ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

parliament.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը և Արմենուհի Կյուրեղյանը, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունվարի 29-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակի ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշելով, որ այս ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ջերմ փոխգործակցություն՝ հիմնված տարբեր բնագավառներում համագործակցության և քաղաքական երկխոսության վրա: ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «2018 թվականին Սլովակիան նշում է Չեխոսլովակիայի առաջին հանրապետության 100-ամյակը: Շնորհավորում եմ այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ և մաղթում բարօրություն ու երջանկություն: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաև Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Մեր ժողովուրդը, որի 1,5 միլիոնը 1915 թվականի Ցեղասպանության զոհ դարձավ, ընդամենը երեք տարի անց՝ 1918 թվականին, ուժ գտավ վերականգնելու դարեր շարունակ կործանված իր պետականությունը»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հարաբերությունների ողջ շրջանակին, այդ թվում խորհրդարանական երկխոսությանը: Օրենսդիր մարմինների միջև համագործակցության առավել խթանման հարցում կարևորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր միջազգային և միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ զրուցակիցները փաստել են, որ այն ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր և նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց hետագա կանխարգելման համար: ՀՀ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ Սլովակիան այն երկրներից է, որի խորհրդարանը բացի այն, որ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, նաև Քրեական օրենսգրքում սահմանել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ:

Անդրադարձ է եղել  Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Խոսվել է նաև 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, որը նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները նոր որակ կհաղորդեն և հեռանկարներ կբացեն երկկողմ համագործակցության ընդլայնման գործընթացում:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, խոսելով երկու երկրների համագործակցության մասին, բարձր է գնահատել այդ հարաբերությունները և վստահեցրել, որ հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր և բարեկամ: Սլովակիայի խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր բնագավառներում, մասնավորապես կրթության, մշակույթի և առևտրաշրջանառության ոլորտներում: 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյին հրավիրել է այցելել Երևան:
 
Հանդիպումից հետո պատվիրակությունը Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ միասին ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին:

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է Սլովակիայի Ազգային ապստամբության թանգարան և ծաղկեպսակ դրել Սլովակիայի Ազգային ապստամբների հուշարձանին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: