ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեփական երկրում անպատժելիությունը կուրացրել է դիկտատորին. Ալիևն այլևս չի ընկալում իր խոսքերի կշիռն ու հետադարձ ուժը. Նաիրա Կարապետյան (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության և Ալիևի հռետորաբանության վերաբերյալ:


- Տիկի´ն Կարապետյան, տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեիք:

 - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ մի քանի հիմնական շեշտադրում պետք է առանձնացնեմ: Առաջինը՝ 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, հետագայում նաև` Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ կատարման անհրաժեշտությունն է: Սա մի գործիք է, որ կզսպի հարևան պետության ագրեսիան, քանի որ հստակ տեսանելի կդառնա հրադադարի խախտման ցանկացած փորձ, միջազգային հանրությունն էլ կստանա պատասխան, թե ով է այդ հրադադարը խախտողը:

Երկրորդը, որ կցանկանայի առանձնացնել, կապակցված է առաջինի հետ և վերաբերում է շփման գծում կորուստներին: Նույն հայտարարության մեջ երկու անգամ մեջբերել Ժնևյան պայմանավորվածությունն՝ Ադրբեջանին դնում է փակուղու մեջ` նա պետք է չխոչընդոտի Կասպրշիչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև հետաքննության մեխանիզմների ներդրմանը, այլապես անուղղակիորեն ընդունում է, որ հրադադարը խախտում են հենց իրենք: Մյուս կողմից, ներդնելով այս մեխանիզմները, նա կապում է իր իսկ ձեռքերը: Հայաստանը ներկայումս խիստ շահեկան դիրքում է. այն, ինչ մենք բազմիցս հայտարարել ենք, հիմա ուղղակիորեն հաստատվում է:

Եվ երրորդ կարևոր կետը՝ կոչն է զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Փաստորեն, համանախագահները, քաջ ծանոթ լինելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, նախընտրական այս շրջանում փորձում են զերծ պահել նրան նմանատիպ կոչերից:

Ինձ համար այս հայտարարության առանձնահատկությունն այն էր, որ այն ամբողջովին ուղղված էր Ադրբեջանին զսպելուն:

Երևանը «հետ վերադարձնելու» վերաբերյալ Ալիևի հայտարարությունը որոշ մարդկանց կողմից մեկնաբանվում է որպես նախընտրական քարոզարշավի մի մաս, որին շատ ուշադրություն պետք չէ դարձնել: Արդյո՞ք նման մեկնաբանությունները չեն նպաստում Ադրբեջանի կողմից հակայակական հռետորաբանության սրմանը: Ի՞նչ վտանգներ է պարունակում նման քաղաքականությունը:

- Բնականաբար, նման հայտարարությունները չի կարելի թողնել առանց ուշադրության: Ես իսկապես կարծում եմ, որ այն արվում է ավելի շատ ներքին լսարանի համար, սակայն Իլհամ Ալիևը իր հորից չի կարողացել ժառանգել չափի զգացողությունը: Շատ ժամանակ նրա ծայրահեղական քայլերն ու հայտարարություններն, ինչպես, օրինակ, իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելը կամ հրապարակային ճառում ողջ հայությանը դիտարկելն իբրև թշնամի, խիստ բացասական են ազդում նրա միջազգային քաղաքական կերպարի վրա:

Հայտարարությունը, որում Երևանը դիտարկվում է իբրև «պատմական ադրբեջանական տարածք» և համոզմունք է հայտնվում, որ մի օր ադրբեջանցիները այն «վերադարձնելու են», կարծում եմ՝ շատ ուժեղ խաղաքարտ է մեզ համար, որ չգիտակված կերպով մատուցվել է Ալիևի կողմից: Արձագանքը, հավատացե՛ք, պատշաճ է` թե’ դիվանագիտական, թե’ խորհրդարանական և թե’ հասարակական օղակներում այն հավուր պատշաճի մատուցվում է և դեռ մատուցվելու է:

Վտանգը մեկն է` հարևանին պետք է սաստել, քանի դեռ վերջնականապես չի թունավորել իր իսկ ժողովրդին. Ալիևների կլանը մի օր կգնա, լինի դա 10, 20, 30, թե 50 տարուց, բայց ադրբեջանական հասարակության գիտակցությունը մաքրելու և սթափեցնելու համար դեռ շատ ու շատ ջանքեր կպահանջվեն:

Սեփական երկրում անպատժելիությունը կուրացրել է դիկտատորին. Ալիևն այլևս չի ընկալում իր խոսքերի կշիռն ու հետադարձ ուժը: 

- Նման պարագայում որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի քայլերը, այդ թվում՝ ուղղված միջազգային հանրութանը՝ Բաքվի առավելապաշտական ձգտումները դատապարտելու և զսպելու համար:

 - Պատասխանը, կարծում եմ, շատ կարճ է` հետևողականորեն օգտագործել բոլոր միջազգային հարթակները և շարունակել ի ցույց աշխարհի ներկայացնել ագրեսոր Ադրբեջանի և նրա դիկտատոր ղեկավարի իրական կերպարը: Միասնական և հետևողական աշխատանքը միշտ էլ տալիս է իր պտուղները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: