ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական հակամարտությունը 7 տարի անց

Reuters

Օրերս լրացավ նորագույն պատմության ամենաարյունալի հակամարտություններից մեկի՝ Սիրիական հակամարտության 7-րդ տարին: Նշենք, որ ռազմական գործողությունների այս 7 տարիների ընթացքում, տարբեր տվյալներով, զոհվել է մոտ 500 հազար, վիրավորվել ավելի քան մեկ միլիոն մարդ, մոտ 12 մլն սիրիացի էլ ստիպված է եղել լքել իր տունը կամ հայրենիքը:

Թեև հակամարտող կողմերի հիմնական տարաձայնություններից է շարունակում մնալ Սիրիայի ապագայում նախագահ Բաշար Ասադի դերակատարման հարցը, սակայն պետք է նկատել, որ այս 7 տարիների ընթացքում հակամարտությունն էական վերափոխումներ է ապրել:

Այսպես, հակամարտության 7 տարիների ընթացքում Սիրիայում ակտիվ ռազմական գործողությունների կողմեր են եղել Սիրիայի կառավարական զորքերը և այսպես կոչված զինված ընդդիմությունը, այնուհետև տարբեր իսլամիստական ծայրահեղական խմբավորումները, Սիրիայի տարածքի որոշ հատվածներում գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հռչակած խալիֆաթը, որն այսօր համարվում է ոչնչացված: Այժմ Սիրիան ռազմական գործողությունների անուղղակի թատերաբամի է վերածվել արտաքին դերակատարների համար: Ընդ որում, վերջիններիս կազմը ևս այս 7 տարիների ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե հակամարտության առաջին տարիներին դրա ակտիվ դերակատարներն էին Արևմուտքը (ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Եվրոպան), Թուրքիան, Պարսից ծոցի միապետությունները և Իրանը, Հզբոլլահը, ապա այսօր եվրոպական երկրների և Ծոցի միապետությունների դերակատարումը սիրիական հակամարտությունում հասցված է մինիմալի: Միևնույն ժամանակ, հակամարտության սկզբնական շրջանի համեմատ կարգավորման գործընթացում նկատվում է ԱՄՆ-ի դիրքերի թուլացում և հակառակը՝ Ռուսաստանի դիրքերի ամրապնդում: Սա հնարավոր դարձավ ոչ միայն հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտության, այլ նաև սիրիական հակամարտության հարցում Ռուսաստան-Իրան-Թուրքիա «դաշինքի»  ստեղծման շնորհիվ: Վերջինս նաև մեծացրեց Թուրքիայի ազդեցությունը սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում: Բացի այդ, եթե հակամարտության սկզբում Անկարան ուղղակի աջակցություն էր ցուցաբերում սիրիական զինված ընդդիմությանն, այսօր նա արդեն ռազմական գործողություններ իրականացնում հարևան երկրի հյուսիսային շրջաններում՝ պայքարելով քրդերի դեմ:

Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին, նշենք, որ միջազգային հանրության ջանքերն այս տարիների ընթացքում առանձնակի արդյունք չեն տվել: ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ժնևյան գործընթացը, որը շարունակվում է արդեն 6 տարի, կարելի է ձախողված համարել: Այսօր կարգավորման հետ կապված որոշակի լավատեսություն է առաջացնում Աստանայի գործընթացը, սակայն այստեղ ևս չպետք է մոռանալ, որ երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, միանգամայն հակառակ նպատակներ են հետապնդում Սիրիայում: Այսպես, Թուրքիան, ի տարբերություն Իրանի և Ռուսաստանի, հակված չէ Ասադի իշխանության պահպանմանը:

Վերադառնալով Ասադի ճակատագրին՝ նշենք, որ թեև այն շարունակում է առանցքային մնալ սիրիական համակարտության կարգավորման համատեքստում, սակայն այստեղ ևս որոշակի փոփոխություններ կան. միջազգային հանրությունը շարունակում է պնդել Ասադի հրաժարականի հարցում, սակայն այդ պնդումները նախկինի նման կատեգորիկ չեն:

Ռուսաստանի աջակցությունը պաշտոնական Դամասկոսին հող ստեղծեց ոչ միայն Ասադի իշխանության, այլ նաև միասնական Սիրիայի պահպանման համար: 7 տարի անց Ասադը կրկին վերահսկում է երկրի տարածքի զգալի մասը և շարունակում է ընդլայնել այն:

Ինչով կավարտվի սիրիական հակամարտությունն անգամ այսօր դժվար է կանխատեսել, սակայն մի բան մնում է հստակ՝ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը դեռ երկար տարիներ կշարունակվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: