ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելի նոր կոալիցիան կհաղթահարի՞ երկրի քաղաքական ճգնաժամը

Hyser

Գերմանիայի Քրիտոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալական միությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ համաձայնության մասին, սակայն դեռևս վաղ է խոսել Գերմանիայում արդեն ավելի քան 4 ամիս ձգվող քաղաքական ճգնաժամի ավարտի մասին: Կոալիցիոն համաձայնությունը դեռևս պետք է հաստատեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները՝ համընդհանուր քվեարկության միջոցով: Ընդ որում, հավանականությունը, որ կուսակցության անդամները կմերժեն կոալիցիոն համաձայնագիրը փոքր չէ: Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարեց, որ իրենք այս անգամ կոալիցիա չեն կազմավորի Մերկելի գլխավորած դաշինքի հետ: Կուսակցության շատ անդամներ, հատկապես՝ երիտասարդական թևը, շարունակում է մնալ այդ կարծիքին: Արդյունքում Սոցիալ-դեմոկրատների ներկուսակցական քվեարկության արդյունքները, որոնք հայտնի կդառնան միայն մարտի սկզբին, կարող են անգամ հանգեցնել արտահերթ ընտրությունների անցկացման: Սակայն, Շուլցը վստահ է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի և կհաջողվի ստանալ կուսակիցների առնվազն 50 տոկոսի համաձայնությունը: Նշենք, որ բանակցված կոալիցիոն համաձայնագիրը ստեղծված իրավիճակում, երբ կուսակցությունը լուրջ ճգնաժամ է ապրում, բավականին շահեկան է սոցիալ-դեմոկրատների համար: Նշենք, որ ի թիվս աշխատանքի, ընտանիքի հարցերով, արդարադատության, շրջակա միջավայրի, ԱԳ նախարարների պորտֆելների Մերկելը համաձայնել է սոցիալ-դեմոկրատներին փոխանցել նաև ֆինանսների նախարարի պորտֆելը, ինչը Եվրոպայի ներկայիս տնտեսական իրավիճակում էական զիջում կարելի է համարել. վերջին 8 տարիներին այդ պաշտոնը զբաղեցնում էր քրիստոնեա-դեմոկրատ Վոլֆգանգ Շոյբլեն: Միևնույն ժամանակ ֆինանսների նախարարի պորտֆելի առկայությունը սոցիալ-դեմոկրատներին լծակներ է տալիս՝ ազդելու երկրի սոցիալական քաղաքականության վրա:

Նշենք, որ բանակցությունների արդյունքը բավականին հաջողված է անձամբ Շուլցի համար: Համաձայնագրով նախատեսվում է, որ հենց նա է գլխավորելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Սա, բնականաբար, որոշակի փոփոխություններ կառաջացնի Բեռլինի արտաքին քաղաքականությունում: Մասնավորապես, ի տարբերություն գործող ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի, ով ի դեպ ևս սոցիալ-դեմոկրատ է,  Մարտին Շուլցը բավականին հեռու է գերմանացի ձեռներեցների շահերից, ուստի հակառուսական պատժամիջոցների չեղարկելու ուղղությամբ քայլեր դժվար ձեռնարկվեն, փոխարենը՝ ենթադրվում է, որ Գերմանիան էլ ավելի ակտիվ դերակատարում կստանձնի համաեվրոպական օրակարգում՝ հաշվի առնելով, որ Շուլցը երկար տարիներ աշխատել է եվրոպական կառույցներում:

Միևնույն ժամանակ Մարտին Շուլցի անձը կարող է որոշիչ լինել նաև Գերմանիայի միգրացիոն քաղաքականության համար: Նշենք, որ կոալիցիոն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Քրիստոնեա-սոցիալական միության բավարական կուսակցության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը, ով հայտնի է միգրացիոն քաղաքականության հարցում իր բավականին կոշտ դիրքորոշմամբ: Թերևս Շուլցի մեղմ հայացքներն այս հարցում թույլ կտան պահպանել բալանասավորված քաղաքականության այս ուղղությամբ, միևնույն ժամանակ Զեեհոֆերի նշանակումը կնպաստի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ժողովրդականության աճի կասեցմանը:

Արդյունքում, ինչպես նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կողմերին հաջողվել է կազմավորել կայուն և գործունյա կոալիցիոն կառավարություն: Եվ չնայած դրան, ակնհայտ է, որ Գերմանիան քաղաքական լուրջ ճգնաժամ է ապրում և քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների կարիք ունի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: