնում է հոդվածագիրը: 

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի հաճախակիացող սրումը միանշանակ պայմանավորված է թե երկրի տնտեսության անկմամբ, թե Ադրբեջանի մեծ ցանկությամբ՝ բացահայտելու վերջին տասնամյակում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից գնված զինտեխնիկայի կարողությունները: Իսկ Թալիշ գյուղի մոտակայքում վերջերս 10 տանկերի տեղակայումն ու դուրսբերումը հեղինակը համարում է ոչ այլ ինչ, քան մոլորության մեջ գցելու նպատակ հետապնդող մի ծրագիր. Ադրբեջանն այսպես փորձարկումներ է իրականացնում: 

«Ալիևի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ այն դեպքում, երբ իր նավթային ենթակառուցվածքը հնարավոր է հայտնվի սպառնալիքի տակ, ուստի այն պարզապես սահմանափակվելու է բախումներով, ինչին ականատես եղանք նախորդ տարի», - եզրափակում է Forbes-ի հոդվածագիրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: