ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը դրական դեր է խաղում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Ռուսաստանի ԱԳ փոխնախարար (ԲԱՑԱՌԻԿ)

TASS

2017թ.-ի վերջին բավական ակտիվացան քննարկումները 2011թ-ի ռուս-վրացական Համաձայնագրի կյանքի կոչման վերաբերյալ: Համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև այլընտրանքային միջանցքների ստեղծում, որոնք բավական կարևոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: 2011թ.-ի Համաձայնագրի կյանքի կոչման գործընթացի, ռուս-վրացական հարաբերությունների և Հայաստանի հնարավոր դերակատարման վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

 

-2017 թվականի դեկտեմբերին Վրաստանը SGS-ի հետ պայմանագիր կնքեց: Ի՞նչ փուլում են ռուսական կողմի և շվեյցարական ընկերության միջև բանակցությունները: Ե՞րբ կարելի է ակնակալել պայմանագրի կնքումը:

- Կարող եմ փաստել, որ ավարտվել են պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, ինչպես նաև ավարտված են անհրաժեշտ ներռուսական համաձայնեցումները: Մոտ ժամանակներս Դաշնային մաքսային ծառայությունը կկնքի պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ անհրաժեշտ փաստաթուղթը՝ SGS-ի ֆինանսավորման աշխատանքների կարգի մասին միջկառավարական համաձայնագիրը: Դրանից հետո կսկսվի մաքսային վարչարարության և տարածաշրջանային առևտրի մոնիթորինգի վերաբերյալ 2011 թվականի ռուս-վրացական համաձայնագրի գործնական իրականացումը:

- Արդյո՞ք հաղթահարելի են 2011թ.-ի Համաձայնագրի առանձին կետերի վերաբերյալ տարաձայնությունները և դրանք չե՞ն խոչընդոտի Համաձայնագրի կյանքի կոչմանը:

- Համաձայնագրի դրույթների վերաբերյալ կողմերի միջև տարաձայնություններ չկան: Դրանք չեն էլ կարող լինել. այս միջազգային պայմանագրի տեքստը միանշանակ է և թույլ չի տալիս կամայական մեկնաբանություններ. կողմերի բոլոր պարտավորությունները սևով սպիտակի վրա հստակ գրված են: Այլ հարց է, որ Մոսկվան և Թբիլիսին համաձայնագրի քաղաքական իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում: Սակայն, դա իսկզբանե հայտնի էր և Համաձայնագրի գործնական իրականացմանը ոչ մի կերպ չի խանգարում:

Իրականում, հունվարի 31-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ.Աբաշիձեի հետ հանդիպման ժամանակ քննարկումների արդյունքը եղավ ընդամենը մի հայտարարություն՝ կարևորը ոչ թե մեկնաբանություններն են, այլ համաձայնագրի բարեխիղճ իրականացումը՝ խստորեն պահպանելով դրա պայմանները:

- Կարծիք կա, որ ռուս-վրացական տրանսպորտային միջանցքների բացումից կշահի միայն Հայաստանը: Ի՞նչ կտա  2011 թ.-ի Համաձայնագրի իրականացումը կողմերից յուրաքանչյուրին և ամբողջ տարածաշրջանին ընդհանրապես:

-  Ռազմական-վրացական ճանապարհով հաղորդակցության անկայունությունը խնդիրներ է ստեղծում տարածաշրջանային առևտրի բոլոր մասնակիցների համար՝ առանց բացառության: Ուստի, լրացուցիչ, այլընտրանքային երթուղիների բացումը ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի և հարակից շրջանների բոլոր պետությունների շահերից է բխում: Ի դեպ, դրանում օբյեկտիվորեն շահագրգռված է նաև Վրաստանը, որի առևտուրը Ռուսաստանի հետ դինամիկորեն աճում է:

- Որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման հնարավորությունը: 2018-ին երկկողմ հարաբերություններում կարելի՞ է բեկում ակնկալել: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը որևէ դերակատարում ունենալ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

- Վերջին հինգ տարիների ընթացքում ռուս-վրացական երկխոսության փորձը ցույց է տվել, որ հիմնարար հարցերի շուրջ առկա տարաձայնությունները չեն խանգարում որոշակի ոլորտներում մեր հարաբերությունների առողջացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին: Ես նկատի ունեմ՝ տնտեսությունը, տրանսպորտը, հումանիտար ոլորտը, որտեղ շոշափելի արդյունքներ կան: Ռուսաստանը, ինչպես նախկինում, տրամադրված է Վրաստանի և վրաց ժողովրդի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն: Մեր կողմից խոչընդոտներ չկան, և առաջընթացը կախված է միայն Թբիլիսիի քաղաքական կամքից և իրատեսությունից: Մենք պատրաստ ենք վրացական կողմի հետ շփումների՝ ցանկացած մակարդակով: Գլխավորն այդ շփումների բովանդակությունը որոշելն է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինձ թվում է, որ նա արդեն բավական դրական դեր է խաղում: Ի վերջո, ձեր երկրի ակտիվ դիրքորոշումն՝ ի նպաստ տարածաշրջանային առևտրի զարգացման, կողմերի համար ծառայում է որպես լրացուցիչ խթան՝ հնարավորինս արագ սկսել 2011 թ.-ի Համաձայնագրի իրականացումը՝ պրագմատիկ, ապաքաղաքականացված ձևով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: