ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ բարձր մակարդակով տեղի ունեցող հայ-վրացական հանդիպումները՝ միտված երկկողմ բարեկամության ամրապնդմանն ու առկա ընթացիկ խնդիրների լուծմանը, մշտապես անցնում են փոխվստահության մթնոլորտում: 

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Վստահ եմ, որ շնորհիվ նաև այս հանդիպումների, ավելանում է մեր առևտրաշրջանառությունը, ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում: Արդյունքներն ակնառու են և չափելի, ու դա շատ կարևոր է: Վստահ եմ, որ Ձեր այցը ևս իր ներդրումն է ունենալու մեր երկրների միջև փոխգործակցությունը որակապես նոր և ավելի բարձր մակարդակի հասցնելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում: 

Այս տարի մենք Հայաստանում անցկացնելու ենք մի քանի խոշոր միջոցառումներ, որոնցից հատկապես ուզում եմ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որին, հուսով եմ՝ Վրաստանը կմասնակցի բարձր մակարդակով: Բարով եք եկել Հայաստան»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, թե ուրախ է գտնվելու հարևան և բարեկամ Հայաստանում: Վրաստանի վարչապետը նույնպիսի գոհունակությամբ է արձանագրել, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով: Հայաստանի Նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին:

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ, մենք պարոն վարչապետի հետ քննարկել ենք տնտեսական հարաբերություններին և համագործակցության մեր հետագա քայլերին վերաբերող հարցեր: Ինչպես Դուք նշեցիք՝ հոբելյանական տարի ունենք. այս տարի մենք երկուստեք նշում ենք մեր հանրապետությունների հռչակման 100-ամյակը, և հուսով եմ, որ բարձր մակարդակով կնշենք այդ կարևոր հոբելյանը: Դուք խոսեցիք Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման մասին, ես տեղյակ եմ, որ Վրաստանն այդ միջոցառմանը կմասնակցի բարձր մակարդակով: Հուսով եմ՝ մեր հանդիպումները շարունակական կլինեն, մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան: Դրա համար հույս և հավատ են ներշնչում նաև փոխադարձ այցերը»,-  ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Առանձնազրույցից հետո Նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 11.27 կմ/ժ
15 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: