ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 023,19 դրամ ԱՐԾԱԹ - 225,77 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 879,15 դրամ

Թուրք-հունական հակամարտություն. «Թուրքերը չունեն արդարության զգացում»

Greek Reporter

Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին տարիների ընթացքում ամենալուրջ հակասությունը շարունակվում է։ Նշենք, որ մինչ այս պաշտոնական Աթենքը խոսում էր Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին։ Այս անգամ վեճի պատճառ է դարձել Իմիայի մոտ տեղի ունեցած միջադեպը։

Ինչպես հայտնի է, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի և Թուրքիայի վեճի ակունքները հասնում են ներկայիս թուրքական պետության ստեղծման ժամանակներ։ Համաձայն 1923 թվականի Լոզանի պայմանագրի, որը վճռում էր Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության տարածքների բաժանումը, Էգեյան ծովի կղզիների մեծ մասն անցան Հունաստանին։ Երկու երկրների միջև դեռևս 1919-1922 թվականների թուրք-հունական պատերազմից ի վեր նկատվող ոչ բարեկամական հարաբերություններն առավել սրվեցին Կիպրոսում տեղի ունեցած հակամարտության և 1974թ.-ին թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային հատվածի օկուպացիայի արդյունքում։

1982 թվականին ծովային իրավունքի մասին ՄԱԿ միջազգային կոնվենցիայի ստորագրումը Հունաստանին հնարավորություն ընձեռեց իր ջրային տարածքներն ավելի ընդլայնել։ Թուրքիան այս ամենում սպառնալիք տեսավ իր անվտանգության համար։

1996 թվականին Իմիա (Կարդակ) երկու կղզիների և Էգեյան ծովում Դոդեկանեսկոմ արշիպելագի պատկանելիության շուրջ վեճը դարձավ Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում նոր ճգնաժամի պատճառ։ Հակամարտությունը դադարեցվեց միջազգային հանրության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջամտությունից հետո։ 1996 թվականի հունվարի 31-ին՝ ճգնաժամի վերջին օրերին, հակամարտության գոտում կործանվեց Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, ինչի հետևանքով մահացավ երեք հույն սպա։ Որպես վթարի պատճառ նշվեցին տեխնիկական խնդիրները։  

Ըստ հունական սահմանապահ զորքերի տվյալների՝ օրեր առաջ Իմիայից արևելք ընկած հունական ջրային տարածքներում թուրքական պարեկային նավակը վտանգավոր մանյովրներ է իրականցրել՝ խախտելով նավերի բախման մասին նախազգուշացնող միջազգային ընթացակարգերը։ Թուրքական պարեկային նավակն անցել էր հունական սահմանապահ զորքերի վերահսկողության գոտի։ Նշենք, որ հսկողությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ հունական և եվրոպական ծովային սահմանները պաշտպանելու նպատակով։ Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրիս Թզանակոպուլոսը հայտարարել է, որ Աթենքը մտահոգված է միջադեպով՝ մեղադրելով Անկարային սադրանքների մեջ։

Թուրքիան իր հերթին միջադեպի մեղավոր համարում է Հունաստանին։ Այնուամենայնիվ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն իր հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Աթենքին թուլացնել լարվածությունը երկու երկրները բաժանող Էգեյան ծովում: Հունաստանի  վարչապետն իր հերթին իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ նման միջադեպերը խաթարում են թուրք-հունական և թուրք-եվրոպական հարաբերությունները՝ միևնույն ժամանակ խախտելով միջազգային իրավունքը: Այնուամենայնիվ, վարչապետերը համակարծիք են եղել, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել երկխոսության միջոցով, ինչի հետ կապված մոտ ապագայում տեղի կունենա երկու երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում:  

Նշեն նաև, որ Հունաստանի ԱԳՆ-ն միջադեպից անմիջապես հետո բողոքի նոտա է հղել Թուրքիային: Հունաստանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին իր հերթին հայտարարել է, որ Հունաստանն այլևս չի հանդուրժի Թուրքիայի սադրիչ պահվածքը և Իմիա կղզիների պատկանելիության հարցը կասկածի տակ դնելու վերջինիս փորձերը:  

Տեղի ունեցածի հետ կապված բավական աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել նաև Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը: Նա մասնավորապես ասել է, որ «լավ թուրքը մեռած թուրքն է»: «Ես հավատում եմ դրան, քանի որ ոչ մի անգամ չեմ հանդիպել լավ թուրքի: Թուրքերը չունեն արդարության զգացում», - հայտարարել է Պանգալոսը:  

Նշենք, որ Աթենքի և Անկարայի միջև բազմամյա հակամարտությունը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անկայունության գլխավոր օջախներից մեկը: Ընդ որում, հակամարտության պատճառը սոսկ տարածքային չէ: Այն բանից հետո, երբ տարիներ առաջ Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերվեցին բնական գազի պաշարներ, Էգեյան հակամարտությունում խաղադրույքներն ավելի բարձրացան: Եվ նույնիսկ 2017 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Էրդողանի այցը Հունաստան չբարելավեց երկու երկրների հարաբերությունները: Թեև դա ևս պատահական չէր. այցից մեկ օր առաջ Էրդողանը հայտարարել էր Լոզանի պայմանագիրը վերանայելու անհրաժեշտության մասին, որը սահմանում է Էգեյան ծովում Հունաստանի և Թուրքիայի սահմանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 11.27 կմ/ժ
12 C°
 
10°  18° 
24.10.2018
11°  21° 
25.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։