ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սամուել. Բուլղարիայի հայ ցարը

poseti.guide-bulgaria.com

Բուլղարիայում հայկական համայնքի պատմությունը սկսվում է դեռևս 5-րդ դարից: Բյուզանդական տիրապետության շրջանում կայսրության մաս կազմող Բուլղարիայի թագավորության տարածքում հաստատվել են մեծ թվով հայեր: 9-րդ դարում՝ Բյուզանդիայի հայազգի կայսրուհու՝ Թեոդորա Մամիկոնյանի ջանքերով քրիստոնեությունը հռչակվել է Բուլղարիայի պետական կրոն, հայտնում է Նոյան Տապան-ը:

997-1018թթ Բուլղարիայում իշխել է Կամիտոպուլիների (հայ.՝ Կոմսաձագերի) հայկական թագավորական դինաստիան, որը ծագում էր հայազի Նիկողայոսից և Հռիփսիմեից: Ուղղափառ այս արքայատոհմն իր հետք է թողել Բուլղարիայի պատմության մեջ: Նիկողայոսի որդիները՝ Դավիթը, Մովսեսը, Ահարոնը և Սամուելը կառավարել են պետության տարբեր հատվածներում, որի մեջ էին մտնում ներկայիս Ալբանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի և Թուրքիայի որոշ տարածքներ:

Սամուելին, սակայն, վիճակված էր դառնալ Բուլղարիայի ամենահայտնի ցարերից մեկը: Նա փաստացի կառավարում էր Բուլղարիան դեռ 971 թվականից՝ որպես զորահրամանատար և համակառավարիչ՝ Ռոման ցարի հետ միասին: Բյուզանդական գերությունից փախած Ռոման ցարի մահից հետո Սամուելը դարձավ Բուլղարիայի ցար: Ձգտելով պահպանել իր թագավորության անկախությունը՝ նա անդադար մարտեր է մղել Բյուզանդական կայսրության դեմ: Իր կառավարման սկզբնական շրջանում Սամուելին հաջողվել է բյուզանդացիներին մի քանի անգամ խոշոր պարտության մատնել և կանխել նրանց հարձակումներն իր տարածքների վրա:

10-րդ դարի վերջում բուլղարական զորքերին հաջողվեց գրավել սերբական որոշ շրջաններ և հաջող արշավանքներ կազմակերպել խորվաթների և հունգարացիների դեմ: Այն բանից հետո, երբ Բյուզանդիան հետ գրավեց Բուլղարիայի հյուսիս-արևելյան շրջանը, Սամուելը երկրի մայրաքաղաքը տեղափոխեց ժամանակակից Մակդոնիայի տարածք: Թեև իսկզբանե չէր որոշվել, թե որ քաղաքն է նոր մայրաքաղաքը, ժամանակի ընթացքում որպես նոր մայրաքաղաք սկսեց ծառայել Օխրիդը:

Սամուելը մահացել է 1014թ.-ի հոկտեմբերին՝ Կլեյդիոնի ճակատամարտում բյուզանդացիներից կրած ծանր պարտությունից երկու ամիս անց: 4 տարի անց Բյուզանդիան նվաճեց Բուլղարիայի ողջ տարածքը:

Սամուելի օրոք բուլղարական թագավորությունը զբաղեցնում էր Բալկանյան թերակղզու մեծ մասը՝ բացառությամբ Թրակիայի: Չնայած Սամուելի կառավարումը կապված է բուլղարական թագավորության անկման հետ՝ նա համարվում է Բուլղարիայի և Մակեդոնիայի ազգային հերոս, հայտնում է Rutraveller-ը:

Սամուելի կյանքի վաղ շրջանի վերաբերյալ շատ քիչ բան է հայտնի: Ըստ պատմիչ Ստեփանոս Ասողիկի՝ Սամուելը ծնունդով Հայաստանի Դերջան գավառից էր:

Սկզբում նա եղբոր հետ ծառայել է բյուզանդական բանակում, հայկական մի զորամասում: Բյուզանդական կայսրի հրամանով նրանք տեղափոխվում են Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու համար: Սակայն, տեսնելով տեղացիների հանդեպ իրագործվող դաժանությունները` նա եղբոր հետ ապստամբում է կայսեր դեմ, անցնելով բուլղարների կողմը: Մակեդոնիայի Պրեստա շրջանում հայտնաբերվել է Սամուելի գերեզմանաքարը, որի վրա հունարեն արձանագրությունից երևում է, որ նրա հայրը եղել է Նիկողայոսը, իսկ մայրը՝ Հռիփսիմեն: Ըստ աղբյուրների՝ Նիկողայոսը զբաղեցրել է նահանգապետի պաշտոն (Հովհան Սկիլեցին օգտագործում է «comit» տերմինը, որը նշանակում է վարչական միավորի ղեկավար), իսկ մայրը եղել է հայկական Բագրատունյաց արքայատոհմի Աշոտ II թագավորի դուստրը:

Սամուել ցարն իր կառավարման շրջանում, ինչպես և հայրը, Բուլղարիայում վերաբնակեցրել է հազարավոր հայ ընտանիքների Բյուզանդիայի տարբեր շրջաններից: Նրա  մերձավորների շրջանում եղել են հայազգի զորավարներ, քաղկեդոնական հոգևորականներ, հասարակական գործիչներ: Հայտնի է նաև, որ Սամուելն իր աղջկան ամուսնացրել է հայ իշխան Գրիգոր Տարոնեցու որդու՝ Աշոտի հետ և նրան տվել զինվորական բարձր պաշտոն: Սամուելի թոռան՝ Պետրու Դիլյանոսի, Բյուզանդիայի դեմ գլխավորած ապստամբությունը՝ բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է:

Սամուելի թագավորության ընթացքում Բուլղարիայում առաջացել են նաև մի շարք հայկական տեղանուններ, որոնցից են՝ Արմենցո, Արմենցի, Արմենիկա, Արմենիո, Էրմենցի, Արմենցիո և այլն:

Նշենք, որ ըստ 2001թ. մարդահամարի տվյալների՝ Բուլղարիայի տարածքում բնակվում է 10 832 հայ, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հայերի թիվը հասնում է 28-32 հազարի: Բուլղարիայում ամենամեծ հայկական համայնքը գտնվում է Պլովդիվում, որի մեջ մտնում են նաև կաթոլիկ և բողոքական բուլղարացիներ, ովքեր իրենց համարում են հայերի ժառանգներ: Բուլղարացիները, սակայն, թե՛ նրանց, թե՛ հայերին ընդհանրապես համարում են հարազատ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: