ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 309,09 դրամ ԱՐԾԱԹ - 358,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 810,34 դրամ

Ֆրանս-գերմանական առանցքը վերականգնվու՞մ է

CGTN

Եվրոպական միության գոյության ողջ ընթացքում Ֆրանսիան և Գերմանիան լուրջ դերակատարություն են ունեցել այդ կառույցում՝ որպես դրա փաստացի հիմնադիրներ և ԵՄ առաջատար երկրներ: 2007 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիի ընտրվելուց հետո ԵՄ մի շարք երկրներում սկսեցին խոսել Փարիզ-Բեռլին միության թուլացման մասին: Եվրոպայում ֆինանսական ճգնաժամի հաղթահարման միջոցների հարցում առկա տարաձայնությունների հետևանքով երկու երկրների հարաբերություններն էլ ավելի վատացան Սարկոզիին հաջորդած Ֆրանսու Օլանդի օրոք: Չի բացառվում, որ անձնական գործոնը ևս դերակատարում ուներ, սակայն, ակնհայտ է, որ երկու երկրների միջև կուտակվել էին բազմաթիվ տարաձայնություններ իրենց համար կարևոր խնդիրների շուրջ: Ինչևէ, եվրոպական այս երկու երկրները չեն կարող միմյանց հետ չհամագործակցելու ճոխություն թույլ տալ իրենց:

Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Գերմանիայի կառավարությունը բացահայտ կերպով արտահայտում էր իր հավանությունը Էմանուել Մակրոնի նկատմամբ: Վերջինս, ինչպես հայտնի է, նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կատարեց հենց Գերմանիա: Երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ժամանակ, չնայած բոլոր տարաձայնություններին, ընդգծվեց Ֆրանսիայի և Գերմանիայի առանցքային դերը ճգնաժամ ապրող Եվրոպայում: Ակնհայտ է, որ Ֆրանսիայի նոր նախագահը մտադիր է վերականգնել ֆրանս-գերմանական առանցքը:

Մերկելն իր հերթին Փարիզի հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն բարդ ժամանակներ է ապրում, սակայն ուժեղ Ֆրանսիան կօգնի հաղթահարել դժվարությունները: Գաղտնիք չէ, որ Բեռլին այս պահին բավական շահագրգռված է ի դեմ Ֆրանսիայի ամուր գործընկեր ունենալու հարցում, ինչը բավական կարևոր է տարբեր խնդիրների դեմ պայքարելու համատեքստում: 

Այդ խնդիրներից մեկն էլ այժմ Brexit-ն է, որն ավելի է ամրապնդում ֆրանս-գերմանական միությունը: Այս հարցով ենթադրվող երկար և դժվար բանակցությունները միասնականություն են պահանջում Եվրոպայից: Մակրոնին և Մերկելին միավորում է նաև աշխատանքի շուկայի բարեփոխման գաղափարը, որը ենթադրում է ձեռնարկությունների լուրջ մրցակցություն և ճկունություն: Գերմանիայում դա ընկալվում է որպես գործազրկության ցուցանիշի նվազեցում: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են ԵՄ-ի և եվրագոտու ամրապնդման համար «Ճանապարհային քարտեզի» մշակման մեկնարկի մասին: Բացի այդ, Մակրոնը և Մերկելը ցանկանում են, որպեսզի Եվրոպան ի վիճակի լինի ինքնուրույն կարգավորել ճգնաժամերը, այդ թվում՝ կապված փախստականների հետ: Երկու ղեկավարներին միավորում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցելու և ԵՄ սահմանները պաշտպանելու ձգտումը:

Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում ևս նկատվում են ընդհանրություններ, օրինակ՝ Սիրիայի և Ուկրաինայի հարցերում: Ընդ որում, երկրորդի պարագայում երկու երկրներին միավորում են ոչ միայն ընդհանուր դիրքորոշումները, այլև ներգրավվածությունը նորմանդական քառյակում (Ուկրաինայի արևելքում, ինչպես նաև Ղրիմում իրավիճակի կարգավորման և Մինսկի համաձայնությունների կատարման հարցերով 4 երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան) բարձրաստիճան պաշտոնյաների դիվանագիտական խումբ):

Չնայած այս ամենին, երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունեն նաև որոշակի տարաձայնություններ: Դրանք վերաբերում են, օրինակ, ընդհանուր բյուջեի և եվրագոտու ֆինանսների նախարարի պաշտոնի ստեղծման մասին Մակրոնի առաջարկներին:

Չի բացառվում, որ որոշ հարցերում տարաձայնությունների առկայությունն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զգուշավորությունը պայմանավորված են երկրում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Եթե Մակրոնն արդեն հաղթանակ է տարել և ձգտում են առաջ շարժվել արագ տեմպերով, ապա Մերկելի համար ընտրարշավը նոր է սկսվում: Հնարավոր է, որ Գերմանիայի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի դիրքորոշումն այժմ վիճելի համարվող հարցերում փոխվի:

Ինչևէ, ֆրանս-գերմանական հարաբերություններում նկատվող մերձեցումը շատերի համար անակնկալ չէր: Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան, խոսելով 2017 թվականին Եվրոպայում քաղաքական իրավիճակի զարգացման մասին, ավելի վաղ նշել էր, որ այս տարին դառնալու է ֆրանս-գերմանական առանցքի վերականգնման տարի:

Տեղեկանք 

Ֆրանս-գերմանական հարաբերությունները պատմականորեն լարված բնույթ են կրել: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում այս պետությունները կռվել են միմյանց դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո երկու երկրներն սկսեցին համագործակցել:

1950 թվականի մարտին Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը հայտարարեց երկու երկրների մերձեցման մասին: Ֆրանս-Գերմանական համագործակցության մասին 1963 թվականի հունվարի 22-ի պայմանագիրը (Ելիսեյան պայմանագիր) հիմք դրեց երկկողմ հարաբերությունների որակական աճին:

Ֆրանս-գերմանական հարաբերությունները հաճախ բաժանում են երեք փուլի. մինչև 1945 թվական («ժառանգական ատելության» շրջան), 1945-1963 թվականներ («հաշտեցում») և 1963 թվականից հետո («յուրահատուկ հարաբերություններ»):

Գերմանիան և Ֆրանսիան մեծ դերակատարություն են ունեցել Եվրոպական միության ձևավորման գործում:

Գերմանիան հանդիսանում է Ֆրանսիայի խոշորագույն առևտրական գործընկեր: Երկու երկրները համագործակցում են նաև մշակութային, ռազմական և մի շարք այլ ոլորտներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
03.12.2021
17°  30° 
04.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: