ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական կայքն անդրադարձել է Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի հայ հոգեզավակի ինքնությանը

Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագումով հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Սաբիհան՝ անձամբ, ժամանակին իր տված հարցազրույցներից մեկում պատմել է, որ Աթաթուրքն իրեն որդեգրել է 12 տարեկան հասակում 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ: Գյոքչենը պատմել է, որ ծնողներ չի ունեցել և այդ ժամանակ ապրել է մեծ եղբոր հետ: Տեսնելով Աթաթուրքին` վազել  է նրա մոտ: Աթաթուրքը զրուցել է աղջնակի հետ և այնքան է հավանել նրան, որ որոշել է որդեգրել ու իր հետ տանել Անկարա:

Հոդվածում ներկայացվում է Սաբիհայի կենսագրության մյուս տարբերակը ևս, որի մասին հանրությանը ժամանակին իրազեկել էր լուսահոգի Հրանտ Դինքը:

«2004-ին Հրանտ Դինքի ստորագրությամբ հրապարակվեց «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածը: Այդ հոդվածը մեկն էր այն մյուսներից, որոնք քայլ առ քայլ Հրանտին դեպի մահ էին տանում»,-գրում է Այշե Հյուրն: Դինքի հոդվածում ներկայացվում էր մի պատմությունը, որը Դինքին պատմել էր Սաբիհա Գյոքչենի մորաքույրը` Հռիփսիմե Սեբիլջյանը: Այդ պատմության համաձայն` Ներսես Սիբիլջյանի (Սաբիհայի հայրը) ընտանիքը Հալֆեթի Ջիբիլ գյուղում է բնակվել: 1915թ. հուլիսի 17-ին գյուղապետը շրջել է տնետուն և հանձնել մի փաստաթուղթ, որում գրված է եղել, որ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է լքեն իրենց տներն ու ճանապարհ դուրս գան դեպի Հալեպ:

Սեբիլջիյան ընտանիքը ճարահատյալ ճանապարհ է դուրս գալիս: Նրանց առաջին կանգառը լինում է  Այնթափը, որտեղ շատ այլ հայերի նման նրանք էլ որոշում են  երեխաներին հանձնել միսիոներական որբանոց` նրանց անվտանգությունն ապահովելու համար: Եվ այսպես` 6-ամյա Տիրուհին և 2-ամյա  Հաթունը հայտնվում են որբանոցում:

1918 հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո, իրենց տները վերադառնալ խիզախած հայերից էին նաև Սեբիլջյան ընտանիքի անդամները: Նրանք հասնելով Այնթափ` գնում են միսիոներական որբանոց, որպեսզի վերցնեն երեխաներին: Սակայն այնտեղ իմանում են, որ Աթաթուրքը շրջել է որբանոցներով  ու ասել, թե ում ամենաշատը հավանի, նրան հոգեզավակության կառնի: Եվ այդպես որդեգրել է Հաթունին` նրան տալով նոր անուն` Սաբիհա, իսկ ավելի ուշ` նոր ազգանուն` Գյոքչեն:  Հաթունն այդ օրվանից ապրել է Աթաթուրքի մոր Զուբեյդեյի մոտ, որի մահից հետո 1923թ. տեղափոխվել է Բուրսա, իսկ 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ Աթաթուրքը նրան Անկարա է տարել:  Դինքի հոդվածում ասվել է, որ Հաթունի (Սաբիհա) մորեղբոր որդին Աբրահամ Կարապետյանը 1955թ. Հաթունին գտնելու համար գալիս է Անկարա և հանդիպում Սաբիհա Գյոքչենի հետ: Նրանք զրուցում են, նկարվում:

Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրք է զբաղեցրել և մեծ ճանաչման հասել։ Նա Թուրքիայի առաջին կին օդաչուն է, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ Սաբիհան կործանիչով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։

Այս առնչությամբ օրեր առաջ հրապարակվել էր Քազիմ Գյունդողանի հոդվածը, որտեղ առաջ էր քաշվում այն գաղափարը , թե պատահական չէ, որ Դերսիմի կոտորածներում որպես գործիք օգտագործվել է հայկական ծագումով օդաչուն. «Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց ուշագրավ է, որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զազաների, հայերի և թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և սուննիականացման համար որպես զենք, գործիք հայ է ընտրվել և այդ ջարդը իրագործելու համար նրան «աշխարհի առաջին կին ռազմական օդաչու» կոչումն է տրվել»,- գրում է Գյունդողանը:

Քազիմ Գյունդողանը հոդվածում նշում է, որ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը պետք է անվանափոխել Հաթուն Սեբիլջյանի:

«Օսմանյան ժամանակշրջանից մինչև մեր օրերը որպես իրենց արմատներից պոկված ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված  «կորած աղջիկների»  խորհրդանիշ Հաթուն Սեբիլջյանի անվամբ օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր քայլ կլինի: Բացի այդ Դերսիմի ջարդերը ընդունելու մասին խոսող և «խաղաղության գործընթացը» առաջ տանել ցանկացող իշխանությունների այս հարցում ունեցած անկեղծության չափորոշիչն է:

21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտությունը է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ և տառապյալ Հաթուն Սեբիլջյանին, քան մարդկանց անխղճորեն ռմբահարող ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենին»,- ընդգծում է հոդվածի հեղինակը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: