ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ԽՎ նախագահին առաջարկել ենք այցելել Արցախ և հանդիպել այնտեղի իշխանությունների հետ. Հերմինե Նաղդալյան (բացառիկ)

 

Վիեննայում փետրվարի 22-ին մեկնարկել են ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանի առաջին օրվա քննարկումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ:

 

- Տիկի´ն Նաղդալյան, երեկ՝ փետրվարի 22-ին, մեկնարկեցին ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Որո՞նք են այս նստաշրջանի օրակարգային հիմնական հարցրեը:

- Այո´, երեկ Վիեննայում սկսեցին ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Մեր պատվիրակությունն այս նստաշրջանին մասնակցում է 5 հոգով: Ինձնից բացի հիմնական կազմում են Տիգրան Ուրիխանյանն ու Արարատ Միրզոյանը, իսկ փոխարինող կազմից՝ Կարեն Բեքարյանն և Արման Սաղաթելյանը: Այս նստաշրջանն առանձնանում է նրանով, որ փաստաթղթեր չեն ընդունվում, ինչպես հուլիսյան նստաշրջանի ժամանակ: Դրա փոխարեն՝ 2018թ-ի հուլիսյան նստաշրջանին ընդառաջ, Վեհաժողովում կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Տարբեր կոմիտեներում տեղի են ունենում թեմատիկ քննարկումներ, զեկուցողները ներկայացնում են իրենց ապագա զեկույցների գաղափարները, մտքերը: Ձմեռային նստաշրջանի բովանդակային հիմնական բեռը սա է: Այս քննարկումների ընթացքում բոլոր կոմիտեներում զեկուցողներն իրենց տեսլականն են ներկայացնում, քննարկման ընթացքում հնչում են այն մտքերն ու գաղափարները, որ պատվիրակներն առաջարկում են արտացոլել զեկույցների մեջ:

Նստաշրջանը սկսվել է Մշտական կոմիտեի նիստով և առաջին անգամ Վեհաժողովի նիստերը վարում էր Վրաստանի պատվիրակ պարոն Ջորջ Ծերեթելին, ով նշանակվել է Վեհաժողովի նախագահ: Նիստի բացման իր ելույթում պարոն Ծերեթելին ներկայացրեց  այն աշխատանքները, որ իրականացրել է իր նշանակվելուց հետո: Իր խոսքում նա շեշտեց, որ ԵԱՀԿ-ն հանդիսանում է երկխոսության հարթակ, որը ղեկավարվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկբունքներով՝ նշելով, որ այդ սկզբունքներն անքակտելի են և ենթական չեն փոփոխման: Վեհաժողովի նախագահը ներկայացրեց նաև իր աշխատանքի գերակայությունները. հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացում, ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ չճանաչված պետություններում:

Հիմնական և ամենակարևոր միտքը, որ հնչեց երեկվա քննարկումների ժամանակ, այն էր, որ ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է, բայց այն ոչ թե երկխոսություն է երկխոսության համար, այլ երկխոսություն է հանուն արդյունքների:

Երեք գլխավոր կոմիտեների համատեղ նիստի ժամանակ բավականին հետաքրքիր էին Իտալիայի արտգործնախարարի տեղակալ Պարոն Վինչենցո Ամենդոլայի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Թոմաս Գրեմինգերի ելույթները: Ամենդոլան, ներկայացնելով գերակայությունները, նույնպես նշեց հակամարտությունների կարգավորման գործընթացների ակտիվացման կարևորությունը: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա հայտարարեց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև կարևորում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ակտիվացումը և Կասպրչիկի գրասենյակի ընդլայնումը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն, իր հերթին, ներկայացրեց իր մոտեցումները ԵԱՀԿ-ի բարեփոխումների վերաբերյալ, որենց հիմքում դրված է ԵԱՀԿ-ի ամրապնդումը և այսօրվա իրողություններին համապատասխան այն մոդեռնիզացնելու հարցը: Այս համատեքստում նա մշակել էր քաղաքական մի մոտեցում, որն անվանեց 3P: Այն ենթադրում է ներառական երկխոսություն, ոչ պաշտոնական երկխոսության հարթակների ընդլայնում, որի արդյունքը պետք է լինի ԵԱՀԿ տարածաշրջանում միավորող օրակարգի մշակումը: Որպես 3P մոտեցման երկրորդ բաղադրիչ, նա նշեց անվտանգության գործընթացների ընդլայնումը, դրանց առավել աշխուժացումն անվտանգային խնդիրների լուծման համար, իսկ որպես երրորդ բաղադրիչ՝ կոնտակտների համար նոր գրասենյակների ստեղծումը:

 

Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան պատվիրակության աշխատանքն այս նստաշրջանում:

- Մեր պատվիրակությունն այս նստաշրջանում բավականին ակտիվ է: Հանդես եկանք ինչպես ելույթներով, այնպես էլ ԵԱՀԿ պաշտոնյաներին ուղղեցինք մեզ հուզող հարցերը: Իմ ելույթի ժամանակ շեշտեցի, որ մենք կարևորում ենք Հայաստանի և ԵԱՀԿ ԽՎ միջև համագործակցությունը և շուտով նախատեսվում է Վեհաժողովի նախագահի այցը Հայաստան, որը տեղի կունանա Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: Նշեցի, որ Հայաստանը բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ շեշտելով, որ գնահատում ենք այն քաղաքական աջակցությունը, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ցուցաբերում է բանակցային գործընթացի նկատմամբ՝ հատկապես բացառելու ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը: Իմ ելույթում կոչ  արեցի Խորհրդարանական Վեհաժողովին առավելապես աջակցել այն համաձայնությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների ժամանակ՝ նշելով, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել ստանձնած պարտավորությունները:

 

Ելույթով է հանդես եկել նաև Կարեն Բեքարյանը, ով խոսեց հակամարտությունների կարգավորման և ժողովրդավարության կապի, չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին: Նա նաև անդրադարձավ հռետորաբանության կարևորությանը՝ առանձնացնելով երեք մակարդակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, դասագրքեր և ԶԼՄ-երի հռետորաբանություն: Նա շեշտեց, որ մարդու իրավունքների մասին պետք է խոսել և մտածել ամեն օր և ամեն պահ, հակառակ պարագայում կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին Թուրքիայում է: ԶԼՄ-երի ազատության և կեղծ լուրերի տարածման վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Արման Սաղաթելյանը: Նշեմ, որ ելույթները մեկ անգամով չսահմանափակվեցին: Հաշվի առնելով պատվիրակների հետաքրքրվածությունը թեմայի վերաբերյալ՝ նրանք 2-3 անգամ ելույթ ունեցան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի վերաբերյալ հարց ուղղեցինք գլխավոր քարտուղար պարոն Գրեմինգերին: Նա նշեց, որ չնայած գրասենյակի փակվելուն դեմ էին թե´ հյուրընկալող երկիրը, թե´ բազմաթիվ այլ երկրներ՝ նման որոշում է կայացվել, որովհետև ԵԱՀԿ կանոնակարգն է այդպիսին, և մեկ երկրի վետոն աշխատում է: Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ գրասենյակի փակումից ընդամենը 4-5 շաբաթ անց քարտուղարությունը մշակել է Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու իր ծրագիրը: Այդ ծրագիրը ներկայացվել է ԵԱՀԿ անդամ երկրներին և հիմա բանակցվում է, որպեսզի Հայաստանը կարողանա նոր գործիքների միջոցով շարունակել ԵԱՀԿ հետ համագործակցությունը:

Իտալիայի փոխարտգործնախարարին ուղղված հարցում փորձեցինք հստակեցնել Իտալիայի նախագահության դիրքորոշումը Կասպրչիկի գրասենյակի ընդլայնման և վստահության այլ միջոցների ներդրման հարցի վերաբերյալ, որոնց հետ կապված արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Ամանդոլան նշեց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերին և անելու է առավելագույնը՝ նրանց աջակցելու համար:

Հայաստանյան պատվիրակությունը, հաշվի առնելով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հռչակած գերակայությունները, առաջարկեց նրան այցելել Արցախ և հանդիպել այնտեղի իշխանությունների հետ: Մենք նաև անդրադարձանք տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ իրականացվող մեկուսացման քաղաքականությանը՝ շեշտելով, որ ԵԱՀԿ լիազորությունների մեջ է մտնում նաև  որևէ երկրի մեկուսացում, բաժանարար գծեր թույլ չտալը: Կարևորեցինք ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի  շփումներն Արցախի ժողովրդի, ղեկավարության հետ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և ստանալու տեղեկատվություն առաջին ձեռքից:

Նշեմ նաև, որ Տիգրան Ուրիխանյանը նախապատրաստում է կիբերտարածքի վերաբերյալ հայտարարության նախագիծ: Արարատ Միրզոյանի և մեր մյուս պատվիրակների հետ միասին նա այժմ քննարկումներ է իրականացնում տարբեր պատվիրակների հետ: Հուսով եմ, պարոն Ուրիխանյանի հայտարարության նախագիծը կարժանանա գործընկերների վստահությանը, և մենք հուլիսյան նստաշրջանի ժամանակ կկարողանանք անցկացնել այս կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: