ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Խոջալու. դա պատերազմ է եղել

Xocalicharges.org

Հայտնի ասացվածք կա` «պատերազմում չամիչ չեն բաժանում». այն իրականում արտահայտում պատերազմի բազմաթիվ իրողություններ: Եվ այսօր, երբ խոսքը գնում է այս կամ այն պատերազմի ժամանակ դաժանությունների մասին, հասկանում ես, թե որքան վայրի է հնչում «սպանություն» բառը հատկապես երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ: Չնայած «սպանություն» բառը միշտ վայրի է հնչում, նույնիսկ երբ այն օգտագործվում է որպես ինքնապաշտպանություն:

Սակայն, երբեմն լինում են բացառություններ, որոնք պատահում են ոչ բոլորի կյանքում, այլ միայն նրանց, ովքեր պատերազմ են վերապրել: Պատերազմի ժամանակ սպանությունը և մահը դադարում են վայրի թվալ, ուղղակի վերածվում են առօրեական, սովորական բանի: Դրանից պակաս սարսափելի չի դառնում, սակայն ամեն դեպքում... Դրան չեն կարողանում հավատալ նրանք, ովքեր չեն ապրել նման ռազմական օրեր: Նույնիսկ այսօր՝ Ղարաբաղյան պատերազմից տարիներ անց, թվում է, թե նման բան չի եղել, որ մարդը չի կարող սովորել մահվան և կորցնել իրեն հատուկ որակները: Սակայն պատերազմը  մարդկանցից խլում է ոչ միայն ապրելու իրավունքը և նրա բազմաթիվ հմայքները (հաց, ծորակից ջուր, էլեկտրականություն, կապ և այլ), պատերազմը մարդկանցից խլում է նաև գլխավորը՝ մարդկային դեմքը և մարդկային հոգին: Եվ այսօր, եթե հիշենք պատերազմը, խոսենք դրա մասին, գնահատենք այս կամ այն մարդկանց արարքները, հարկ է հիշել, որ պատերազմի ժամանակ արված այս կամ այն արարքները չի կարելի դատել այսօրվա «խաղաղ» օրենքներով, քանի որ այն ժամանակ մարդիկ մարդ չէին, նրանք մարդ-բնազդներ էին, որոնց հետաքրքրում էր միայն մի բան՝ գոյատևելը…

Այս ամենն այսօր գրվում է փետրվարի 26-ի համատեքստում, որը ադրբեջանցիներն անվանում են «Խոջալուի ողբերգության», հայերը՝ «Խոջալուի գործողության» օր: Իրականում այն, ինչ տեղի է ունեցել Խոջալուում, հարկ է դիտարկել Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընդհանում շղթայում, քանի որ անհնար է առանձին դիտարկել  շղթայի մի օղակը. պատճառահետևանքային կապը տվյալ դեպքում շատ ուժեղ է: Եվ ինչպես այսօր չի կարելի խոսել միայն այն մասին, որ Խոջալուում տեղի ունեցածը հայերի վայրագությունն է (առանց խորանալու մանրամասների և 1988 թվականից հետո Ղարաբաղում տեղի ունեցած ֆոնի մեջ), այնպես էլ չի կարելի ասել, որ Խոջալուի համար պատասխանատվությունը կրում են միայն ադրբեջանցիները, ովքեր տարհանել են ոչ թե «մարդկանց, այլ անասուններին»: Ավելի շուտ տեղի ունեցածի համար պատասխանատվությունը պետք է վերցնեն պատերազմի սարսափելի հանգույցը կապած մարդիկ, քանի որ հենց նրանք են մարդկանց դարձրել անմարդկային, սպանելու ընդունակ...

Գոյություն ունի ժամանակագրություն, որի համաձայն՝ հայկական զինված ուժերի հարձակումն ադրբեջանաբնակ Խոջալուի վրա կանխորոշված է, ինչպես քաղաքի ռազմավարական տեղակայմամբ, այնպես էլ Խոջալուից հայկական գյուղերի ուղղությամբ պարբերական կրակահերթերով: Պատերազմ էր, որի ժամանակ, ինչպես գիտեք, ինչ-որ մեկը հարձակվում է, ինչ-որ մեկն էլ պաշտպանվում: Երբեմն դիրքերը փոխվում էին, սակայն այն ժամանակ ղարաբաղյան պատերազմի մեջ բոլոր ներքաշվածները գիտեին՝ իրենց սպասում է կամ կյանք, կամ մահ: Եվ ամեն ինչի սպասում էին, քանի որ պատերազմ էր...

Անգլիացի լրագրող Թոմաս դե Վալլը Խոջալուի գործողության սկիզբը նկարագրում է այսպես. «Հարձակումը սկսվել է փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը: Այդ օրը հավանաբար ընտրվել էր ի հիշատակ 4 տարի առաջ Սումգայթում տեղի ունեցած հայկական կոտորածների»: Նրա կարծիքով Խոջալուում խաղաղ բնակիչների սպանությունը չպլանավորված, ոչ կանխամտածված ակցիա էր. «Ես չեմ կարծում, որ դա եղել է կանխամտածված: Ես կարծում եմ, որ ցանկացած պատերազմում իրադարձությունները զարգանում են շատ արագ, տարերայնորեն: Ես չեմ կարծում, որ դա կանխամտածված, վերևից հավանության արժանացած ակցիա էր: Ես կարծում եմ, որ դա պատերազմ էր, որ դա բավականին քաոսային իրավիճակ էր…»:

ԼՂՀ պաշտոնատար անձանց պնդմամբ՝ Խոջալուի խաղաղ բնակչության տարհանման համար ազատ միջանցք էր թողնվել, որը սկիզբ էր առնում քաղաքի արևելյան ծայրամասից ու Կարկառ գետի հունով ձգվել է դեպի հյուսիս-արևելք` Աղդամ` Ասկերանը թողնելով ձախ կողմում: Միջանցքի լայնությունը կազմել է 100-200 մետր, որոշ տեղերում էլ մինչև 300 մետր: Այդ միջանցքի սահմաններում հայկական զինված խմբավորումների անդամները խոստացել էին կրակ չբացել Խաղաղ բնակիչների և առանց զենքի դուրս եկած զինված խմբավորումների անդամների վրա:

ԼՂՀ պաշտոնատար անձանց և հարձակման մասնակիցների խոսքերով՝ գործողությունից առաջ Խոջալուի բնակչությանը տեղեկացվել է նման միջանցքի առկայության մասին զրահամեքենաների վրայի բարձրախոսների միջոցով: Սակայն, այդ տեղեկությունը հայտնած անձիք չէին բացառում, որ Խոջալուի բնակչության մեծ մասը կարող է և լսած չլինել ազատ միջանցքի մասին հայտարարությունը կրակոցների և բարձրախոսների ցածր հզորության պատճառով: Ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության կողմից հարցված Խոջալուից հարձակման ժամանակ փախած 60 հոգուց միայն մեկն է հայտնել, որ իմացել է ազատ միջանցքի գոյության մասին (նրան այդ մասին հայտնել էր Խոջալուի կայազորի «զինվորականը»): Մինչ այդ՝ հարձակումից մի քանի օր առաջ, հայկական կողմի ներկայացուցիչները, ռադիոկապն օգտագործելով, բազմիցս Խոջալուի իշխանություններին հայտնել են սպասվող հարձակման մասին և կոչ են արել բնակչությանը տարհանել քաղաքից: Բաքվի թերթերի հրապարակումները («Бакинский рабочий») վկայում են, որ ադրբեջանական կողմը ստացել է այդ տեղեկությունը և փոխանցել է Բաքվին:

Միջանցքի գոյության մասին վկայում է նաև «Русская мысль» թերթի  1992 թվականի ապրիլի 3-ի համարում Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովի խոսքերի մեջբերումը. «Մենք գիտեինք, որ այդ միջանցքը նախատեսված է խաղաղ բնակչության տարհանման համար…»: Սակայն, ըստ ամենայնի, ազատ միջանցքի մասին տեղեկությունը չի փոխանցվել Խոջալուի բնակչության հիմնական մասին:

Չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում (հրապարակված «Независимой газетеа»-ում 1992 թվականի ապրիլի 2-ին) այն ժամանակ արդեն հրաժարական տված Ադրբեջանի նախագահ Այզա Մութալիբովը հանցագործության պատասխանատվությունը դրեց իր հրաժարականին ձգտող անհայտ ուժերի վրա: Հարցին՝ «Ի՞նչ եք մտացում Խոջալուի դեպքերի մասին, որոնցից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուի բնակչության դիակները գտնվել են Աղդամի մոտակայքում: Ինչ-որ մեկը սկզբում կրակել է ոտքերին, որ նրանք չկարողանային հեռու գնալ, հետո սպանել են կացնով: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են նրանց: Մարտի 2-ի նկարահանման ժամանակ այդ դիակաները գանգամաշկված էին. Տարօրինակ խաղ...», Մուտալիբովը պատասխանել է. «Ինչպես ասում էին Խոջալուի փրկված բնակչները, այդ ամենը կազմակերպված է եղել իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, որ նման իրավիճակներին շատ հստակ և բանիմացորեն մոտեցող հայերը կարող էին թույլ տալ ադրբեջանցիներին ստանալու ֆաշիստական գործողություններում իրենց բացահայտող փաստաթղթեր: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր այն բանում, որ հետագայում ցույց տա այդ կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և ամեն ինչ կենտրոնացնի իմ անձի վրա...»:

2005 թվականին Խոջալուում զոհերի համար հակամութալիբովյան Ադրբեջանի Ազգային ճակատի մասնակի պատասխանատվությունն իր հոդվածում հաստատեց նաև ադրբեջանցի լրագրող, haqqin.az պորտալի ղեկավար Էյնուլա Ֆաթուլայևը. «Աշխարհագրական տեղանքի հետ ծանոթանալով՝ լիակատար համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին ենթադրություններն անհիմն են: Միջանցք իսկապես եղել է, հակառակ դեպքում՝ արտաքին աշխարհից ամբողջությամբ շրջափակված և մեկուսացված Խոջալուի բնակչությունը ոչ մի կերպ չէր կարող ճեղքել օղակը և դուրս գալ շրջափակումից:

Սակայն, հաղթահարելով Կարկառ գետից այն կողմ գտնվող տեղանքը՝ փախստականները բաժանվել են, և անհասկանալի պատճառներով Խոջալուի բնակչության մի մասն ուղևորվել է Նախիջևանիկի ուղղությամբ: Կարծես թե Ադրբեջանի Ազգային ճակատի գումարտակները ձգտում էին ոչ թե Խոջալուի բնակչության ազատագրմանն, այլ Մութալիբովի տապալման ճանապարհին մեծ արյունահեղության...»:

«Մեմորիալի» հաղորդումների համաձայն՝ «ԼՂՀ Բարձրագույն խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք է հայտնել Խոջալուի գրավման ժամանակ դաժանության դեպքերի համար»: «Մեմորիալի» հետ զրույցի ժամանակ պաշտոնատար անձիք չեն հերքել, որ Խոջալուի գրավման ժամանակ կարող է տեղի ունեցած լինեն վայրագություններ, քանի որ հայկական զինված խմբավորումների շարքերում կային զայրացած մարդիկ, ում հարազատները սպանվել էին ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև քրեական անցյալով մարդիկ՝ զայրացած Սումգայթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ վայրերում խաղաղ բնակչության սպանություններով:

Այսօր հայերը և ադրբեջանցիները իսկապես կարող են երկար բանավիճել, թե Խոջալուում խաղաղ բնակչության համար միջանցք եղե՞լ է, թե՞ ոչ կամ ո՞վ է պատերազմում ավելի դաժան եղել: Սակայն, խաղաղ տարիների բարձունքից նայելով՝ իսկապես շատ դժվար է գնահատել այն քաոսը և այն տարիների ու գործողությունների հոգեբանական պատկերները, որոնք ադրբեջանցիներն արել են հայերի նկատմամբ և հակառակը՝ հայերն են արել ադրբեջանցիների նկատմամբ: Դա իսկապես պատերազմ էր, որի մասին հնարավոր է, պետք է խոսեն նրա մասնակիցները՝ նրանք, ովքեր վերագնահատել են պատերազմում իրենց մասնակցությունը՝ վերադարձնելով «մարդկային դեմքը»: Դրա արդյունքում կորցված կյանքերը դժվար թե հնարավոր լինի վերադարձնել կամ փոխել պատմությունը, սակայն նման վերագնահատումը ինչպես հայերի այնպես էլ ադրբեջանցիների կողմից միանշանակ կհանգեցնի նրան, որ «պատերազմ» բառը զգուշավորությամբ կօգտագործվի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: