ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Նաիրա Կարապետյան. ԵԽԽՎ-ի համար 2017թ-ը բեկումնային էր (ԲԱՑԱՌԻԿ)

Panorama.am

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ: 


- Տիկի´ն Կարապետյան` որպես Ազգային Ժողովի 5-րդ գումարման բավականին ակտիվ գործունեություն ծավալած պատգամավոր, ինչպե՞ս կգնահատեք նոր գումարման Ազգային Ժողովի խորհրդարանական դիվանագիտությունը, դրա վերակազմակերպմանն ուղղված ջանքերը: 

- Եկեք հարցը դիտարկենք 2 տեսանկյունից` բովանդակային և կազմակերպչական, քանի որ այն իր մեջ ներառում է նաև վերակազմակերպմանը վերաբերող տարր:

Մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը շատ հստակ է, կայուն: Եվրամիության հետ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էլ ավելի է ամրապնդել մեր դիրքերը: Մեր խորհրդարանական դիվանագիտության առջև դրված խնդիրներից կուզեի առանձնացնել մեկը, այն է` արտաքին քաղաքականության կուրսի հստակ պահպանման հետ մեկտեղ առանցքային դիրքում պահել Արցախի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ կարգավորման հիմնահարցը: Այստեղ մեր դիվանագիտության թիվ մեկ խնդիրն է հարցի կարգավորման ձևաչափի պահմանումը` Մինսկի խմբի մանդատի ներքո, ի հեճուկս Ադրբեջանի կողմից ձեռնարկվող բազմաթիվ փորձերի` հարցը տանելու այլ պլատֆորմներ, շատ ժամանակ միջազգային խորհրդարանական հարթակներ: Այս փորձերը բոլորն ապարդյուն են հենց մեր խորհրդարանական դիվանագիտության հետևողական և հմուտ աշխատանքի շնորհիվ:

Բնականաբար, երկրի կառավարման համակարգի փոփոխությունը, որը ենթադրում է նաև խորհրդարանական դիվանագիտության դերի արժևորում, սկզբնական շրջանում առաջացնում է որոշակի դժվարություններ, սակայն դրանք հաղթահարելի են` միասնական աշխատանքի պայմաններում: ԱԺ միջազգային խորհրդարանական պատվիրակությունները, հանձնաժողովները, բարեկամական խմբերը պետք է աշխատեն սինթեզավորված, ինչը կբերի թե’ ավելի մեծ արդյունքի, թե’ կբացառի գործի կրկնակի, եռակի կատարումը: Ներկայումս մեծ աշխատանք է տարվում այս ուղղությամբ:

Խոսքս չի վերաբերում բացառապես ինֆորմացիոն և տեխնիկական միասնականությանը: Սրանից զատ, պետք է հիշել, որ Ազգային ժողովի պատգամավորը քաղաքական պաշտոն է, ներկայացված քաղաքական ուժերն ունեն սեփական քաղաքական օրակարգ, և շատ ժամանակ հենց արտաքին ոլորտն է այն ոլորտը, որտեղ շատ դժվար է դառնում միասնականությունը: Եվ քաղաքական ուժերը պետք է նույնպես մեծ ուշադրություն դարձնեն իրենց կողմից ներկայացվող կազմին: Այստեղ հարկ եմ համարում մեջբերել հայտնի «կադրերն են որոշում ամեն ինչ» արտահայտությունը:

Ամփոփելով այս ամենը՝ կարող եմ արձանագրել, որ արդյունավետ աշխատանքի համար ձևավորված է բավականին լավ միջավայր:

- Դուք եղել եք նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ և շատ ակտիվ ներգրավվածություն եք ունեցել Վեհաժողովի աշխատանքներում: Ինչպե՞ս կգնահատեք այդ կառույցում տեղի ունեցած զարգացումները 2017թ-ին:

 - ԵԽԽՎ-ի համար 2017թ-ը կարելի է անվանել բեկումնային: Սա մի տարի էր, որը կարելի է պայմանականորեն անվանել նաև «զարթոնքի տարի»: Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, արդյունք է մի մեծ աշխատանքի, որում իր մասնաբաժինն ունի նաև մեր պատվիրակությունը: Ադրբեջանը չէր կարող հավերժ իր գրպանում պահել ԵԽԽՎ մի շարք պատգամավորների, և կծիկը սկսեց քանդվել: Այս կծիկի քանդվելու գործընթացը, ցավոք, հնարավոր չէ շատ մանրամասն ներկայացնել, քանի որ, ինչպես սիրում եմ հաճախ կրկնել, արտաքին քաղաքականությունը նման է այսբերգի, և թաքնված մասը շատ ժամանակ մի քանի անգամ մեծ է երևացող մասից:

Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց Իտալիայից` ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նախկին ղեկավար, Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչ Լուկա Վոլոնտեի և Ադրբեջանի մի քանի պաշտոնյաների նամակագրության գաղնազերծումից, որտեղ հստակ էր, որ իտալացի պատգամավորը ծառայություններ է մատուցել Ադրբեջանին` ստանալով իր աշխատանքի դիմաց մեծ գումար: Սա առաջին սառը ցնցուղն էր ԵԽԽՎ-ի համար: Տարիներ շարունակ Ադրբեջանը «ժողովրդավարության բնօրրանը» վերածում էր «կաշառակերության բնօրրանի»: Մեր կողմից բազմիցս հնչեցվել են անուններ, բերվել փաստեր, և ի ուրախություն ինձ, սա սկսել է տալ կոնկրետ արդյունք:

Լինելով կանոնադրական, քաղաքական և սոցիալական հանձնաժողովների անդամ՝ այս տարիների ընթացքում ես շատ եմ առերեսվել այս կամ այն ադրբեջանամետ լոբբիստների խմբի ջանքերին` Վեհաժողովին տանելու զարտուղի ճանապարհներով, ներկայացնելու աղավաղված փաստեր, շատ ժամանակ նաև` բացահայտ սուտ:

Լոբբիստների պարագլուխն էր Պեդրո Ագրամունտը, և շատ ուրախալի է, որ Վեհաժողովն այդքան առողջ գտնվեց և կարողացավ չտրվել նրանց կազմակերպած սադրանքներին, և հենց նրա նախագահության օրոք ԵԽԽՎ որոշմամբ ստեղծվեց Վեհաժողովից անկախ հետաքննող մարմին` ԵԽԽՎ պատգամավորների կաշառվածության դեպքերը հետաքննելու համար:

Զուգահեռ ԵԽԽՎ կանոնադրական հանձնաժողովը կատարեց մի շարք փոփոխություններ` պատգամավորների աշխատանքների թափանցիկության ապահովման և նրանց` ԵԽԽՎ-ին հաշվետվողականությունը բարձրացնելու ուղղությամբ: Իհարկե, ամենամեծ հաղթանակը կանոնադրության մեջ ԵԽԽՎ նախագահի հետկանչի սկզբունքի ավելացումն էր: Զգալով խայտառակության անդառնալիությունը` Պեդրոն հեռացավ: Եղան այլ հրաժարականներ ևս: Սա Ադրբեջանի ֆիասկոն էր:

Չմոռանանք, սա նույն Պեդրոն էր, ով խախտելով նույն կանոնակարգը, անգամ թույլ չէր տալիս խոսել Ադրբեջանի կողմից պատգամավորներին  կաշառելու մասին՝ անջատելով իմ և գործընկերներիս խոսափողը:

Ներկայումս ԵԽԽՎ-ում ստեղծվել է մի միջավայր, որը մեր պատվիրակությանը տալիս է բացառիկ հնարավորություն՝ շարունակելու Եվրոպային ներկայացնել Ադրբեջանի անհամապատասխանությունը քաղաքակիրթ աշխարհին:   

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին նոր տարում:

 - Բնականաբար, առաջին հերթին կմաղթեմ խաղաղություն` խաղաղություն երկրում, ընտանիքում, հոգում և սրտում: Կմաղթեմ լավատեսություն. բոլոր դժվարությունները ժամանակավոր են, չնայած և տեսանելի, իսկ լավատեսությունը, հավատացնում եմ, տանում է դրանց շուտափույտ հաղթահարմանը: Կմաղթեմ առողջություն, սեր, ուժ, վստահություն և  և անսպառ ժպիտներ: Թող 2018 թվականը լինի ամենանվիրական երազանքների իրականացման տարի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 6.44 կմ/ժ
10 C°
 
11°  21° 
19.10.2018
11°  22° 
20.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով