ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինքնորոշման իրավունքը 2017թ.-ին

Sharq Forum

Նախորդ 2017թ.-ին ամենաաղմկահարույց և աչքի ընկնող իրադարձությունների շարքում իրենց կարևոր տեղն են զբաղեցնում ինքնորոշման իրավունքի համար պայքարի դրսևորումները:

Դրանցից ամենաքննարկվածը, թերևս, Կատալոնիայում անկախության հանրաքվեն էր և դրան հաջորդած իրադարձությունները:

Թե ինչու է Կատալոնիան ձգտում անկախանալ Իսպանիայից, գաղտնիք չէ որևէ մեկի համար. կատալոնացիների ազգայնականությունը դարերի պատմություն ունի, և ինքնավարության ժողովուրդը միշտ էլ հայտարարել է անկախանալու իր ձգտման մասին: Պատճառն, իհարկե, ազգային, լեզվական և այլ առանձնահատկություններն են, որոնցով Կատալոնիայի ժողովուրդը տարբերվում է մնացյալ Իսպանիայից: Բացի այդ, գոյություն ունեն տնտեսական և քաղաքական պատճառներ:

Դեռ նախորդ տարվա հունիսին Կատալոնիայի ինքնավարության իշխանությունները հայտարարեցին, որ հոկտեմբերի 1-ին երկրամասում անկախության հանրաքվե կանցկացվի, ինչի նկատմամբ Մադրիդի դիրքորոշումը միանշանակ էր. ամեն ինչ կարվի «վիճահարույց» հանրաքվեն կանխելու համար,  Սահմանադրական դատարանն էլ հանրաքվե անցկացնելու նկատմամբ արգելք սահմանեց:

Այնուամենայնիվ, խոստացված հանրաքվեն տեղի ունեցավ՝ ընտրատեղամասերին մոտ հերթերի գոյացմամբ և իսպանական ոստիկանության ակտիվ միջամտությամբ, եղան տուժածներ: Ըստ Կատալոնիայի կառավարության հրապարակած պաշտոնական տվյալների՝ անկախանալուն կողմ էր քվեարկել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 90%-ը կամ 2 մլն 20 հազ 144 մարդ: Մի քանի օր անց Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարեց երկրամասի անկախանալու մասին, իսկ Մադրիդը չճանաչեց «անկախության հռչակագիրը» և «սխալն ուղղելու» համար Պուչդեմոնին ժամանակ տվեց՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որով կսահմանափակվեր երկրամասի ինքնավարությունը և կլուծարվեր կառավարությունը: Քաղաքական պայքարի շարունակության արդյունքում հենց այդպես էլ եղավ. վարչապետ Մարիանո Ռախոյը լուծարեց Կատալոնիայի խորհրդարանը, և երկրամասի նկատմամբ Սենատը ուղիղ կառավարում մտցրեց: Հեռանալով պաշտոնից՝ Պուչդեմոնը ապաստան գտավ Բելգիայում: Կատալոնիայի իշխանությունների նախկին ներկայացուցիչների մի մասը ձերբակալվեց:

Կատալոնիայում սկսվեցին ցույցեր, Մադրդի դեմ բողոք սկսվեց նաև Բասկերի երկրում, որտեղ նույնպես ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս  ազգայնական տրամադրություններ:

Դեկտեմբերի 21-ն  Կատալոնիայում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի զարմանս շատերի՝ ընտրություններում կրկին հաղթանակ տարան անկախականները. անկախացման օգտին հանդես եկող կուսակցությունները խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստացան՝ 70 մանդատ 135-ից: 

Այսպիսով, Մադրիդ-Բարսելոնա հակասությունների սրումը 2017թ.-ին դարձավ Իսպանիայի ամենակարևոր խնդիրը՝ հիմքում ունենալով օրենքի և եվրոպական արժեքների բախում, և ուստի իր արձագանքը գտավ Եվրոպայում, սակայն այդպես էլ Մադրիդն ու Բարսելոնոն՝ ի դեմս ԵՄ-ի, իրենց հարաբերություններում միջնորդ չգտան:

 

Բանն այն է, որ Եվրոպայում խիստ զգուշավորությանմբ էին մոտենում այդ հարաբերություններին միջամտելու հարցին: Եվրոպացի շատ գործիչների մեկնաբանություններից ակնհայտ էր դառնում նրանց անհանգստությունն այն մասով, որ ինքնորոշման այս դրսևորումը կունենա բումերանգի էֆեկտ: Եվ իրոք, տեսնում ենք, որ Կատալոնիայում հանրաքվեից շատ չանցած՝ հոկտեմբերի երկրորդ կեսին իտալական Լոմբարդիա և Վենետո հյուսիսային մարզերի բնակիչները խորհրդատվական հանրաքվեներում կողմ քվեարկեցին ինքնավարության ընդլայնմանը: Վենետոյում քվեարկողների 98%-ը, իսկ Լոմբարդիայում 95%-ը քվեարկեցին ինքնավարության ընդլայնման օգտին: Չնայած հանրաքվեների արդյունքները իրավական պարտադիր հետևանք չէին ունենալու, դրանց անցկացումը նշանավոր էր նրանով, որ Իտալիայի Հանրապետության պատմության մեջ նման խորհրդատվություններ մարզերի բնակչության հետ առաջին անգամ էին անցկացվում:

Ինքնորոշման ալիքը հասավ նաև Ֆրանսիա, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող Նոր Կալեդոնիա: Ի տարբերություն Իսպանիայի՝ Ֆրանսիայի կառավարությունը և Նոր Կալեդոնիայի քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել անկախության մասին հանրաքվե անցկացնելու հարցի շուրջ, որն, ըստ վերջին տեղեկությունների, կանցկացվի 2018 թվականի նոյեմբերին: Թեպետ Նոր Կալեդոնիան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Ֆրանսիայի համար, այնտեղ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ֆրանսիայի կողմից տրված համաձայնությունը պատահական չէ: Եվ չնայած առայժմ բարդ է կանխատեսել հանրաքվեի արդյունքները, մի բան պարզ է. եթե նույնիսկ հաջորդ տարի կայանալիք հանրաքվեի ընթացքում ընտրողների մեծամասնությունը կողմ քվեարկի անկախությանը, շրջանը հարաբերությունները չի խզի Փարիզի հետ:

Ի դեպ, Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող շրջաններից անկախության է ձգտում  նաև ֆրանսիական Պոլինեզիան, սակայն Փարիզում այդքան էլ չեն վախենում դոմինոյի էֆեկտից, քանի որ յուրաքանչյուր շրջան իր առանձնահատուկ հարաբերություններն ունի Փարիզի հետ:

Անկախության մեկ այլ հանրաքվե, որ կատալոնականից ոչ պակաս աղմկահարույց և կարևոր էր տարածաշրջանի համար, Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն էր: Քրդերի համար այս հանրաքվեն երկարատև պայքարի ևս մեկ դրսևորում էր: Սակայն, այստեղ ամեն ինչ միանշանակ չէր. նախ, հանրաքվե անցակցնելու մասին որոշումն աջակցություն ստացավ Իրաքյան Քրդստանի ոչ բոլոր քաղաքական ուժերի կողմից. «Շարժում հանուն փոփոխության»-ը («Գորան») և Քրդստան իսլամական խումբը դեմ հանդես եկան այդ որոշմանը: Բանն այն է, որ «Գորանի» և Բարզանիի ղեկավարած «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» միջև առկա էին տարաձայնություններ, և հանրաքվեին դեմ հանդես եկողներն չէին ցանկանում այդպիսով նպաստել դեկտեմբերի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Բարզանիի դիրքերի ամրապնդմանը:  

Ինչպես և սպասելի էր, մինչև հանրաքվեն դրա շուրջ կարծիք հայտնած երկրները դեմ էին հանդես գալիս՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, Սիրիան և, իհարկե, Իրաքը, ինչի պատճառները միանգամայն ակնհայտ են. հաջողության դեպքում հարևան երկրների քրդաբնակ շրջանները ևս կարող էին հանդես գալ նմանատիպ պահանջներով՝ առավել ապակայունացնելով տարածաշրջանը: Քրդերին աջակցություն հայտնեց միայն Իսրայելը:

Այսպիսով, դեռ սեպտեմբերի սկզբին Իրաքի խորհրդարանը դեմ քվեարկեց Քրդստանի անկախության սպասվող  անցկացմանը: Չնայած դրան՝ Իրաքյան Քրդստանում  անկախության հանրաքվեն տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին, որի մասնակիցների ավելի քան 92%-ն աջակցեց տարածաշրջանի անկախացմանը։ 

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Իրաքյան Քրդստանի հարաբերություններն էլ ավելի սրվեցին Իրանի, Իրաքի և Թուրքիայի հետ. Բաղդադը հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցություններ սկսել քրդական իշխանությունների հետ, սկսվեց պայքար Քիրքուքի համար, Թուրքիան էլ սպառնաց պատժամիջոցներով, Իրանն ու Իրաքը համատեղ զորավարժություններ սկսեցին Քրդստանի հետ սահմանին: Շատ չանցած Իրաքի արտգործնախարությունն Իրանին և Թուրքիային կոչ արեց փակել սահմանը Քրդստանի հետ:

Ինչպես և խոստացել էր Բարզանին՝ հանրաքվեին չհաջորդեց անկախության հռչակումը, սակայն դա չկանխեց ռազմական գործողությունները քրդական ուժերի և իրաքյան զորքերի միջև:

Ի վերջո իրաքյան քրդերը սառեցրեցին հանրաքվեի արդյունքները և պատրաստակամություն հայտնեցին բանակցել Իրաքի հետ: Արդյուքնում քրդերը կորցրին Իրաքում ունեցած այն տարածքային ձեռքբերումները, որոնց նկատմամբ ունեին փաստացի վերահսկողություն, բացի այդ տարաձայնություններ առաջացան նաև կարևոր արտաքին գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, որի միջոցով նավթ էին արտահանում արտաքին շուկա: Պարտված դուրս եկավ նաև Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, միգուցե այն պատճառով, որ ճիշտ չէր հաշվարկել հնարավոր հետևանքները և շահագրգիռ կողմերի հնարավոր արձագանքները:

Ինչևէ, Էրբիլի և Բաղդադի հարաբերությունները շարունակում են մնալ լարված, չի մեղմվում նաև սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման արդյունքում Իրաքյան Քրդստանի բնակչությունը:

Այսպիսով, Կատալոնիայում և Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեները կրկին միջազգային հարաբերությունների օրակարգ բերեցին  ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված հարցերը: Անկախ նրանից, թե ինչպես կընթանան հետագա զարգացումները՝ կապված այդ միավորների շուրջ, դրանց շնորհիվ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և դրա նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտները գրավեցին միջազգային հանրության ուշադրությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: