ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ձիթենու ճյուղ». թուրք-ամերիկյան առճակատումը Սիրիայում

Reuters

Այսօր` հունվարի 22-ին, Ֆրանսիայի նախաձեռնությամբ կգումարվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ քննարկելու Սիրիայի հյուսիսում լարվածության աճը: Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱԽ-ի նիստում Աֆրինում գործողության քննարկումն Անկարան դիտարկում է որպես աջակցություն ահաբեկիչներին:

Հիշեցնեն, Թուրքիան հունվարի 20-ին սիրիական Աֆրինի շրջանում, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, սկսել է «Ձիթենու ճյուղ» անունով ռազմական գործողությունը, որի գլխավոր նպատակն է թույլ չտալ Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական միջանցքի» ստեղծումը (Անկարան քրդական ինքնապաշտպանական ջոկատները համարում է ահաբեկչական), պաշտպանել ՆԱՏՕ-ի հարավային սահմանները և ապահովել Սիրիայի հետ սահմանակից թուրքական տարածքների անվտանգությունը:

Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գործողության արդյունքում Անկարան ցանկանում է թուրք-սիրիական սահմանին ստեղծել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի և ոչնչացնել ահաբեկիչներին, որոնց պոտենցիալ թիվն, ըստ Անկարայի, հասնում է 8-10 հազարի: Նշենք, որ Աֆրինում Թուրքիայի ռազմանական գործողություններին մասնակցում են Ասադին ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» մոտ 25 հազար զինյալներ:

Անկարան արդեն հայտարարել է Սիրիայում իր հերթական ցամաքային ռազմական գործողության առաջին հաջողությունների մասին` ոչնչացված է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների և ԻՊ-ի 153 թիրախ, թուրքական ուժերին հաջողվել էր սիրիական տարածքում խորանալ 5 կմ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ քրդական ուժերը հրթիռակոծում են Թուրքիայի տարածքը: Թուրքական Ռեյհանլը և Քիլիս քաղաքներին քրդերի հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` 54-ը: Անկարայում մտադիր են այս ամենին վերջ դնել շատ կարճ ժամկետներում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ընդգծելով, որ իրենք չեն պատրաստվում կանգ առել:

Սիրիական Աֆրինում ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին էրդողանը հայտարարել է դեռ հունվարի 13-ին` այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը քրդեի վերահսկողության տակ գտնվող, Թուրքիայի հետ սահմանակից սիրիական տարածքներում պատրաստվում է ստեղծել սահմանային անվտանգության ուժեր: Սա առաջացրեց թուրքական կողմի բուռն արձագանքը: Ընդ որում, նշվում է, որ թուրքական գործողությունների թիրախը կդառնա ոչ միայն Աֆրինը, այլ նաև Մանբիջը: Չնայած հետագայում ԱՄՆ-ում հերքեցին նման ուժեր ստեղծելու մասին լուրերը, սակայն Անկարայում վճռական են տրամադրված իրենց ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող սիրիացի քրդերի խնդիրը փակելու հարցում: Ուստի Աֆրինում իրենց դաշնակից քրդերի դեմ ռազմական գործողությունն անհապաղ ավարտելու մասին Վաշինգտոնի կոչն ուղղված մեկ այլ դաշնակցի` Անկարային, դժվար թե լսելի լինեն թուրքական իշխանությունների համար:

Արդյունքում Վաշինգտոնը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում` մի կողմից Սիրիայում իր ազդեցության պահպանման հարցն է, որն ամերիկյան կողմը վերջին շրջանում փորձում էր ապահովել քրդերի միջոցով, մյուս կողմից ՆԱՏՕ-ում իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ շահերի բախումն է, ինչը ևս սպառնում է տարածաշրջանում ամերիկյան շահերին: ԱՄՆ-ի համար բավականին դժվար է լինելու նման իրավիճակում հավասարակշռություն պահպանելը, հատկապես, որ Անկարանը հստակ ակնարկում է, որ քրդերի հարցում գործարք այլևս չի լինելու:

Նշենք, որ Աֆրինում ռազմական գործողությունների ծավալումը լուրջ հարված կարող է հանդիսանալ նաև սիրիական խաղաղ կարգավորման գործընթացի համար, ինչի վերաբերյալ վերջին շրջանում բավականին լավատեսական սպասումներ կային: Իրանը, որը Թուրքիայի և Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է Սիրիայում հրադադարի երաշխավոր երկիր, կոչ է արել Անկարային անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Աֆրինում: Պաշտոնական Դամասկոսը թուրքական այս գործողությունը որակել է որպես երկրի նկատմամբ ագրեսիա: Այս կապակցությամբ թուրքական կողմը նշում է, որ իրենք Ռուսաստանի միջոցով զգուշացրել էին պաշտոնական Դամասկոսին երկրի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու մասին:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ պաշտոնական Մոսկվայի արձագանքը բավականին զուսպ էր, ինչը վկայում է այս հարցում Անկարայի հետ ունեցած համաձայնության մասին: Բացի այդ, մինչ գործողության սկսվելը փորձագետները նշում էին, որ դժվար կլինի այն իրականացնել` հաշվի առնելով Աֆրինում ռուսական զինվորականների առկայությունը, ինչպես նաև Աֆրինի օդային տարածքի վերահսկում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից, սակայն թուրքական գործողությունից մեկ օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշեցին, որ ռուսական զորքերը դուրս են բերում Աֆրինից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: