ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանի այցն ԱՄՆ իսկապես բարձր մակարդակով էր կազմակերպված. Նաիրա Կարապետյան (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ:

 

- Տիկի’ն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ: Ի՞նչ կարևորություն այն ունի:

- Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցն ԱՄՆ կարելի է անվանել մեկ մեծ քայլ առաջ դեպի արդարության վերականգնում` Արցախի հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Սա դասական քաղաքական քայլ է՝ լսելի դարձնելու հակամարտության կիզակետում ապրող ժողովրդին, ընդ որում անմիջապես Արցախի նախագահի միջոցով. մի պետություն, որը թեկուզ և ճանաչված չէ, բայց փաստացի կայացած է և իր ժողովրդավարության մակարդակով կարող է փայլուն օրինակ լինել շատ ու շատ պետությունների համար:

Միանշանակ է, որ Բակո Սահակյանի այցը և նրա հանդիպումներն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ դեռ մեծ գործընթացի սկիզբն են: Կարևոր եմ համարում այն փաստը, որ այցելությունն իսկապես բարձր մակարդակով էր կազմակերպված, անգամ արարողակարգային չնչին թվացող մանրուքները, օրինակ, Արցախի Հանրապետության և ԱՄՆ դրոշները Սենատում, հաշվի էին առնված: Նման այցն անգնահատելի կարևորություն ունի Մինսկի խմբի համանախագահ երկրում Ղարաբաղյան հիմնախնդրի օբյեկտիվ ընկալման ապահովման տեսանկյունից: 

Իհարկե, այս տարիների ընթացքում հայկական կողմերը բազմիցս են հնչեցրել այն տեսակետը, որ որևէ կերպ չի կարելի Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել որպես տարածքային խնդիր, այլ այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայքար է: Բայց այս ամենը լսել պաշտոնապես Արցախի հանրապետության նախագահի և նրա պատվիրակության անդամների կողմից, որի կազմում էին Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ, շատ մեծ քայլ է Արցախի հիմնախնդրի համապարփակ ընկալման համար:

 Կարծում եմ՝ այստեղ նաև պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի ղեկավարության ապիկար և իրարամերժ հայտարարություններին` Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների, տարբեր պատգամավորների և պաշտոնյաների ակնհայտ ռազմատենչ, ագրեսիվ և հայատյաց հայտարարությունների վրա: Մեծ քաղաքականությունը նման փնթիությունը չի ներում. եթե մի պետություն կողմ է հանդես գալիս խաղաղ կարգավորմանը և միաժամանակ հայտարարում է, օրինակ, որ իր երկրի դրոշը դեռ ծածանվելու է հարևան խաղաղ երկրում (զավթելու հետևանքով, իհարկե), ապա այդ պետությունը կտրուկ կորցնում է իր կշիռն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այսօր Ադրբեջանը ընկալվում է ոչ միայն որպես բռնապետություն, այլև անհուսալի և անկանխատեսելի միավոր:

 

- Արցախի արտաքին քաղաքականության ակտիվացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Արցախի սուբյեկտայնությունն էլ ավելի բարձրացնելու համար:

 - Միանշանակ պետք է շարունակել համատեղ աշխատանքներն՝ այլ երկրներ ևս նման այցելություններ կատարելու և հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Թեև Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին դեռևս վերականգնված չէ, սակայն նրա ներկայությունը միջազգային դիվանագիտական օղակներում խիստ նպաստավոր է:

Նաև կարծում եմ, որ քաղաքական աշխատանքներին զուգահեռ պետք է աշխատանքներ տանել Արցախի Հանրապետության ներկայությունը, թեկուզ և դեռևս ոչ ֆորմալ կերպով ապահովելու միջազգային լայն հարթակներում` հասարակական, գիտական, մշակութային, սպորտի և այլն` աշխարհին ներկայացնելով իր գոյությունը, ժառանգությունը, նվաճումները: Որպես օրինակ կարող եմ բերել վերջերս լայն արձագանք ստացած «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ մարտի 13-ից 15-ը  Ստրասբուրգում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Այսօրինակ միջոցառումները հոյակապ առիթ են միջազգային հանրությանը ծանոթացնելու Արցախի մեծ պոտենցիալի հետ, ինչը և իր հերթին կչեզոքացնի մեր հարևանների շատ ու շատ հորինված, հաճախ և զառանցանք հիշեցնող ամպագորգոռ հայտարարությունները: Իլհամ Ալիևը մի բան այդպես էլ չհասկացավ` արդարությունը միշտ էլ հաղթում է. ուշ թե շուտ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: