ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էլեկտրոնային տնտեսություն. Հայաստանի փորձը (ՏԵՂԵԿԱՆՔ)

APEC

Ժամանակակից տնտեսությունը ենթարկվում է մեծ փոփոխությունների: Մի կողմից գլոբալիզացիոն գործընթացները, մյուս կողմից՝ տնտեսական մեծ տատանումները՝ ի դեմս ճգնաժամերի, որոնք  ինտեգրված տնտեսությունների փոխգործակցության համար խոչընդոտներ են ստեղծում, հանգեցրեցին տնտեսական մոդելների էվոլյուցիայի: Այս ամենից զատ, համաշխարհային տնտեսության տարեցտարի առավել սուղ դարձած «սահմանափակ ռեսուրսներով անսահամանափակ տնտեսության» անհրաժեշտության խնդիրը և տնտեսական ցիկլի միջին ժամանակահատվածի հետզհետե կրճատումը հանգեցրեցին նորագույն տեխնոլոգիաների կիրառությանը տնտեսական գործընթացներում:

Էլեկտրոնային տնտեսությունը (թվային տնտեսություն) թվային տեխնոլոգիաների, էլեկտրոնային հարթակներում վարվող տնտեսությունն է, որտեղ մատուցվում են էլեկտրոնային ծառայություններ, վաճառվում նույնանուն ապրանքներ և որի դիմաց վճարումները ևս կատարվում են էլեկտրոնային տարբերակներով: Թյուրընկալումներ չառաջացնելու համար, նշենք, որ էլեկտրոնային առևտրի պարագայում, էլեկտրոնային ապրանքը կարող է համարվել այդպիսին մինչև սպառողին վերջնական օգտագործման նպատակով հասնելը:

Էլեկտրոնային տնտեսության ձևավորումը ենթադրում է որոշակի գործընթացների հաջորդականություն, որոնք երբեմն կարող են զուգորդվել: Դրանց թվում նախ թվային տեխնոլոգիաների լայն կիրառությունն է տնտեսական գործընթացներում, սակայն ինստիտուցիոնալ մակարդակով էլեկտրոնային տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է այդպիսի բիզնեսավարման համար կարգավորող մեխանիզմների մշակում, ինչով զբաղվում է էլեկտրոնային կառավարությունը: Էլեկտրոնային տնտեսություն ունեցող հաջողված փորձերը վկայում են, որ ՀՆԱ-ում էլեկտրոնային տնտեսության մասնաբաժինը զգալի է այն երկրների դեպքում, որոնք ունեն էլեկտրոնային կառավարության ինստիտուտ: Դրանցից են Սինգապուրը, որտեղ թվային տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ տրամադրվում են դեռ վաղ տարիքից, Մեծ Բրիտանիան, որտեղ վերջին տարիներին թվային տնտեսության կշիռը ՀՆԱ-ում հասնում է տասը տոկոսի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա էլեկտրոնային կառավարությանն անցման գործընթացները սկսվել են մի քանի տարի առաջ: Չանդրադառնալով այդ նպատակով առանձին պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման մասնավոր դեպքերի ներդրումներին, որոնցից են օրինակ, մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը, որպես ինստիտուցիոնալ առաջին մեխանիզմ կարող ենք առանձնացնել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն (Էկենգ, www.ekeng.am): Այն հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին:

ԷԿԵՆԳ-ը ստանձնել է ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության նախագծերի իրականացման պատասխանատվությունը և իրականացնում է մի շարք կարևոր նախագծեր, որոնք միտված են էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:  

Մեր երկրում, վերջին տարիներին հատկապես, բավական մեծ թափ է առել էկետրոնային առևտրի զարգացումը:  Պաշտոնական տվյալների համաձայն, եթե էլեկտրոնային առևտրի աճը 2014-ին հասնում էր 2.4%-ի, ապա 2015—ին այն կազմել է 89,1%, իսկ 2016-ին՝ 79,3%:

Պետք է նշել, որ էլեկտրոնային տնտեսության ամբողջական և լիարժեք մեխանիզմներ ունենալու համար անհրաժեշտ է թվայնացնել նաև այլ ուղղությունները, առևտրից բացի: Մեր երկրում, մեծ ուշադրություն է դարձվում այսօր էլեկտրոնային առողջապահության ոլորտին:

Որպես առայժմ առկա գլխավոր խնդիր, առանձնանում են էլեկտրոնային գործարքների առձեռն վճարումների մեծ քանակը, ինչը բացատրվում են օնլայն վճարումների նկատմամբ վստահության ոչ բարձր մակարդակով:

Էլեկտրոնային տնտեսության համատեքստում, զարգացման միտումներ են նկատվում նաև էլեկտրոնային  ֆինանսական ծառայությունների ոլորտում:

Հաշվի առնելով էլեկտրոնային տնտեսության հաջողված փորձը՝ Հայաստանն այս ոլորտում դեռևս գոհացուցիչ մակարդակում չէ, սակայն առկա են դրական միտումներ: Հայաստանի թվային օրակարգին բավական մեծ ուշադրություն է հատկացում ՀՀ կառավարությունը, բացի այդ բավական ակտիվացել են նաև ԵԱՏՄ թվային օրակարգի շուրջ քննարկումները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: