ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում արդյոք կդառնա՞ առավել ագրեսիվ

ALTERNEWS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ անակնկալի բերեց ողջ աշխարհին, հատկապես երկրի արդեն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Ուշագրավ է, որ ինչպես և ողջ աշխարհը, այնպես էլ անձամբ Թիլերսոնն իր պաշտոնանկության մասին տեղեկացավ Twitter-ից: Իսկ այն բանից հետո, երբ Թիլերսոնի տեղակալ Սթիվի Գոլդշթեյնը հայտարարեց, որ պետքարտուղարը չի խոսել նախագահի հետ և իրեն ոչինչ հայտնի չէ նման որոշման պատճառների մասին, Գոլդշթեյնին ևս հեռացրին աշխատանքից:

ԱՄՆ նախագահը երկրի պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրել է 54-ամյա Մայք Պոմպեոյի թեկնածությունը, ով մինչ այժմ մեկ տարուց ավել ղեկավարել է ԿՀՎ-ն: Այժմ, եթե Կոնգրեսն ապրիլին հաստատի նրա թեկնածությունը, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը կստանձնի մարդ, ով արդարացնում է Գուանտանամո բանտում իրականացվող բռնությունները և իսլամն անվանում է սպառնալիք ԱՄՆ-ի համար: Տվյալ պահին կարելի է ասել՝ կասկած չկա, որ Կոնգրեսը կհաստատի նրան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Ինչևէ, Թրամփն արդեն կատարել է իր որոշումը և հիմնավորել այն որոշ հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թիլերսոնի հետ ունեցած տարաձայնություններով:

Դժվար է հստակ ասել, թե ինչ քայլերի կդիմի Պոմպեոն՝ կապված մի շարք միջազգային կարևոր խնդիրների հետ, ինչպիսին են Սիրիական հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագիրը և այլն: Դատողություններ առայժմ կարելի է անել՝ հիմնվելով նրա նախկին հարցազրույցների վրա:

Ակնհայտ է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում նա շատ ավելի ծայրահեղական հայացքներ ունի, քան Ռեքս Թիլերսոնը: Խոսելով 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային պայմանագրի մասին՝ Պոմպեոն ասել է, որ անհամբերությամբ սպասում է հնարավորության, երբ հնարավոր կլինի չեղարկել «ահաբեկչության համար աշխարհի խոշորագույն հովանավոր հանդիսացողի» հետ կնքված գործարքը: Դեռևս 2014 թվականին նա հայտարարել էր, որ իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ ռազմական հարվածները շատ ավելի արդյունավետ կարող են լինել, քան ցանկացած դիվանագիտական քայլ: 2017 թվականին իր հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է, որ Իրանը պատասխանատու է Իրաքի, Եմենի և որոշ այլ երկրների քաոսի համար, և այդ ամենին պետք է վերջ տալ: Նա բազիմցս քննադատել է Իրանի և Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում: Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը կապ ունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ, որին, ի դեպ,  լուրջ սպառնալիք է անվանել ԱՄՆ-ի և Եվրոպայի համար: 2016 թվականին Պոմպեոն պահանջեց, որպեսզի ԱՄՆ նահանգներից մեկում գտնվող մզկիթը չեղյալ հայտարարի իմամի ելույթը, ով տասնամյակներ առաջ գովաբանել էր ՀԱՄԱՍ-ը: Արդյունքում միջոցառումը չեղյալ էր հայտարարվել:

Իր հարցազրույցներում անդրադառնալով Սիրիական հակամարտությանը՝ Պոմպեոն նշել էր, որ չի կարող պատկերացնել «կայուն Սիրիա» Բաշար Ասադի նախագահությամբ: Նրա խոսքով, Ասադն Իրանի խամաճիկն է: Հաշվի առնելով այս ամենը՝ չի բացառվում, որ վերոնշյալ հարցերում Պոմպեոն կորդեգրի առավել ագրեսիվ դիրքորոշում, քան ԱՄՆ վարչակազմն ուներ մինչ այժմ:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինս առանձնապես ուշադրության չարժանացրեց ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումը՝ չնայած այն հանգամանքին, որ Պոմպեոն հանդիսանում է Իսրայելի մեծ բարեկամ: Ո՛չ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ո՛չ երկրի ԱԳՆ-ն պաշտոնական շնորհավորանք չեն հղել Պոմպեոյին՝ կապված իր նշանակման հետ: Պոմպեոյին Իսրայելից շնորհավորել է միայն նրա հետ նախկինում մի քանի հանդիպում ունեցած Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրաել Կացը՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում և շնորհակալություն հայտնելով Իսրայելին ցուցաբերած աջակցության համար:

Պամպեոն Իսրայելում եղել է 2015 թվականին, երբ դեռ սենատոր էր Կանզասից: Նա այն ժամանակ հայտարարեց, որ իրանական միջուկային գործարքին դիմակայելու Նեթանյահուի ջանքերը գերազանց են և արժանի են բարձր գովասանքի: Միգուցե Պոմպեոն կդառնա վերջին տասնամյակների ընթացքում ամենից իսրայելամետ պետքարտուղարը:

Նշենք, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավարը նշանակվում է պետքարտուղարի պաշտոնում: Նա արդեն հայտարարել է, որ աշխատելու է ի շահ իր երկրի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: