ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Ինչպե՞ս կատարել նվերի ճիշտ ընտրություն. զրույց հոգեբանի հետ

Շուտով մեկնարկում է կանանց մեկամսյակը, որը տղամարդկանց համար լավ հնարավորություն է իրենց սիրելիներին ավելի շատ ուշադրությամբ և ջերմությամբ պարուրելու համար: Սիրո և ջերմության դրսևորման հարցում կարևոր է նաև նվերի ճիշտ ընտրությունը, որը շատ տղամարդկանց համար դառնում է իրական «փորձություն»: Նվերի ճիշտ ընտրության նրբությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է հոգեբան Էլպիդա Բաբայանի հետ:


Մոտենում է Կանանց միջազգային օրը, որը Հայաստանում բավականին սիրված տոն է: Ի՞նչ խորհուրդ կտայիք հատկապես տղամարդկանց: Ի՞նչ է պետք հաշվի առնել սիրելիներին անակնկալներ կամ նվերներ պատրաստելիս:

- Նախ շնորհավորում եմ կանանց՝ գալիք մեկամսյակի կապակցությամբ: Սիրելի՛ կանայք, միշտ եղե՛ք սիրված, լսված, գնահատված, ձեր ներսի արևը վառ պահեք, որովհետև դուք եք ձեր շուրջը լույսով լցնում, միայն ձեր ջերմությունից ու սիրուց լցված են տղամարդիկ դառնում հերոս, պաշտպան, հոգատար։ Սիրե՛ք, գնահատե՛ք ինքներդ ձեզ: Ամեն օր ժպիտով դիմավորեք ձեզ հայելու մեջ և հրաշքները երկար սպասեցնել չեն տա։ Սովորե՛ք ապրել սիրո ալիքի վրա, հատկապես գարնանը դա առավել հեշտ է տրվում։

Իսկ ինչ վերաբերում է նվերի ընտրության հարցին, ապա կարելի հստակ փաստել, որ նվերներ ընտրելը շատ մարդկանց համար բարդագույն խնդիր է, որովհետև կա լայն ընտրություն, և որքան լայն է այդ ընտրությունը, այնքան կենտրոնանալ ավելի դժվար է լինում:

Մարդիկ նվեր ստանալիս հստակ տարբերակում են՝ դա մտածված «հատուկ» իրենց համար ընտրված նվեր է, թե պարզապես պարտքի զգացումից դրդված ընտրություն: Մարդիկ գերագույն հաճույք են ստանում, երբ իրենց «Ես»-ն այդքան կարևորում են, որ ֆիքսում են յուրաքանչյուր տեղեկություն և այդ հավաքագրած ինֆորմացիայի հիման վրա կատարում ընտրություն: Այդ բարդ ընտրությունից խուսափելու նկատառումներից դրդված՝ շատերը գերադասում են պարզապես գումար նվիրել, բայց դա լավագույն ընտրությունը չէ, որովհետև տվյալ դեպքում կամ վատնում ենք ոչ նպատակային, կամ եթե նույնիսկ նվեր ենք ընտրում մեզ համար, ապա նվիրողի գործոնը նվազում է, ընտրությունը կատարել ենք մենք, և հետագայում այդ իրը դժվար թե ասոցացվի նվիրողի հետ:

Որպեսզի հեշտ լինի ընտրելը, պարզապես ուշադիր հետևեք ձեր կանանց, ֆիքսեք ամեն մանրուք՝ ինչ գույն է նախընտրում, ինչ ծաղիկ է սիրում, անձնական օգտագործման պարագաները գերադասում է ինքն ընտրել, թե՞ նվիրածները ևս օգտագործում է: Լինում են շատ բարդ ընտրվող նվերներ, օրինակ՝ օծանելիքը, քանի որ պետք է հստակ իմանալ՝ ինչ բույր է նախընտրում կինը, հակառակ դեպքում՝ նվերը կձախողվի:

Կան հոգեբանների կատարած մի շարք հետազոտություններ, որոնք կարող են հուշող օգնություն տրամադրել, օրինակ՝ կապ չունի նվերի չափը, բայց շատ կարևոր է, որ այն մեծ տուփով մատուցվի, մեծ մարդիկ նույնիսկ  փոքրիկի նման հրճվանք են ապրում, երբ մեծ տուփով նվեր են ստանում: Նվերը որպես զգացմունքի արտահայտում՝ «որքան մեծ է տուփը, այնքան ուժեղ է սերը», այդպես են պնդում ամերիկացի հոգեբանները: Հրաշքը պետք է մեծ լինի: Նույնիսկ փոքրիկ գրիչը կարելի է դնել մեծ տուփի մեջ, որը լի է կոնֆետներով կամ փայլփլուն թղթերով և նվիրել:

Կա ևս մեկ հուշում, որը քիչ ավելի բարդ է, եթե կարողանաք պարզել մարդու ռեպրեզենտատիվ  համակարգը (հասկանալու և ինֆորմացիայի ընկալման համակարգ), ապա նվեր ընտրելը անհամեմատ հեշտ կլինի: Հարցրեք` ինչ է ցանկանում ստանալ նվեր և ուշադիր հետևեք շարժումներին, եթե հայացքը իջեցնի ներքև, ուրեմն գործ ունեք կինեստետիկի հետ, ում համար շատ կարևոր են զգացողությունները, ուրեմն նվերը պետք է լինի փափուկ, տաք, շոշափման համար հաճելի, լավ բույր կամ համ ունենա: Եթե հայացքը վեր բարձրացնի, ուրեմն ձեր դիմաց վիզուալ է, հետևաբար նվերը պետք է լինի միանշանակ գեղեցիկ, այնպիսի մի բան, որ աչք շոյի: Եթե հայացքը աջ ու ձախ է տանում, ապա գործ ունեք աուդիալի հետ, որից ենթադրում է, որ նվերը պետք է գեղեցիկ հնչի, վստահորեն ընտրեք գեղեցիկ հնչողություն ապահովող նվեր:

Բայց այս ամենից զատ, լսեք ձեր սրտին, եթե դուք սիրում եք նրան, ում նվեր պետք է մատուցեք, ապա դուք արդեն մի ալիքի վրա եք, և սիրտը չի սխալվի ընտրության հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6.44 կմ/ժ
21 C°
 
13°  24° 
23.09.2018
12°  25° 
24.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: