ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանում Իրանի դիրքերը կարող են թուլանալ. իրանագետ

Panorama.am

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ՝ Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ:

 

- Պարո՛ն Իսրայելյան, ըստ Ձեզ, որո՞նք են Իրանում տեղի ունեցած ցույցերի հիմնական դրդապատճառները: Արդյո՞ք դրանք միայն տնտեսական էին:

- Հիմնական դրդապատճառները մի քանիսն էին. նախ և առաջ, Իրանի կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և նոր բյուջեի նախագծում ներառված այն դրույթները, որոնց մի մասը խնդրահարույց էր և ցուցարարների դժգոհության պատճառ հանդիսացավ: Սակայն, դա նոր երևույթ չէր և, այդ թվում` վերջին 3 տարվա ընթացքում Իրանում տեղի ունեցած զարգացումների հետևանքն էր: Հիմնական պատճառներից մեկն էլ Իրանի միջուկային ծրագրից հետո ստեղծված իրավիճակն էր, քանի որ Իրանի հասարակությունը մեծ ակնկալիքներ և սպասելիքներ ուներ, այն է՝ օգտվելով այդ միջուկային համաձայնությունից, զարգացնել տնտեսությունը և, առաջին հերթին, երիտասարդության համար ապահովել աշխատատեղեր: Դա հիմնական խնդիրներից մեկն է, որը բարձրաձայնեց նաև նախագահ Ռոհանին 2017 թվականի ամռանն իր երկրորդ վերընտրվելու ժամանակ: Կան մի շարք խնդիրներ, օրինակ՝ սուբսիդիաների տրամադրումը, այսինքն՝ Իրանի կառավարությունն իր 30 միլիոն քաղաքացիներին, որոնք շահառուներ են, նպաստներ է տրամադրում, որոնց հարցն էր դրել Ռոհանին, բենզինի գինը (ներկայում բենզինն արժե 1000 թուման (մոտ 100 դրամ), նախատեսվում է բարձրացնել և դարձնել 1500 թուման): Կարծես թե, վերջին ցույցերից հետո կառավարությունը վերանայել է իր որոշումը և գուցե չբարձրացնի բենզինի գինը:

Իհարկե, կային նաև որոշակի ներքաղաքական, ներիրանյան ինտրիգներ՝ կապված բարեփոխական շրջանակների և պահպանողականների հետ: Կարծես թե, նրանց այս տարաձայնություններն ու փոխադարձ մեղադրանքները նպաստավոր պայմաններ ստեղծեցին ցույցերի կայանալու համար, քանի որ սրանից մի քանի ամիս առաջ պահպանողական շրջանակներն իրենց տարբեր տեղեկատվական ռեսուրսների միջոցով քննադատության էին ենթարկում Ռոհանիի տնտեսական քաղաքականությունը:

- Իրանում տեղի ունեցող ցույցերի ֆոնին երկրի իշխանությունները հայտարարեցին, որ կարող են դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Արդյո՞ք սա ԱՄՆ-ի՝ Իրանում տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությունների պատասխան է: Իրանն արդյո՞ք կդիմի նման քայլի, թե՞ սա միայն սպառնալիք է:

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից հետո նկատվում է  միջուկային ծրագիրը չեղարկելու ցանկություն և տրամադրվածություն, սակայն, Եվրամիության դիրքորոշմամբ պայմանավորված, Միացյալ Նահանգները չկարողացան այն բեկանել: Իրանը մշտապես հայտարարել է, որ հավատարիմ է միջուկային համաձայնությանը և անելու է ամեն բան, որ այն պահպանվի՝ միևնույն ժամանակ մշտապես կոչ անելով համաձայնության կողմերին հավատարիմ մնալ դրան: Չեմ կարծում, որ Իրանը կհրաժարվի համաձայնությունից, քանի որ նախագահ Ռոհանին և ԱԳ նախարար Զարիֆը շատ մեծ ջանքեր են գործադրել՝ դրան հասնելու համար: Հետևաբար նրանց համար սա սկզբունքային հարց է, և նախագահ Ռոհանիի խոստումներից մեկն է, որն ի կատար ածվեց: Բացի այդ, միջուկային համաձայնության հետ, ինչպես արդեն նշեցի, Իրանի հասարակությունը ևս մեծ հույսեր է կապում՝ նպատակ ունենալով դրանով լուծել մի շարք տնտեսական խնդիրներ, որոնք առաջացել էին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շրջանում: Նրա օրոք էր, որ Իրանը կորցրեց նավթի շուկայում իր ունեցած դիրքը, որը գրավեց Սաուդյան Արաբիան, գազի շուկայում Իրանն իր դիրքերը զիջեց Կատարին, իսկ Չինաստանը վերցրեց գորգերի շուկան: Այսինքն՝ Ռոհանին իր առջև նպատակ էր դրել վերանայել նաև Ահմադինեժադի ֆինանսատնտեսական քաղաքականությունը, որը համատարած սուբսիդիաներ էր տրամադրում հասարակությանը: Թեև դա գոհացնում էր սոցիալապես անապահով քաղաքացիներին, սակայն չէր նպաստում երկրի տնտեսական զարգացմանը: Իսկ Ռոհանին փորձում էր բյուջեից կախվածությունը թուլացնելով զարգացնել արդյունաբերությունը: Ամփոփելով միտքս՝ ասեմ, որ Իրանը հավատարիմ կմնա միջուկային համաձայնությանը մինչև այն պահը, քանի դեռ չեն խաթարվում ու վտանգվում իր պետական շահերը: Հետևաբար, ըստ իս, Իրանը նման քայլի չի գնա, իհարկե, եթե որևէ անկանխատեսելի իրավիճակում չհայտնվի:

-Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է Իրանում ցույցերի վերսկսումը, թե՞, այնումենայնիվ, իշխանություններին կհաջողվի առանց ցնցումների բարեփոխումներ իրականացնել:

-Երկրում ճգնաժամային իրավիճակ է, այդ թվում՝ քաղաքական ճգնաժամ է տիրում և չի բացառվում, որ ցույցերը կարող են վերսկսվել նաև այլ ոլորտներում ու նահանգներում, քանի որ հարցն ամբողջովին կարգավորված չէ, թեպետ իրավիճակը կայուն է և հանդարտ: Ռոհանին շատ արագ արձագանքեց և թեպետ սկզբնական շրջանում հնարավորություն չուներ տեղեկատվական միջոցներով շփվել ցուցարարների հետ, սակայն անմիջապես հետո ակտիվ հանդիպումներ է ունենում տնտեսական ոլորտի պատասխանատուների, նախարարների հետ և անհրաժեշտ ցուցումներ է տալիս: Այժմ քաղաքական քննարկումների փուլ է, ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, նոր բյուջեի հաստատումից հետո արդեն հասկանալի կլինեն նոր խնդիրների առաջացման վտանգները: Ռոհանին միանշանակ գիտակցում է, որ երկրում ճգնաժամ է և փորձում է դա լուծել: Այդ մասին նա ուղերձներ է հղում նաև թիրախ խմբերին:  

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերի տեսանկյունից:

Հայաստանի տեսակետից միանշանակ է, որ Իրանում տեղի ունեցող ցանկացած բացասական գործընթաց վատ է ազդելու մեզ վրա, սակայն մեզ հուզող, այդ թվում՝ մեր անվտանգությանը և Արցախին առնվող հարցերի տեսանկյունից, բարեբախտաբար սահմանակից թյուրքախոս շրջաններում բողոքի ցույցեր թեպետ տեղի ունեցան, սակայն համեմատած երկրի մյուս նահանգների, դրանք մեծ ծավալների չէին: Եվ երկրորդ կարևոր փաստն այն է, որ անջատողական դրսևորումներ չնկատվեցին: Հարկ է նշել, որ ցույցերի օրերին սոցիալական ցանցերի միջոցով տարբեր խմբավորումներ հենց էթնիկական խմբավորումներին էին թիրախավորում, որպեսզի նրանք ևս բողոքի ցույցեր անցկացնեին: Սակայն, դա նրանց չհաջողվեց: Սա շատ կարևոր է, քանի որ, թեև սպառնալիքը կա, բայց, այնուամենայնիվ, Իրանում, հատկապես հյուսիսային հատվածներում, անջատողականության դրսևորումներ չնկատվեցին, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանում Իրանի դերակատարությանը, ապա միանշանակ Իրանի դիրքերը կարող են թուլանալ, և այս ամենը միանշանակ կարող է բացասական ազդեցություն ունենալ՝ հատկապես հաշվի առնելով, որ ցույցերի կարգախոսներից մեկն էլ հենց այն էր, որ Իրանը չպետք է օգնություն ցուցաբերի Իրաքին, Սիրիային, այլ այդ գումարները պետք է ներդրվեն երկրի տնտեսության մեջ: Իհարկե, ցուցարարները ճիշտ էին, սակայն այստեղ 2 հարց կա. մի կողմից Իրանի կառավարությունը պետք է լուծի սոցիալ-տնտեսական խնդիրները, մյուս կողմից՝ պայքարի և դիրքերն ամրապնդի տարածաշրջանում: Այն «պատերազմը», որն Իրանը մղում է երկրի սահմաններից դուրս, ստիպված է մղել, քանի որ հակառակ պարագայում ստիպված կլինի դա անել իր երկրի տարածքում, և դրա փորձերն էլ, կարծես թե, նկատվեցին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այսինքն՝ տարածաշրջանում խաղացողների կողմից ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ, ըստ իս, 2018 թվականն ավելի բարդ շրջան է լինելու տարածաշրջանի համար: Հետևաբար, մեծ հաշվով Իրանը լուրջ բարդությունների առջև է կանգնած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում: Այս ամենին պետք է հավելել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն աննախադեպ էր, քանի որ սովորաբար նման նստաշրջաններ հրավիրվում են, երբ որևէ երկրում ստեղծված իրավիճակը կարող է սպառնալ համաշխարհային անվտանգությանը, իսկ այս դեպքում դա ներիրանական գործընթաց էր: Այսպիսով, կարծում եմ, որ Իրանի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրելու գործիքներից մեկն էլ այսուհետ լինելու է մարդու իրավունքների հարցը, որը Թրամփի վարչակարգը փորձելու է օգտագործել Իրանի դեմ, քանի որ միջուկային համաձայնությունը չհաջողվեց չեղարկել: Միակ հուսադրող փաստն այն է, որ Եվրամիությունն Իրանի իշխանությունների հետ համատեղ փորձում է կարգավորել Իրանի շուրջ ստեղծված խնդիրներն ու մեղմել ԱՄՆ-ի հակաիրանական կոշտ դիրքորոշումը: Եվ եթե ԵՄ-ն շարունակի իր այդ քաղաքականությունը, հնարավոր է Իրանի հարցում որոշակի բալանսի հասնել, ինչը շատ կարևոր է նաև մեզ համար, քանի որ Իրանի հետ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասն արդեն իսկ իրականցվում է, մյուս մասն էլ հեռանկարում է: Իսկ եթե Իրանի դեմ պատժամիջոցները խստացվեն կամ նորերը սահմանվեն, դա, իհարկե, կարող է բացասաբար ազդել Իրանի հետ մեր հարաբերությունների վրա:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: