ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի ֆենոմենը կամ ինչպես խուսափել միջազգային պատժամիջոցներից

Murad Sezer / Reuters

Թուրքիան սիրիական Աֆրինում շարունակում է ռազմական գործողությունը տեղի քրդական ռազմականացված միավորների դեմ, որոնք, ի դեպ հանդիսանում են ԻՊ դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հիմնական դաշնակիցները Սիրիայում: Նման պայմաններում արևմտյան երկրների, և հատկապես ԱՄՆ-ի արձագանքը Թուրքիայի գործողություններին, ևս մեկ անգամ մտածելու տեղիք է տալիս: Նշենք, որ ամենակոշտ քայլը, որը ձեռնարկվեց Արևմուտքի կողմից՝ ի պատասխան Թուրքիայի գործողությունների, Ֆրանսիայի կողմից ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելն էր: Միջազգային հանրությունը բավարարվեց ուղղակի մտահոգություն հայտնելով և կոչ անելով դադարեցնել քրդերի դեմ ռազմական գործողությունները:

Հիշեցնենք, որ սա վերջին շրջանում առաջին դեպքը չէ, երբ միջազգային հանրությունն աչք է փակում Թուրքիայի՝ այլ երկրի տարածք ներխուժմանը:

2015 թվականի դեկտեմբերին թուրքական զորքերը մտան Իրաք՝ քուրդ աշխարհազորայիններին մարզելու հայտարարված նպատակով: Չնայած երկրի տարածքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ Բաղդադի բազմաթիվ պահանջներին՝ Անկարան շարունակեց Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ իր օպերացիան Իրաքի հյուսիսում և զորքերը մասամբ դուրս բերեց միայն 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Օտարերկրյա պետության տարածք փաստացի ներխուժումը մնաց առանց միջազգային պատշաճ արձագանքի՝ միջազգային հանրությունը կրկին բավարարվեց իրավիճակի կապակցությամբ մտահոգություն հայտնելով և զորքերը դուրս բերելու վերաբերյալ Թուրքիային ուղղված մի քանի կոչերով: Միջազգային հանրության արձագանքը նույնն էր նաև 2016 օգոստոսից 2017 թվականի մարտ Սիրիայի հյուսիսում թուրքական «Եփրատի վահան» գործողությանը, որը ևս համաձայնեցված չէր Սիրիայի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների հետ և փաստացի ներխուժում էր հարևան երկրի տարածք:

Պետք է նկատել, որ սրանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի միակ նախաձեռնությունները չեն, որ ինչ-ինչ պատճառներով «վրիպում» են միջազգային հանրության ուշադրությունից այն դեպքում, երբ նմանատիպ քայլերն այլ պետությունների պարագայում ստանում են բավականին կոշտ արձագանք, այդ թվում՝ երկարամյա պատժամիջոցների տեսքով:

Հատկանշական է, որ միջազգային հանրությունը բավականին հանդուրժող վերաբերմունք ունի նաև Թուրքիայի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ: Այսպես, էրդողանը 2015 թվականի դեկտեմբերից 2016 թվականին փետրվար երկրի հարավ-արևելյան քրդաբնակ նահանգներում լայնամասշտաբ ռազմական գործողություն իրականացրեց Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Չնայած այդ հակաահաբեկչական գործողության ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին բազմաթիվ հաղորդումներին՝ միջազգային հանրությունն որևէ գործողություն չիրականացրեց անգամ այդ ուղղությամբ պատշաճ հետաքննություն իրականացնելու համար: Թուրքական իշխանություններն երկրի հարավ-արևելքում բավականին դաժան գործողությունները զուգահեռ աննախադեպ ճնշում էին սկսել քրդական քաղաքական ուժերի նկատմամբ: Սահմանադրական փոփոխությունների շնորհիվ՝ Էրդողանին հաջողվեց ձերբակալել անգամ որոշ քուրդ պատգամավորների, այդ թվում՝ քրդական ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալահեթթին Դեմիրթաշին:

Թուրքիայում մինչ օրս շարունակվում են բռնաճնշումները կապված 2016 թվականի հուլիսի 16-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման անհաջող փորձի հետ: Այս ընթացքում թուրքական իշխանությունները ձերբակալել կամ աշխատանքից ազատել են հիմնականում կրթուրթյան, արդարադատության, անվտանգության ոլորտների տասնյակ հազարավոր աշխատակիցների՝ հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու կասկածանքով: Այս ամենը տեղի է ունենում խոսքի ազատության կոպտագույն խախտումներով՝ փակվում են լրատվամիջոցներ, լրագրողների դեմ քրեական գործեր են հարուցվում, գրաքննություն է իրականացվում համացանցում, պարբերաբար արգելափակվում են սոցցանցերը: Ընդ որում, հետապնդումներ են ենթարկվում նաև արտասահմանցի լրագրողները և իրավապաշտպանները (գերմանական Die Welt-ի լրագրողի, Amnesty International-ի իրավապաշտպանների ձերբակալություն և այլն): Թուրքիայում բռնաճնշումներից ապահովագրված չեն նույնիսկ օտարերկրիյա դիվանագետները, ինչի օրինակ է Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակցի ձերբակալությունը՝ գյուլենական շարժման հետ կապի կասկածանքով:

Այս բռնաճնշումներից միայն մեկ տարի անց արևմտյան և, մասնավորապես, եվրոպական երկրները սկսեցին ահազանգել էրդողանի կողմից հեղաշրջման փորձը՝ որպես ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու պատրվակ օգտագործելու մասին: Նշենք, որ եվրոպական երկրները քննադատեցին նաև Էրդողանի կողմից Սահմանադրական փոփոխություններով սեփական լիազորություններն աննախադեպ ընդլայնումը՝ հայտարարելով, որ մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայում տիրող իրավիճակի պայմաններում այդ երկիրը չի կարող հավակնել ԵՄ անդամ դառնալուն: Սակայն, պետք է նկատել, որ Թուրքիայի եվրոպական հավակնությունների անիրատեսական լինելու մասին որոշ եվրոպական երկրներ բարձրաձայնում էին նաև նախկինում. Թուրքիան արդեն 50 տարի է փորձում դառնալ ԵՄ անդամ: Այսպիսով, Թուրքիայի իշխանությունների գործողությունների դեմ ԵՄ միակ քայլն դժվար է Անկարայի համար անսպասելի և լուրջ հարված համարել:

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին առաջինը խոսեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկու երկների հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում բավականին լարված պայմանավորված երկրում գյուլենականներին ապաստան տալու, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում Էրդողանի կողմնակիցների հավաքներն արգելելու հետ: Ընդ որում,  եվրոպական երկրներում թուրքական համայնքների հետ հանդիպումներ անցկացնելու արգելքը դարձել է լարվածության պատճառ Թուրքայի և մի շարք այլ եվրոպական երկրների միջև հարաբերություններում, ինչպես օրինակ՝ Ավստրիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և այլն:

Եվ այդուհանդերձ եվրոպական երկրները հապաղում են գործնական քայլեր ձեռնարկել՝ Էրդողանին զսպելու համար: Ավելին՝ Անկարան ինքն է փորձում պատժել Եվրոպական երկրներին: Մասնավորապես այս լարվածության արդյունքում ՆԱՏՕ անդամ հանդիսացող Գերմանիան Անկարայի պահանջով ստիպված եղավ իր զորախումբն ամբողջությամբ դուրս բերել Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ավիաբազայից: Դրան նախորդել էր Էրդողանի կողմից Եվրոպայում ևս գրաքննություն իրականացնելու փորձը. Էրդողանը դատական հայցեր էր ներկայացրել իրենց վիրավորած եվրոպացի լրագրողների դեմ, որոնք մասամբ բավարարվել էին:

Ինչո՞վ է պայմանավորված Էրդողանի նկատմամբ նման հանդուրժողականությունը: Եվրոպական երկրների համար թերևս առաջին հերթին դա կապված է միգրացիոն գործարքով: ԵՄ համար վերջին տարիներին մերձավորարևելյան երկրներից միգրացիան դարձել է իսկական մարտահրավեր: Թուրքիայում համաձայնել են համապատասխան ֆինանսական օգնության, ինչպես նաև ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում որոշակի առաջընթացի դիմաց կանխել  իրենց երկրի տարածքով դեպի Եվրոպա միգրացիան: Եվրոպայի կողմից ցանկացած անզգույշ շարժման դեպքում Էրդողանը սպառնում է չեղարկել գործարքը և Եվրոպա ուղարկել Թուրքիայում ապաստան գտած մոտ 3 մլն սիրիացի փախստականներին: Ինչպես երևում է, Թուրքիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև նրա տարածաշրջանային քաղաքականության նկատմամբ ԵՄ-ի և առանձին եվրոպական երկրների արձագանքից, թուրքական այս շանտաժը բավականին արդյունավետ է աշխատում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ արձագանքին, պետք է նկատել, որ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության մակարդակը, որպես կանոն, երբևէ Վաշինգտոնի համար առաջնային չի եղել այդ երկրի հետ համագործակցության տեսանկյունից: ԱՄՆ-ն ավելի շատ հետաքրքված է տարածաշրջանում իր շահերը Թուրքիայի միջոցով առաջ տանելու, քան այդ երկրի ժողովրդավարացման խնդրով: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը ԱՄՆ-ի վերաբերմունքին, ապա ամերիկյան արձագանքից կարելի է ենթադրել, որ Իրաքում և Սիրիայում քրդերի դեմ գործողությունները, և ոչ էլ առավել ևս Սիրիայում ռուսական ինքնաթիռ խոցելը չեն հակասում ամերիկյան շահերին:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը էրդողանի մոտ ստեղծում է ամենաթողության պատրանք, որը, ինչպես տեսնում ենք Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների ներկայիս վիճակից, ռիսկեր է պարունակում հենց արևմտյան դաշնակիցների համար. Էրդողանը դուրս է գալիս վերահսկողությունից և սկսում է հաշվի չնստել դաշնակիցների հետ: Թուրքիայի նախագահին կառուցողական դաշտ բերելն Արևմուտքի համար արդեն բավականին բարդ կլինի և կպահանջի էական զիջումներ կամ արմատական փոփոխություններ տարածաշրջանային քաղաքականությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: